Ալիեւի շտանդարտը

Ալիեւի շտանդարտը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի դրոշ ստեղծելու մասին: Կառավարությանը հանձնարարվել է եռամսյա ժամկետում իրականացնել հրամանագրից բխող անհրաժեշտ քայլեր: Ըստ մամուլի, այդ դրոշը կխորհրդանշի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին եւ կունենա երեք տարբերակ: Առաջինը՝ որպես բնօրինակ, կպահվի Ադրբեջանի նախագահի ծառայողական աշխատասենյակում: Երկրորդ կրկնօրինակը կօգտագործվի այն դեպքերում, երբ նախագահը՝ որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, կայցելի որեւէ զորամաս, ռազմական նշանակության օբյեկտ կամ կբարձրանա ռազմական նավ: Այդ դեպքերում դրոշը կբարձրացվի համապատասխան շենքի, շինության կամ ռազմանավի վրա՝ ի նշան գերագույն գլխավոր հրամանատարի ներկայության: Երրորդ օրինակը ծավալով կլինի փոքր եւ կօգտագործվի այն տրանսպորտային միջոցների վրա, որով Ադրբեջանի նախագահը շրջագայելիս կլինի որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար:

Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի նախագահի այս քայլը՝ դժվար չէ ենթադրել: Իլհամ Ալիեւը հայտնվել է բավականին բարդ ներքաղաքական իրավիճակում: Ընդդիմադիր ուժերը փորձում են գնալ համախմբման՝ նախապատրաստվելով եկող տարի սպասվող խորհրդարանական ընտրություններին: Լրջագույնս քննարկվում է տեղական ինքնակառավարման համակարգում արմատական փոփոխությունների հարցը: Real շարժման առաջնորդ Իլգամ Մամեդովն արձանագրել է աննախադեպ հաջողություն, կարողացել է շուրջ հիսուն հազար ստորագրություն հավաքել եւ ներկայացնել խորհրդարանին՝ Բաքվում քաղաքապետի ուղղակի ընտրություններ անցկացնելու հարցով: Ներկայումս իշխանությունները հատուկ հանձնաժողով են ստեղծել, որն ուսումնասիրում է ստորագրությունների վավերականությունը: Կարելի է ենթադրել, որ վերջնարդյունքում դրանք հայտարարվելու են կեղծված:

Ադրբեջանի իշխանությունը չի կարող գնալ Բաքվի եւ մի քանի այլ խոշոր քաղաքներում ինքնակառավարման մարմինների ուղղակի ընտրությունների: Դա հղի է Ալիեւի իշխանության կորստի հեռանկարով: Չի բարելավվում սոցիալ-տնտեսական իրավիճակը: Միջազգային կառույցներն ընթացիկ տարում Ադրբեջանի համար կանխատեսում են ՀՆԱ-ի ընդամենը 1,5-2 տոկոսի աճ: Այս համապատկերին ռազմական ահռելի ծախսերը պատկերվում են միանգամայն անիմաստ եւ աննպատակ: Ռազմական հատկացումների առյուծի բաժինը գնում է անվտանգության մարմիններին եւ ներքին զորքերին: Այլ կերպ ասած՝ Ալիեւի իշխանությունը պահվում է միայն տոտալ ոստիկանական հսկողության միջոցով: Նման իրավիճակում Ալիեւը գնում է, այսպես ասած, ռազմա-հայրենասիրական պաթոսը բարձրացնելու որոշման եւ հիմնում է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի դրոշ: Բայց այն ավելի շատ խորհրդանշելու է ոչ թե ադրբեջանական բանակի, այլ Ալիեւի անձնական իշխանության հեղինակությունը: