«Միասնություն» դաշինքի լքված ժառանգությունը

«Միասնություն» դաշինքի լքված ժառանգությունը

Դաշինքի ոտնահետքերով. նախօրեին

1999 թվական. ահռելի չափերի հասած գործազրկություն, աղքատություն, թշվառություն ու արտագաղթ: Մարդիկ երազում էին ունենալ աշխատանք, հաց ու երաշխավորված ապագա: Երկրում չկար մի անհատ, որն այդ խնդիրները լուծելու համար ունենար անհրաժեշտ բոլոր որակները: Ակնհայտ էր, որ դա մեկ մարդու ուժի բանը չէ: Իսկ նրանք, ովքեր ի զորու էին դա անել, գտնվում էին քաղաքական հակադիր բեւեռներում: ՀՀՇ կուսակցությունը հեռացել էր իշխանությունից՝ արենան թողնելով արցախյան դատը պաշտպանող «Երկրապահին», որն իր քաղաքական բյուրեղացումը ստացավ ընդլայնված Հանրապետական կուսակցության շարքերում: Նոր քաղաքական ուժի անդամները, որոնց առաջնորդն էր Վազգեն Սարգսյանը, 1998թ. մարտի վերջին տեղի ունեցած նախագահական ընտրություններում աջակցել էին Ռոբերտ Քոչարյանին:

Ի տարբերություն նախորդ նախագահի, վերջինիս խնդիրն էր՝ զերծ մնալ պարտվողական մոտեցումից եւ բանակցություններում որդեգրել Արցախի անկախությանը միտված կոշտ դիրքորոշում: Բայց դա երկար տեւել չէր կարող, եթե երկիրը չունենար ամուր տնտեսություն ու ներքին կայունություն: Եկել էր տնտեսական ու սոցիալական վերելքի ապահովման ժամանակը: Ակնհայտ էր, որ օրեցօր թափ առնող Հայաստանի հանրապետական կուսակցությունը միայնակ չէր կարող լուծել ծառացած խնդիրները: Հարկավոր էր դաշնակից: Իսկ հանրության լայն շերտերի համակրանքը վայելող Հայաստանի ժողովրդական կուսակցությունը կհամաձայնե՞ր, արդյոք, դաշնակցել մի ուժի հետ, որն ընդամենը երեկ իր մրցակիցն էր, եւ դեռ չէին խաղաղվել ետընտրական խռովահույզ տրամադրությունները:

Պառակտումը բացառելու ճանապարհով

Թե՛ ՀԺԿ առաջնորդ Կարեն Դեմիրճյանի եւ թե՛ ՀՀԿ առաջնորդ Վազգեն Սարգսյանի շրջապատում քիչ չէին մարդիկ, որոնք, մեղմ ասած, այնքան էլ ոգեւորված չէին նրանց միջեւ հնարավոր դաշինքի գաղափարից: Ականատեսի ու մասնակցի բծախնդրությամբ վերհիշելով անցյալի այդ դրվագները, անհնարին է չխոնարհվել այդ երկու հսկաների իմաստնության առջեւ, ովքեր կարողացան վեր կանգնել անձնական նեղ ընկալումներից ու առաջնորդվել բացառապես երկրի շահերով: Հատկապես դա դժվար էր Կարեն Դեմիրճյանի համար, որի շուրջը հավաքվածները լուրջ կասկածներ ունեին նախագահական ընտրությունների ողջ գործընթացի արդարացիության վերաբերյալ եւ նույնիսկ լռելյայն դժգոհում էին իրենց առաջնորդից արմատական քայլերի չդիմելու համար: Սակայն այս հարցի հիմնավոր պատասխանը տվել է Կարեն Դեմիրճյանը 1998 թ. նախագահական ընտրությունների 2-րդ փուլից մի քանի օր անց՝ապրիլի 2-ին: Ահա թե ինչ է նա նշել իր այդ բացառիկ հայտարարության մեջ. «Ինձ քաջ հայտնի են յուրաքանչյուրիդ հոգեկան ապրումները…

Սակայն այս պահին ես հարկ չեմ համարում խոսել խախտումների եւ օրինազանցությունների մասին: Հասարակության պառակտումը ես համարում եմ անթույլատրելի երեւույթ, որը մեծապես կարող է վնասել մեր ազգին, նրա առջեւ ծառացած հրատապ հիմնախնդիրները լուծելու գործին: Ես կոչ եմ անում բոլորին, անկախ նրանից, թե ով ում է ձայն տվել, երկուստեք ձերբազատվել ընտրական կրքերից, որոնք ինչքան էլ արդարացի, նույնքան էլ հայավնաս կարող են լինել: Ուստի լինենք համբերատար եւ կազմակերպված, զուսպ ու գործունյա, նայենք հեռուն եւ քայլենք վստահ»: Այսքան վեհանձնություն, վճռական պահին իր ժողովրդի բախտի հանդեպ այսպիսի պատասխանատվություն կարող էր հանդես բերել միայն մեծ հոգու տեր մարդն ու հայրենասերը: Դրսեւորելով հավասարակշիռ կեցվածք՝ առանց ամբիցիաների ու վիրավորվածության, Կարեն Դեմիրճյանը չգնաց առճակատման ճանապարհով: «Սուրը պատյանից չհանելով» հանդերձ, նա միաժամանակ յուրօրինակ ձեւով ի ցույց դրեց իր կերպարով արտահայտված ժողովրդի զորությունն ու «զարկը» խնայելու մեծահոգությունը:

Ձեռքսեղմման առաջարկություն

1999 թ. մարտի 24-ին Վազգեն Սարգսյանը նամակով դիմեց Կարեն Դեմիրճյանին. «Մեծարգո պարոն Դեմիրճյան…շրջադարձային այս ծանր ու պատասխանատու իրավիճակում ոչ մի առանձին քաղաքական ուժ կամ անհատ ի վիճակի չէ երկիրը բարձրացնել դժվարին կացությունից: Անցած տարիների անհաջողությունների գլխավոր պատճառներից մեկը հենց ուժերի փոշիացումն էր: Այսօր ակնհայտ է, որ արմատական փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ է մեր ժողովրդի եւ հասարակական-քաղաքական ուժերի ու անհատների առավել միասնություն ու համախմբում: Ուստի մեր ազնիվ դաշնությունն ենք առաջարկում՝ համատեղ լուծելու պետության ու ժողովրդի առջեւ ծառացած տնտեսական, քաղաքական եւ անվտանգ ապագայի ապահովման հիմնախնդիրները»:

Ակնհայտ է, որ դաշինքի ստեղծման նախաձեռնությունը եկավ Վազգեն Սարգսյանից: Կարեն Դեմիրճյանն այդ պահին ինքը՝ ժողովուրդն էր: Միացումը նրա հետ՝ նշանակում էր միացում ժողովրդի հետ կամ, որ նույնն է՝ վերադարձ դեպի ժողովուրդը եւ հրաժարում ընտրական գործընթացներում բացասական երեւույթներից, մի բան, որն այնպե՛ս անհրաժեշտ էր մինչ այդ ժողովրդի սառը վերաբերմունքից հետեւություններ արած Վազգեն Սարգսյանին: Սակայն նման միավորման համար կար շատ ավելի խորքային պատճառ. ամեն ինչ պատերազմին տված, դրա փոխարեն հպարտություն ձեռք բերած Վազգեն Սարգսյանի համար այդ դաշինքը դառնում էր օդ ու ջրի պես անհրաժեշտ նաեւ այն պարզ պատճառով, որ իր ու ընկերների տարիների վաստակը կարող էր պարզապես ջուրն ընկնել, եթե երկիրը չունենար հզոր տնտեսություն: «Պատերազմը հերոսության դաշտից տեղափոխվել է տնտեսական դաշտ»,-շեշտադրում էր նա: Կասկածից վեր էր, որ ապագա հնարավոր պատերազմը լինելու էր նաեւ տնտեսությունների պատերազմ: Իրավիճակը պահանջում էր տնտեսությունը ոտքի կանգնեցնել մասնավոր հիմքի վրա, բայց պետության կարգավորիչ գործառույթի ուժեղացմամբ: Ոչ ոք չէր կարող այդ գաղափարախոսությանն ավելի լավ միս ու արյուն հաղորդել, քան Կարեն Դեմիրճյանը, ով դեռեւս խորհրդային տարիներին կարողացել էր իրականացնել բազմաթիվ ձեռնարկությունների վերափոխում ու վերամասնագիտացում՝ դարձնելով դրանք ավելի քիչ էներգատար, ավելի քիչ ռեսուրսատար, անվտանգ ու էկոլոգիապես մաքուր:

Կարեն Դեմիրճյանի երկարամյա գործունեության հիմքում դրված էր եղել հենց ա՛յդ հայեցակարգային մոտեցումը: Վազգեն Սարգսյանը դա հրաշալի էր հասկանում եւ գիտեր, որ նոր իրավիճակում նա կարող էր անգնահատելի դերակատարություն ունենալ: Պատահական չէր այդ հայտնի նամակում համոզվածություն հայտնվում, որ Կարեն Դեմիրճյանի մասնակցությունը նորօրյա պետականության կերտման գործում «հնարավորություն է ընձեռում հաղթահարելու հետպատերազմյան դժվարությունները»: Իր առաքելությունը խորապես գիտակցող քաղաքական ու պետական գործիչը չէր կարող չսեղմել անկեղծորեն իրեն մեկնած ձեռքը. մարտի 30-ին «Միասնություն» դաշինքը ստացավ պաշտոնական գրանցում: Իսկ մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում այն դարձավ իշխանություն ձեւավորող հիմնական ուժը:

Փոխլրացում 

Այո՛, դաշինքի ստեղծման նախաձեռնությունը եկավ Վազգեն Սարգսյանից: Բայց այն անհրաժեշտ էր երկու գործիչներին էլ: Դաշինքի կողմերը փոխլրացնում էին միմյանց: Այդ միությամբ նրանցից յուրաքանչյուրը ձեռք էր բերում նոր ուժ ու նոր որակ: Պատմության մեջ շատ չեն այդպիսի բարեբախտ միասնությունները, որոնք դարձել են պատմական երեւույթ: Կարեն Դեմիրճյանի համար հաջողված դաշինքը հնարավորություն էր տալիս վերականգնելու երբեւէ խաթարված իր հեղինակությունը:

Վերջին հաշվով, նա երբեք չէր կարող մոռանալ, որ տասը տարի առաջ իրեն սուլելով հեռացրել էին հարթակից՝ Արցախի հիմնախնդիրը «չլուծելու» համար: Իսկ հիմա, երբ ինչ-որ չափով ուրվագծվում էր այդ խնդրի լուծման հեռանկարը, նույն ժողովուրդն ակնկալում էր նրա վերադարձն ու կառավարման բարձրագույն օղակներում պատասխանատվության ստանձնումը: Հենց Կարեն Դեմիրճյանի կառավարման տարիներն էին մարդկանց հիշողության մեջ մնացել որպես բարեկեցիկ կյանքի տարիներ: Ճիշտ է, հիմա պայմաններն այլ էին, բայց համաժողովրդական հավատն այն հենքն էր, որի պարագայում կարող էին գտնվել արդյունավետ լուծումներ: Կարեն Դեմիրճյանի համար դա հնարավորություն էր՝ վերստին ապացուցելու, որ խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի ժամանակներում ինքն ասելիք եւ անելիք ունի: Ուստի նա վերադառնում էր ոչ թե վայելելու, այլ ծառայելու իր ժողովրդին: Տնտեսական վերափոխումներում Վազգեն Սարգսյանը լինելու էր եռանդի աղբյուրը, Կարեն Դեմիրճյանը՝ գլխավոր խորհրդատուն, միասին՝ երկրի զարգացման ճարտարապետն ու լավատեսական կանխատեսողները:

Մեր երազի երկիրը

Դաշինքի կողմից հնչեցված քաղաքական հայտարարությունն անդրադառնում էր հասարակությանը հուզող գրեթե բոլոր հարցերին, այդ թվում՝ երկրում սոցիալական ահագնացող բեւեռացմանը, բարոյական անկմանը, անարդարության, անօրինականության խորացող դրսեւորումներին, օրենքի գերակայության ապահովման անհրաժեշտությանը, բնակչության արժանապատիվ կեցության, զբաղվածության ու սոցիալական պաշտպանվածության երաշխիքներ ապահովող տնտեսական համակարգի ստեղծմանը:

Ընթերցելով դաշինքի նախընտրական ծրագիրը՝ չես կարող չնկատել դրա կոնկրետությունը, առաջադրված խնդիրների լուծման ըմբռնելի ուղղությունները: Ծրագիրը միտված էր երկրի ինքնիշխանության ամրապնդմանը: Առաջնահերթություն էր համարվում ՀՀ եւ ԼՂՀ տնտեսական ինտեգրումը: Դաշինքը մտադիր էր ամեն ինչ ծառայեցնել պետության ու նրա տնտեսության հզորացմանը: Հիշենք, որ դեռեւս Հայաստանինն էին ռազմավարական օբյեկտների զգալի մասն ու մասնավորեցված չէին հանքահումքային ռեսուրսները: Ղեկավարները խնդիր էին դրել հետեւողականորեն վերագործարկել արդյունաբերական ձեռնարկությունները՝ այդ նպատակով օգտագործելով ոչ միայն մասնավորի, այլեւ պետական բյուջեի ու միջազգային կառույցների ընձեռած ֆինանսական հնարավորությունները: Սոցիալ-տնտեսական քաղաքականության գերխնդիր էր դառնում բնակչության բարեկեցիկ կյանքի ապահովումը, այդ նպատակով աշխատատեղերի ստեղծումն ու գործազրկության կրճատումը: «21-րդ դարը մերն է լինելու» արտահայտությունն իրական հիմքեր ուներ: 

Դասեր ու եզրակացություններ

Ձեւավորված «Միասնություն» դաշինքը նոր մշակույթ էր երկրի քաղաքական կյանքում: Երկրի շահերից ելնելով՝ մի կողմ էին դրվել առկա հակասություններն ու տարաձայնությունները: Ժողովուրդը ցնծությամբ էր ընդունել իր բախտի հանդեպ տարբեր ուժերի ստանձնած միացյալ պատասխանատվության փաստը: Մարդկանց մեջ հույս եւ վստահություն էր վերարթնացել վաղվա օրվա հանդեպ: Դաշինքի յուրահատկություններից մեկը կայացած անհատների գործի, հեղինակության ու խորհրդանշական կերպարների համադրումն էր, որոնք ոչ թե բացասում, այլ փոխլրացնում էին միմյանց: «Կառուցենք եւ պաշտպանենք»․ սա էր գլխավոր կարգախոսը: Կարեն Դեմիրճյանը համարվում էր շենացած Հայաստանի ու կառուցման գաղափարախոսության, իսկ Վազգեն Սարգսյանը՝ ազատագրված Արցախի ու պաշտպանության գաղափարախոսության կրողն ու խորհրդանիշը: Ուստի նրանց ստեղծած միասնությունն առավել լայնընդգրկուն էր՝ համահայաստանյան, որի մեջ մտնում էր նաեւ Արցախը: Դաշինքի գաղափարը մեծ խանդավառությամբ ընդունվեց նաեւ Սփյուռքում: Ուստի վստահաբար կարելի է ասել, որ դաշինքն ու նրա ձեւավորած միասնության զգացողությունն ունեին համահայկակա՛ն բնույթ:

Քսան տարի առաջ Վազգեն Սարգսյանը քառասուն տարեկան էր, Կարեն Դեմիրճյանը՝ 67: Վազգեն Սարգսյանը, ունենալով երիտասարդությանը բնորոշ եռանդ, պրպտուն միտք ու վճռականություն, այդուհանդերձ, դարձյալ ունեցավ ավագ ընկերոջ խորհրդի ու փորձի կարիքը: Ուստի նրանց միավորումը սերունդների՛ միասնություն էր, որը դաշինքին հաղորդում էր համաժողովրդական բնույթ եւ երկիրը ներքնապես դարձնում առավել ուժեղ ու հզոր:

«Միասնություն» դաշինքը յուրօրինակ դպրոց էր, ուր քննություն հանձնողը գործ ուներ ոչ թե մեկ ուսուցչի, այլ «գնահատող հանձնախմբի» հետ, որտեղ առաջնային էին դառնում ոչ միայն նվիրվածությունն ու մատուցած ծառայությունները, այլեւ նոր իրավիճակից բխող չափորոշիչները՝ փորձը, գիտելիքները, անբասիր կենսագրությունը: Կադրերի նշանակումը տեղի էր ունենում ոչ թե միանձնյա որոշումներով, այլ երկկողմ քննարկումներով, որը բարձրացնում էր նշանակվողների պատասխանատվությունը, մյուս կողմից նվազեցնում պատեհապաշտների առաջխաղացման հնարավորությունը:

Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի «Միասնությունն» իր կարճատեւ գոյության ընթացքում աշխատեց «աշխարհը շալակած» տանելու սկզբունքով, մինչդեռ դաշինքի բաղադրիչներից մեկը տարիներ անց, տեւական մի ժամանակ «ելավ շալակն աշխարհի»: Ահա թե ի՛նչ դեր կարող են խաղալ առաջնորդները նույն մարդկային զանգվածին ղեկավարելիս: Դաշինքի թեւերից մեկը՝ ՀԺԿ-ն, աստիճանաբար կորցրեց իշխանական լծակները, իսկ ՀՀԿ-ն, թեեւ հետագայում դարձավ տիրապետող ուժ, սակայն ժամանակի ընթացքում վերասերվեց ու այդպես էլ չկարողացավ գտնել ինքնամաքրման ուղին: Դաշինքի ծրագրերը մնացին անկատար:

Գոյության 212-րդ օրը՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին, «Միասնություն»-ը գլխատվեց տականքի ձեռքով: Երկրի զարգացումը ետ շպրտվեց տասնյակ տարիներ: 20-ամյա հեռվից դարձյալ լսվում են հարազատ ձայներ, անցյալից հառնում են լուրթ հայացքներ, որոնք ակնկալում են դեռեւս չհնչած պատասխաններ: Հիշողությունն ու ընկերների նկատմամբ պատասխանատվությունն անխուսափելիորեն ծնում են նոր հրամայականներ՝ ոչ միայն զորավիգ լինել հոկտեմբերի 27-ի իրական պատճառների բացահայտմանը, այլեւ տեր կանգնել դաշինքի անավարտ ծրագրերին: Դրանց մի մասը, բարեբախտաբար, իր լուծումն է ստանում նորօրյա Հայաստանում: Բայց բացառված չէ, որ գործընթացի շարունակականությունն ու նրա նկատմամբ հետեւողականությունը պահանջեն ուժերի լրացուցիչ համախմբում: Նո՛ր համախմբում՝ նրա՛նց համար, ում թանկ է միասնության գաղափարը, եւ ում հուզում է «Միասնություն» դաշինքի լքված ժառանգությունը: 

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ