Նկարների ու արվեստի գործերի ինչ հավաքածուներ ունեն ընտրություններին մասնակցող թեկնածուները

Նկարների ու արվեստի գործերի ինչ հավաքածուներ ունեն ընտրություններին մասնակցող թեկնածուները

Հունիսի 20-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցանկերում ներառված պատգամավորության թեկնածուները, օրենքի պահանջով, եկամուտների հայտարարագրեր են ներկայացրել, որպեսզի վերահսկելի լինի, թե ընտրություններից առաջ ինչ եկամուտներ են ունեցել, հետագա տարիներին դրանք ինչ աճ են արձանագրել։ Մեզ հատկապես հետաքրքրեց, թե թեկնածուներն ինչ արվեստի գործեր՝ նկարներ, հնաոճ իրեր ու այլ տիպի թանկարժեք գույք են հայտարարագրել։ Թանկարժեք իրերի ու արվեստի գործերի ամենատպավորիչ հավաքածուներն իշխող «Քաղպայմանագրում» են։

ՔՊ ցուցակի 5-րդ համար Խաչատուր Սուքիասյանը 8 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք իրերի կամ արվեստի գործերի ցանկ է ներկայացրել․ 4 գործ՝ Գրիգոր Խանջյանից, որոնք, ինչպեսեւ մյուս նկարները, «գնահատված են» անարժեք, 2 գործ՝ Մարտիրոս Սարյանից, 3 գործ՝ Մինասից, 1՝ Կոջոյանից, 5՝ Գարզուից, 1՝ Ֆյոդորովից, 2-ական՝ ԱվեԱրթուրից, Վարդան եւ Գուռոզ, տնային հնաոճ ժամացույց, ձեռագործ հնաոճ 5 գորգ, հանոճ կահույք։ Նույն ցուցակի 14-րդ համար, նույնպես գործարար Գուրգեն Արսենյանը հայտարարագրել է 19 հատ նկար, որոնց արժեքը տատանվում է 120, 100 միլիոն ՀՀ դրամից մինչեւ 10, 15, 13 եւ այլն։

Թանկարժեք իրերի թվում են նաեւ 2 ժամացույց՝ 51 միլիոն 300 հազար եւ 82 միլիոն դրամ արժողությամբ, 1 հատ 32 միլիոն դրամը գերազանցող ոսկու ձուլակտոր։ ՔՊ-ական այլ թեկնածուներ արվեստի գործեր չեն հայտարարագրել։ Նրանցից նոյեմբերյանցի թեկնածու Հայկանուշ Բեգլարյանը հայտարարագրել է 8 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք գույք՝ 10 միլիոն դրամի ոսկի։ Իսկ մեկ այլ՝ 142 համարի թեկնածու Ռոբերտ Աֆանդյանը՝ 8 միլիոն դրամանոց ոսկե 2 շղթա։

«Հայաստան» դաշինքի ցուցակում գտնվող Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի որդի Դավիթ Սեդրակյանն անթիվ-անհամար անշարժ եւ շարժական գույք է հայտարարագրել։ Նույն դաշինքից Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, որպես 8 միլիոն դրամը գերազանցող գույք, հայտարարագրել է 17 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ մեկ եւ 11 ու 12 միլիոն դրամ արժողությամբ 2 ժամացույց։ Ունի Մարտիրոս Սարյանի «Սեւան» ջրանկարը՝ 18․000 դոլար արժողությամբ, եւս մեկ՝ 150 հազար դոլար արժողությամբ Մարտիրոս Սարյան եւ 200 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ Հովհաննես Այվազովսկի։ «Հայաստան» դաշինքից Աղվան Վարդանյանը եւ Գայանե Ավետիսյանը հայտարարագրել են  30 միլիոն դրամ արժողությամբ գեղանկարների հավաքածու, իսկ նույն դաշինքից «Անռիվա» զբոսաշրջային կազմակերպության ղեկավար Հռիսփիմե Ստամբուլյանը՝ 10 միլիոն դրամ արժողությամբ ժամացույց։

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չի հայտարարագրել նկարներ եւ արվեստի գործեր։ Փոխարենը ունի 14 հատ կահույք՝ 220, 190, 183, 117 հազար, 73 հազար, 79 հազար, 41 հազար եվրո արժողությամբ ննջարանի կահույքներ, երկու հատ՝ 290 հազար, 12 հազար 800 եվրո արժողությամբ ճաշասենյակի կահույք։ Խոհանոցի կահույքը 110 հազար եվրո արժե։ 300 եւ 500 հազար դոլարանոց ադամանդե քարերով ձեռքի ժամացույցներ, 700 հազար, 1 միլիոն, 3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե քարերով ձեռքի (տղամարդու) մատանիներ, եւս 3 ոսկյա ձեռքի ժամացույց՝ 300 հազար եւ 100 հազար դոլար արժողությամբ եւ մեկ՝ 100 հազար դոլար արժողությամբ ոսկե շղթա։ Ինչպես նաեւ հայտարարագրել է՝ 250 հազար դոլարի վարագույրներ, 118 հազար դոլարի փայտե կահույք, 10 նախասրահի կահույք, որից ամենաթանկն արժե 298 հազար եվրո, ամենաէժանը՝ 97 հազար։ Հայտարարագրել է նաեւ 1, 587 հազար եվրո արժողությամբ 20 ջահ։

ԲՀԿ ցուցակի մեկ այլ անդամ՝ Քաջիկ Նահապետի Գեւորգյանը, հայտարարագրել է 50 եւ 19 հազար դոլար արժողությամբ երկու ժամացույց։ «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի դուստր Նորա Առուստամյանը 8 միլիոն դրամը գերազանցող որեւէ իր չի հայտարարագրել, ինչպես նաեւ Գագիկ Ծառուկյանի խնամի Կարապետ Գուլոյանը։

«Պատիվ ունեմ»-ի 1-ն համար, ԱԱԾ-նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը եւ Երեւանի նախկին քաղաքապետ, 2-րդ համար Տարոն Մարգարյանը, ԴԱՀԿ նախկին պետ գեներալ Միհրան Պողոսյանը եւ, առհասարակ, ցուցակի անցողիկ տեղերում գտնվող անձինք 8 միլիոն դրամը գերազանցող որեւէ գույք չեն հայտարարագրել, բացառությամբ փաստաբան, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի, որը հայտարարագրել է 30, 18 եւ 16 հազար դոլարանոց ձեռքի 3 ժամացույց։