Երիտասարդները դաժանորեն ծեծել են թոշակառուին․ ողբերգական դեպք՝ Ֆրանսիայում

Երիտասարդները դաժանորեն ծեծել են թոշակառուին․ ողբերգական դեպք՝ Ֆրանսիայում

14-18 տարեկան երիտասարդները ֆրանսիական Վալանսենի մերձակայքում գտնվող Վյո-Կոնդե շրջանում դաժան ծեծի են ենթարկել տարեց թոշակառուին, ով մահացել է։ 

72-ամյա տղամարդը մահացել է նախօրեին՝ հուլիսի 11-ին, այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ իր տան մոտ՝ Վյո-Կոնդեում հարձակման է ենթարկվել երիտասարդների կողմից, որոնց նա կեսգիշերին խնդրել էր ավելի քիչ աղմկել։ 

Այդ մասին Ֆրանսիայից հայտնում է Կարո Պոյաճյանը՝ հղում անելով Վալանսիենի դատախազությանը: 
Ըստ մեղադրող կողմի, այս գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի ՝ 18, 17 և 14 տարեկան, «որոնք քրեական անցյալ չեն ունեցել»։ Հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը Վալանսիենի ոստիկանական բաժանմունքի աշխատակիցները տարեց թոշակառուին հայտնաբերել են մայրուղու վրա պառկած: 

Ըստ նախնական տվյալների, երբ տղամարդը երիտասարդներին խնդրել է հեռանալ տարածքից՝ սկսվել է վիճաբանություն․ 17-ամյա երիտասարդը  բռունցքներով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողին, հատկապես, երբ վերջինս մի քանի հարվածներից հետո ընկած է եղել գետնին։
Ավելի ուշ նրան հոսպիտալացրել են։ Բժիշկներին, սակայն, չի հաջողվել փրկել թոշակառուի կյանքը․ նրա մոտ ուղեղի կաթված է տեղի ունեցել՝ մահվան ելքով։

17-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել «սպանության փորձի» համար և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ 

18 և 14 տարեկան երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել «Հանցագործություն կամ զանցանք չկատարելու և վտանգի տակ գտնվող անձին օգնություն չցուցաբերելու» համար։ 

«Մինչ օրս լռել եմ մեր քաղաքին պատուհասած ողբերգության մասին։ Ինչպես դուք բոլորդ, ես էլ շոկի մեջ եմ այս աննախադեպ բռնության ակտից»,- ասված է Վյո-Կոնդեի ղեկավար Դավիդ Բասթինի տարածած հայտարարության մեջ։ 

«Նա մեկն է, ում մենք միշտ ճանաչել ենք, թոշակառու նախկին ծաղկավաճառ, ով եղել է Վյո-Կոնդեի վաճառականների միության անդամ և եղել է Colis du Coeur բարեգործական ասոցիացիայի անդամ», - ասել է կոմունայի ղեկավարը AFP-ին: