Հայկական կինոյի հարյուր տարին․ Մաս Երրորդ

Հայկական կինոյի հարյուր տարին․ Մաս Երրորդ

Հայկական կինոարվեստն իր կայացման եւ զարգացման փուլում բավական ազդվել է խորհրդային ռուսական կինոյից, որը, տուրք տալով տիրապետող կարգերին, ձգտում ուներ իմաստավորելու ժողովրդի կերպարը, մի բան, որ նկատելի էր այն ժամանակների հայտնի ռեժիսորներ Էյզենշտեյնի եւ Պուդովկինի ֆիլմերում։ Այս առումով ուշագրավ է հայկական «Զարե» կինոնկարը, նկարահանված Համո Բեկնազարյանի կողմից 1926 թվականին, որը նվիրված էր քրդերի կյանքին։ 
Այն ճշմարտացի եւ իրապաշտական կերպով ներկայացնում էր քուրդ ժողովրդի ողբերգական ճակատագիրը, հասկանալի է՝ խորհրդային մեկնաբանման կանոններին համապատասխան։ Ինչպես նկատում են կինոյի պատմության մասնագետները, այս ֆիլմով արդեն Բեկնազարյանը մի շարք զանգվածային տեսարանների պատկերումով, փորձում է ռելյեֆային կերպով վերարտադրել ժողովրդի ընդհանրացված կերպարը, հանգամանք, որն ավելի ամբողջական կերպով է իրականացվում նրա մյուս՝ «Խաս-փուշ» կինոնկարում՝ նկարահանված 1927 թվականին՝ Րաֆֆու եւ Վրթանես Փափազյանի երկերի հիման վրա։

«Խաս-փուշում» արդեն գլխավոր գործող անձ է դառնում ըմբոստացած ժողովուրդը, որի իրապաշտական վիճակի արտացոլմանն էր միտված կինոնկարում կարելի է ասել ամեն բան։ Միտումը շարունակվեց նաեւ «Տունը հրաբխի վրա» հեղափոխական բովանդակություն ունեցող կինոնկարում, նկարահանված 1928 թվականին։ Խորհրդային իրականության եւ խորհրդային գաղափարախոսության համար «Տունը հրաբխի վրա» ժապավենը առանձնահատուկ կարեւորություն ուներ, քանի որ հաստատագրում էր այն ժամանակվա եզրաբանությամբ ասած՝ «աշխատավորական ինտերնացիոնալիզմը» եւ առաջին անգամ խորը գեղարվեստականությամբ արտացոլում էր «ժողովուրդների եղբայրությունը»։ 

Կինոնկարում Բաքվի աշխատավորության պայքարն էր իշխող դասակարգերի դեմ։ Պարզ էր մի բան, որ հայկական կինեմատոգրաֆը արդեն խորհրդային պետության վերահսկողության պայմաններում, ամբողջապես արտահայտում էր խորհրդային պետության «սոցիալիստական մշակույթի» արժեքները, որոնք արտահայտվում էին ոչ միայն էպիկական կինոնկարներում, այլ նույնիսկ կինոկատակերգություններում՝ սկսած առաջին հայկական կինոկատակերգությունն հանդիսացող «Շոռն ու Շոռշոռից», որը նկարահանվել է 1926 թվականին։ Սակայն եթե այստեղ եթե դեռ նկատելի են կինեմատոգրաֆիական էքսցենտրիկության տարրեր, ապա 1932-ին էկրան բարձրացած «Կիկոսն» ամբողջովին համապատասխանում էր «սոցիալիստական մշակույթի» եւ «սոցիալիստական արվեստի» արժեքների վրա հիմնված «նոր տիպի կատակերգության» չափանիշներին։ 

Արամ Յանին 

Լուսանկարը՝ Ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջից