Առանց ջուր՝ ձուկըն մեռանի

Առանց ջուր՝ ձուկըն մեռանի

Ի՞նչ իմանար միջնադարի մեծն սիրերգակ Նահապետը, որ Երկիր մոլորակի բնակչության համար մեծագույն մարտահրավերներից մեկը դառնալու է ջուրը եւ ոչ միայն «ձուկըն», մարդ արարածն էլ մեռնելու է ծարավից: Առավել եւս, ինչպես կարող էր մեծն Նահապետը ենթադրել, որ բյուր ակնի, տարածաշրջանի բոլոր կարեւոր ջրավազանների ակունք հանդիսացող իր հայրենիքը կկանգնի անապատային գոտիների բնակիչների հետ նույն խնդրի առջեւ: Իսկ որ կանգնելու ենք, այդ մասին արդեն բազմիցս եւ հստակ շեշտվել է ամենաբարձր ամբիոններից:

Ժողովուրդը երբեք խորությամբ չի գնահատել մեր անմահական ջրի ճշմարիտ արժեքը: Երբեք: Խմելու ջրով գորգ ու մեքենա ենք լվացել, բանջարանոց ու այգի ենք ջրել, լույս ենք արարել, ձմերուկ ենք սառեցրել: Ողբերգական ավարտով պատերազմը մի քանի անգամ փոքրացրեց մեր ջրի պաշարները, իսկ սա նշանակում է՝ այլ ելք չունենք, պարտավոր ենք սրտացավ, խելամիտ ու շրջահայաց օգտագործել ամեն կաթիլը: Ավաղ…

Գիշատչի ավյունով հոշոտում ենք նաեւ ջրի ստորգետնյա ավազանը: Այն կարգավորելու նպատակով օրենսդրական շատ կարեւոր փոփոխություններ են նախատեսվում, մասնավորապես, որ հորատանցքի միջոցով ստորգետնյա քաղցրահամ ջրեր օգտագործող ձկնաբուծարանները մինչեւ 2024 թ. հունվարի 1-ը պետք է տեղադրեն փակ շրջանառու համակարգ, որը ենթադրում է ջուրը մի քանի պտույտով օգտագործել, իսկ հետո դրանով նաեւ ոռոգել: Քաղաքակիրթ աշխարհն այդպես է ապրում: Վաղուց: Տարիներ առաջ Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը շատ կարեւոր ծրագիր իրականացրեց ՀՀ-ում, մի քանի ձկնաբուծական տնտեսության օգնեցին՝ տեղադրել այդ համակարգերից, հուսալով, որ լավ ու վարակիչ օրինակ կդառնան: Դարձյալ՝ ավաղ…

Հիմա Արարատյան դաշտավայրը նվաճած ձկնաբույծները բողոքում են քաղաքակիրթ միջոցների դեմ: Օրինակ, պահանջում են, որ ջրօգտագործման թույլտվությունը լինի անժամկետ: Ցկյա՞նս: Ասում են՝ էլեկտրիկների պես, ջրային պաշարները տնօրինող տեսուչները կարող են հաշվիչների հետ աճպարարություն անել: Ասում են. կդնենք հաշվիչ՝ օրերից մի օր: Կվճարենք ջրի համար՝ հետո-կեսը-երեւի (ճիշտ Զոշչենկոյի անմահ հերոսի նմանությամբ): Ասում են՝ փակ համակարգի պատճառով ձկան կերի ծախսը մեծանում է, ինքնարժեքը՝ նույնպես, արտահանումը կտուժի…
Հա, լավ հիշեցինք արտահանման մասին… Խելամի՞տ է, որ խեղճուկրակ ջրային պաշարներ ունեցող փոքրիկ Հայաստանը ձուկ է արտահանում աշխարհի օվկիանոսների, ծովերի, լճերի, գետերի ավազանների առյուծի բաժնի տիրակալ Ռուսաստան: Եվ գլուխ ենք գովում, թե արտահանման ծավալները մեծացել են: Ռուսաստանն էլ պարբերաբար, դեպքեր եղել են՝ հիշում ենք, հենց մուտքի մոտ խոտանում է մթերքը, որը կարելի էր մատչելի գնով հասցնել հայ սպառողին: Մեր երկրում քանի՞ հազար մարդ այսօր չի կարող հիշել, թե վերջին անգամ երբ է ձուկ կերել… Բայց նորին մեծություն ագահությունը կուրացնում է գործարարին: Ավաղ…

Այդ նույն ագահությունը չէ՞ր պատճառը, որ 90-ականներին խժռեցինք Սեւանի սիգի մեր թոռների բաժինն անգամ: Հայտնի, ցավալի իրողություն է՝ ցուրտումութ տարիներին երեք ոխերիմ հարեւանների աննկուն առեւտրականներն ապրանքափոխանակություն էին իրականացնում Բագրատաշենում: Հանիրավի ադրբեջանցի հորջորջվող կովկասյան թաթարները գրոշներով գնում էին մեր ծխեցրած ձուկը, բա հո իրենց թանկարժեք ծածանը չէի՞ն լափելու: Խժռեցինք ձուկը, մսխեցինք ջուրը, Սեւանը ճահիճ դարձրինք, ստորգետնյա ջրերի անկառավարելի-չվերահսկվող օգտագործումը եւս բնապահպանական հոգս է դարձել այսօր… բա ժողովուրդը կարո՞ղ է պետական մտածողությունից կատարելապես զուրկ լինել: Լավ, գոնե ինքնապահպանման բնազդն աշխատեր: Ավաղ…

Անի ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ
Մշակութաբան