Փաշինյանի տրամաբանությամբ` Ադրբեջանում նստած սպասում են «Հայաքվեի» ընթացքին

Փաշինյանի տրամաբանությամբ` Ադրբեջանում նստած սպասում են «Հայաքվեի» ընթացքին

Փաշինյանի պրիմիտիվիզմն անսահման է. եթե այն գոնե ինչ-որ սահման ունենար, չէր հրահանգի իր թիմակիցներին՝ հայտարարել, որ «Հայաքվեի» հաջողությունն Ադրբեջանին կարող է առիթ տալ նոր պատերազմ սկսել Հայաստանի եւ Արցախի դեմ: Մինչդեռ Փաշինյանը որոշել է «Հայաքվե» նախաձեռնությունը փրկօղակ դարձնել՝ իր իշխանության ապագա ձախողումները դուրս գրելու համար: Փաշինյանն իր իշխանության նախորդ տարիների ձախողումների համար մեղավորների ու պատասխանատուների մի ահռելի ցանկ ունի` նախկին իշխանություններ, զինվորականներ, ռուսական իշխանություններ, միջազգային հանրություն, հիմա որոշել է նախապես ապահովագրել իրեն: Փաշինյանն է հրահանգել իր իշխանության ներկայացուցիչներին՝ հայտարարել, որ ապագա պատերազմի հետեւանքների մեղավորն ու պատասխանատուն «Հայաքվեն» է: Հեշտ է կառավարել երկիրը, երբ դու որեւէ պատասխանատվություն չունես, բայց քեզ այնքան հանճարեղ ես զգում, որ կարող ես քո թերացումների, առավել եւս գործած հանցագործությունների համար մեղադրել բոլորին: 

Ի պատասխան «Հայաքվե» նախաձեռնությանը՝ Փաշինյանը կարող էր հայտարարել, որ իր կողմից կառավարվող խորհրդարանը կմերժի «Հայաքվեի» կողմից ներկայացվող օրենսդրական նախաձեռնությունը, քանի որ իրենք ունեն բացարձակ մեծամասնություն խորհրդարանում: Իշխանության ներկայացուցիչները կարող էին հայտարարել, որ եթե նույնիսկ «Հայաքվե»-ին հաջողվի 300 հազար ստորագրություն հավաքել եւ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը քրեականացնելու մասին օրենքը դնել հանրաքվեի, միեւնույն է, իրենք ունեն այնպիսի հզոր հանրային աջակցություն, որ կդիմեն իրենց կողմնակիցներին` դեմ քվեարկելու կոչով, դրանով տապալելով հանրաքվեն: Չէ՞ որ իրենք են ասում, որ հասարակության մեծամասնությունն աջակցում է իրենց իշխանությանը: Բայց Փաշինյանը «Հայաքվեի» նախաձեռնությունն իր կուսակցական տեղակալների եւ ենթակաների միջոցով միանգամից կապում է պատերազմի սպառնալիքի հետ՝ հայտարարելով, որ նման նախաձեռնությունը լեգիտիմ հնարավորություն կտա Ադրբեջանին՝ նոր պատերազմ սկսել Հայաստանի դեմ: 

Թերեւս Փաշինյանը եւս տեղեկացված է, որ Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են Արցախի դեմ ռազմական ագրեսիա սկսելու մտադրության մասին, Ալիեւը հայտարարում է միջանցքի ստեղծման հարցում իր անզիջում կեցվածքի մասին, Փաշինյանը մտածում է, որ առաջիկա ամիսներին Ադրբեջանը գուցե դիմի հերթական ռազմական ագրեսիային: Ի՞նչ կաներ նորմալ երկրի ղեկավարը ռազմական ագրեսիայի սպառնալիքի պայմաններում. կամրապնդեր երկրի պաշտպանունակությունը եւ դաշնակիցների հետ հարաբերությունները, երկրի տնտեսական հնարավորությունները կուղղեր դիմադրության արդյունավետ կազմակերպմանը, համազգային համերաշխության եւ հաշտեցման միջավայր կստեղծեր՝ թշնամուն համարժեք պատասխան տալու եւ հայրենիքը պաշտպանելու համար: Փաշինյանը նման բան չի անում՝ նախապես գիտակցելով, որ իր կառավարման պարագայում պարտությունն անխուսափելի է, իր պարագայում հաջողության հասնելու մասին մտածելը եւ այդ ուղղությամբ գործելը ժամանակի անիմաստ վատնում է, պետք է ուղղակի մտածել, թե ում հռչակել հերթական պարտության մեղավոր եւ պատասխանատու՝ իրեն ու իր իշխանությանը դրանից ազատելու համար:

Պատերազմ սկսելու համար Ադրբեջանին առիթ պետք չէ. եթե Ադրբեջանը որոշի Հայաստանի եւ Արցախի դեմ պատերազմ սկսել, նման առիթ եւ հիմնավորում ինքը կստեղծի: Ադրբեջանը չի սպասի, որ «Հայաքվեն» ստորագրություններ հավաքի կամ հանրաքվե կազմակերպի, ու այդ հանրաքվեն դրական ելք ունենա, որ պատերազմ սկսի: Նիկոլ Փաշինյանի եւ Գեւորգ Պապոյանի խելքով՝ եթե Ադրբեջանը նպատակ ունենա պատերազմ սկսել, իսկ «Հայաքվեն» այս նախաձեռնությունը սկսած չլիներ, ուրեմն, ինչ է, պատերազմ չէ՞ր սկսելու: Թե՞ Ադրբեջանում նստելու են սպասեն՝ երբ է «Հայաքվեն» իր նախաձեռնությունը դնում հանրաքվեի, որ դրական արդյունք ունենան, եւ նոր հարձակում սկսեն, իսկ եթե Հայաստանի հասարակությունը հանրաքվեով մերժի այդ նախաձեռնությունը, հայտարարեն, որ հրաժարվում են պատերազմ սկսելուց: Ադրբեջանի ՊՆ-ն գրեթե ամեն օր հայտարարում է, որ Հայաստանի բանակը կամ Արցախի ՊԲ ստորաբաժանումները խախտում են հրադադարի ռեժիմը: Դա հենց այնպես չի արվում, դա բավարար է նոր պատերազմ սկսելու համար, թե՛ Հայաստանից եւ թե՛ Արցախից հնչող հերքումներն են ստիպելու, որ Ադրբեջանը հրաժարվի իր նպատակներից:

Աշխարհում որեւէ պատերազմ չի սկսվել միայն այն պատճառով, որ որեւէ երկիր մյուսին առիթ է տվել արդարացնելու իր գործողությունները: Պատերազմ սկսում են, երբ համոզված են սեփական ուժերի գերակայության հարցում, համոզված են, որ կարող են հաղթել ավելի թույլ եւ անկազմակերպ հակառակորդին, երբ տեսնում են, որ հակառակորդը սարսափում է պատերազմից եւ ոչինչ չի անում դրան պատրաստվելու ուղղությամբ: Այդպես եղել է անտիկ աշխարհից մինչեւ մեր օրերը եւ այդպես լինելու է, քանի դեռ կա մարդկային քաղաքակրթությունը: Երբ Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը գրավում էին Հնդկաստանը, այդ երկիրը որեւէ առիթ չէր տվել նման հարձակման համար, Հնդկաստանում նույնիսկ տեղյակ չէին Մակեդոնացու գոյության մասին։ Երբ մոնղոլները ներխուժում էին ժամանակակից Ռուսաստանի, Հունգարիայի, Լեհաստանի տարածքները, այդ երկրներում որեւէ ստորագրահավաք կամ հանրաքվե չէր անցկացվում, որով կասկածի տակ կդրվեին մոնղոլների նախորդ տարածքային նվաճումները։ 2003 թվականին ամերիկյան բանակը ներխուժեց եւ գրավեց Իրաքը՝ հայտարարելով, թե այդ երկիրը մասսայական ոչնչացման զենք է արտադրում, սակայն որեւէ ապացույց չներկայացրին։ 2011 թվականին ամերիկյան բանակը գրավեց Աֆղանստանը` ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ, բայց 10 տարի անց հեռացավ այդ երկրից՝ իշխանությունը թողնելով իր կողմից ահաբեկչական համարվող «Թալիբան» խմբավորմանը։ Ռուսաստանը ռուս-ուկրաինական պատերազմը սկսեց Դոնբասում ապրող ռուսների իրավունքները պաշտպանելու անվան տակ, բայց այդ պատերազմն ավելի մեծ տառապանք պատճառեց Դոնբասի բնակչությանը` պատճառ դառնալով հարյուր հազարավոր ռուսների մահվան եւ տեղահանության:
Կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ապագա ձախողումների եւ աղետների պատասխանատվությունը բարդել «Հայաքվեի» կամ, ընդհանրապես, որեւէ մեկի վրա. միանշանակ` այո: Քանի դեռ Փաշինյանն ունի իշխանություն, ինքն ու իր իշխանության ներկայացուցիչները կարող են տարբեր հիմարություններ հայտարարել՝ մտածելով, որ դա կընդունվի ճշմարտության տեղ: Գոնե հանրության մի մասը կընդունի: Միայն այն ժամանակ, երբ նրանք կորցնեն իշխանությունը, կգա իրենց արածների համար իրական պատասխանատվության ժամանակը: Ցանկացած նորմալ երկրում իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է, մինչդեռ Փաշինյանը համոզված է, որ իշխանությունը պատասխանատվությունից խուսափելու լավագույն միջոցն է:

Ավետիս Բաբաջանյան