Մանդատային տարա՞ծք, թե՞ միջանկյալ կարգավիճակ

Մանդատային տարա՞ծք, թե՞ միջանկյալ կարգավիճակ

Ֆեյսբուքում հրապարակվել է ԼՂ կարգավորման՝ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմից 2006-2008 թթ. մշակված հայեցակարգը:

Ընդհանուր գծերով այն հանգում է հետեւյալին՝ Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը պայմանավորվում են ԼՂ մանդատային տարածք ձեւավորելու շուրջ, ԼՂ-ն ճանաչվում է հանրապետական կարգի պետական միավոր, որի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեով, որի անցկացման ժամկետները սահմանելու իրավունքը վերապահվում է մանդատ ստացող Միջազգային կազմակերպությանը, ԼՂ-ն ընդունում է սահմանադրություն, կազմավորում օրենսդիր եւ գործադիր, ինչպես նաեւ դատական իշխանության մարմիններ, բայց արտաքին քաղաքականության իրավունքը փոխանցում է Միջազգային կազմակերպությանը: Մանդատային տարածքը ներառում է նախկին ԼՂԻՄ-ը, ինչպես նաեւ՝ Լաչինի եւ Քելբաջարի շրջանները:

ԼՂ-ն հայտարարվում է ազատ տնտեսական գոտի: Հայեցակարգը շոշափում է նաեւ կողմերի միջեւ տնտեսական, հումանիտար, մշակութային հարաբերությունների հետ կապված հարցեր: Հրապարակմանը կից ներկայացվել են նաեւ մադրիդյան սկզբունքները՝ հղումով, որ Սամվել Բաբայանը դրանք չի ընդունում: Միջնորդական հայեցակարգը, ինչպես հայտնի է, ենթադրում է ԼՂ շուրջ տարածքների վերադարձ, Հայաստանի եւ ԼՂ միջեւ միջանցքի բացում, ԼՂ միջանկյալ կարգավիճակ՝ ինքնակառավարման եւ անվտանգության երաշխիքներով, իսկ վերջնական կարգավիճակի որոշումը պետք է տեղի ունենա պլեբիսցիտով: Երկու դեպքում էլ Լեռնային Ղարաբաղի փաստացի անկախության ճանաչումը չի դիտվում խաղաղության հաստատման նախապայման:

Թե՛ Սամվել Բաբայանի, թե՛ միջնորդների մշակած հայեցակարգը ենթադրում է հակամարտության զինված փուլի ավարտ, միջանկյալ ժամանակահատված, երբ կողմերի միջեւ կվերականգնվի վստահությունը, կլուծվեն հումանիտար, կոմունիկացիոն եւ տնտեսական ռեաբիլիտացիայի ու ինտեգրման հետ կապված հարցեր, եւ համեմատաբար կայուն իրավիճակում հնարավոր կլինի կազմակերպել ԼՂ վերջնական կարգավիճակի հանրաքվեն: Տարբերությունն այն է, որ Սամվել Բաբայանը հանրաքվեի ժամկետ սահմանելու իրավասությունը վերապահում է մանդատ ունեցող Միջազգային կազմակերպությանը, իսկ միջնորդները՝ կողմերին, որոնք բանակցությունների միջոցով պետք է հանգեն ընդհանուր հայտարարի:

Ընդ որում, միջնորդական հայեցակարգով Լեռնային Ղարաբաղն ստանում է արտաքին քաղաքականության հարցերում ինքնուրույնության որոշակի լեգիտիմություն, մինչդեռ Սամվել Բաբայանն այդ իրավունքը ԼՂ անունից տալիս է մանդատ ունեցող Միջազգային կազմակերպությանը: Այստեղից հարցադրում է ծագում՝ մանդատային տարա՞ծքն է ընդունելի, թե՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած միջանկյալ կարգավիճակը: Հանրային ընկալումների տեսակետից, իհարկե, մերժելի է թե՛ մեկը, թե՛ մյուսը, գերակա է ԼՂ փաստացի անկախությունը ներկա սահմաններում միջազգայնորեն ճանաչելի դարձնելու եւ այս ձեւով միասնական հայկական պետություն հռչակագրելու մոտեցումը: Բայց եթե, այնուամենայնիվ, ծագի ընտրություն կատարելու անհրաժեշտություն, ապա նախընտրելին ենթամանդատայի՞ն, թե՞ միջազգայնորեն երաշխավորված միջանկյալ կարգավիճակն է: Եվ ինչո՞ւ է Սամվել Բաբայանը հենց այս փուլում հրապարակայնացրել ավելի քան տասնամյա վաղեմության իր հայեցակարգը: Դա միայն նրա՞ մոտեցումն է, թե՞ կան այդ գաղափարով տոգորված խմբեր եւ շրջանակներ: