Կյանքի կանգառները. տարիքային ճգնաժամեր

Կյանքի կանգառները. տարիքային ճգնաժամեր

Մարդու կյանքի ճանապարհը, կհամաձայնեք, բացարձակ հարթ ընթանալ չի կարող: Չէ՞ որ հասունությունը միանգամից չէ, որ տրվում է մեզ: Ի սկզբանե մարդը չունի ո՛չ փորձ, ո՛չ իմաստնություն: Ուստի նրան անհրաժեշտ են «կանգառներ»` հասկանալու համար անցած-գնացածը, վերարժեւորելու ունեցած փորձը:

Տարիքային ճգնաժամերը հենց այդ կանգառներն են, որի ընթացքում մարդը գնահատում է անցած ուղին, վերագնահատում իր  արժեքները, իր մեջ նորն է փնտրում ու երբեմն փոխում կյանքի ընթացքը: Շատերը, սակայն, չգիտեն, որ գոյություն ունեն տարիքային ճգնաժամեր, ինչից որեւէ մեկն անմասն չէ:

Տարիքային ճգնաժամերի մասին զրուցել ենք հոգեբան Անի Հովհաննիսյանի հետ:
Հոգեբանի խոսքով` ճգնաժամերը գալիս են մեզ ավելի ուժեղ, ավելի լավը դարձնելու, ինքնակատարելագործման մղելու: Մենք հաղթահարում ենք այդ դժվարությունները` դառնալով ավելի ուժեղ, հասուն, բարձր ինքնաճանաչման աստիճանով: Եթե հասկանանք, որ ճգնաժամերը մեզ ավելի հասուն, ուժեղ դարձնելու, մեզ կոփելու համար են, ավելի հեշտ կհաղթահարենք այդ փուլերը:

Ճգնաժամային փուլերում մենք կարծես կռիվ ենք տալիս ինքներս մեզ հետ: Մեկնաբանում է. «Շատ հաճախ մենք չենք ընդունում, որ այդ կռիվն ինքներս մեզ հետ է, եւ հաճախ դա տարածում ենք արտաքին աշխարհի վրա: Քանի որ մեզ հետ չենք կարողանում կռիվ անել, ստիպված ուրիշների հետ ենք կռիվ տալիս: Ճգնաժամային փուլը մարտահրավեր է, երբ մարդը մտածում է, թե ամեն բան վատ է, իրականում այդ հայացքն էլ է պետք՝ արժեւորելու համար այն լավը, որ կա, գտնելու այն վատը, որը փոփոխության է ենթակա: Քննական շրջանի նման են ճգնաժամերը»:

Կռիվ տալով…

«Առանձնացնում են 1, 3, 7 տարեկանների, դեռահասության, կյանքի կեսի, ծերության շրջանի ճգնաժամեր,- ներկայացնում է հոգեբանը` բացատրելով։- Ճգնաժամային տարիքը տարիքային մի փուլից մյուսին անցումն է, որը հաճախ տեղի է ունենում հուզական ու տագնապային ֆոնի բարձրացմամբ, կոնֆլիկտայնությամբ,  անձը դժվարանում է հասկանալ ինքն իրեն, շրջապատին: Ճգնաժամը համարվում է հաղթահարված, երբ անձն ունենում է որոշակի ձեռքբերում: Յուրաքանչյուր ճգնաժամ` որպես ավարտ, պետք է իր հետ բերի նոր որակ, որի շնորհիվ արդեն տարիքային մյուս փուլին անցումը տեղի կունենա ավելի հեշտ»:

Սակայն հիշում է դեպքեր, երբ անձը կամ երեխան չեն կարողանում հաղթահարել տարիքային ճգնաժամը, որի ժամանակ անձը ոչ թե անցնում է մեկ փուլ վերեւ, այլ մխրճված է մնում այդ տարիքի ճգնաժամի փուլի մեջ: Օրինակ` 1 կամ 3 տարեկանի ճգնաժամն ինքնուրույնության ձեռքբերումն է, մայրիկից առանձնանալու, սեփական ես-ի ձեռքբերման կարեւոր փուլերից մեկը: Սակայն մենք հաճախ հասուն տարիքում կհանդիպենք մարդկանց, որոնց մոտ այդ կարեւոր որակները կա՛մ բացակայում են, կա՛մ շատ թույլ են զարգացած: Հասուն տարիքում ճգնաժամի հաղթահարման արդյունքում անձը պիտի ունենա անձնային աճ, հասունության նոր որակի ձեռքբերում, բայց այս դեպքում էլ կարող ենք տեսնել զառամյալ ծերունու, ով այդ ձեռքբերումները չի կարողացել ունենալ տարիքին զուգընթաց: «Տարիքային մի փուլից մյուսին անցումը բոլորն են ունենում, սակայն ոմանք փուլային անցումը հեշտ ու սահուն են անցնում, ինչը բուռն, որպես ճգնաժամ չի արտահայտվում, իսկ ոմանք էլ կարող են այդ փուլը մեծ դժվարություններով հաղթահարել»,- նկատում է հոգեբանը: 

Ըստ տարիքային խմբերի

Դեռահասությունից հետո` արդեն հասուն տարիքում, ճգնաժամային տարիքը 29-35 տարեկանն է: Կարեւորում է այս փուլը. անձը հետադարձ հայացք է գցում իր անցած ճանապարհին, փորձում է հասկանալ` ով է ինքը, որտեղ է գտնվում, ուր է ուզում գնալ, ինչ նպատակներ ունի, որոնք է կարողացել այս ընթացքում հաղթահարել: Նոր նպատակադրումների, նոր կյանքի ճանապարհային քարտեզ գծելու ժամանակն է գալիս` հասկանալու համար, թե կյանքը որ ուղղությամբ է շարունակելու. «Հաճախ այս տարիքում կտրուկ ու բեկումնային փոփոխություններ են անում, օրինակ` փոխում են մասնագիտությունը, քանի որ հասկանում են, որ դա իրենցը չէ, կամ նոր գործունեության ոլորտ են բացահայտում, նոր հետաքրքրություններ, որոնք ավելի մոտ են իրենց ես-ին, ոչ թե պարտադրված են արտաքին աշխարհից»:

Հաջորդ` ավելի բուռն ճգնաժամային փուլը, 45-50 տարեկան հասակն է, որը, ըստ հոգեբանի, «կյանքի կեսի ճգնաժամ» են անվանում, որի ժամանակ մարդը գիտակցում է, որ ժամանակային առումով կյանքի մեծ մասն արդեն ապրել է, մահվան վախ է ունենում: Ասում է. «Ճգնաժամային յուրաքանչյուր տարիքում մահվան վախի չափաքանակ կա, սակայն այս փուլում մահվան վախի զգացողությունը շատ ավելի մեծ է, ինչը կարող է մի կողմից ճնշող լինել, մյուս կողմից էլ մահվան հետ ցանկացած առերեսում կարող է ապաքինող լինել` մտածելով, որ կյանքի գիծը մոտենում է ավարտին, եւ որքան հնարավոր է՝ ճիշտ օգտագործենք մեզ տրված ժամանակահատվածը` մաքսիմալ իմաստավորված»: 

Լինում են դեպքեր նաեւ, երբ ճգնաժամային փուլում մարդը հասկանում է, որ ինքը հասել է այն բոլոր նպատակներին, որոնք իր առջեւ դրել էր`այժմ էլ կասկածելով` արդյոք դա ա՞յն էր, ինչն իրեն իրականում պետք էր: Եվ սա կարող է ավելի բարդ հաղթահարվել, քան այն դեպքերը, երբ մարդը գիտակցում է, որ չի հասցրել իր նպատակներն իրականացնել:

Հաջորդ ճգնաժամային փուլը ծերունական ճգնաժամն է` 60, 70 տարեկանը: «Եթե նախորդ ճգնաժամային փուլերը բարեհաջող հաղթահարվել են, այս տարիքային ճգնաժամը կընթանա հենց այդ տարիքի հասունությանը բնորոշ, իսկ հակառակ դեպքում չի բացառվում, որ 60-70 տարեկանի մոտ դիտարկենք իրավիճակներ, որոնք ավելի մոտ են դեռահասության ճգնաժամին,- նկատում է, ապա հավելում։- Այստեղ կարող ենք տեսնել, թե անձի զարգացման փուլերում մարդը որտեղ է բացթողումներ ունեցել: Իսկ թե որքանով է հնարավոր այդ բացթողումները հաղթահարել, կախված է անձի տեսակից ու ցանկությունից: Այսինքն` կյանքի յուրաքանչյուր փուլում մենք որոշակի դժվարություններ պետք է հաղթահարենք, բայց եթե չենք կարողանում հաղթահարել, դրանք մեզ հետ շալակած տանում ենք: Ու կյանքի որեւէ փուլում այդ դժվարությունները գլուխ են բարձրացնում»:

Խորհուրդ` ինչպես հաղթահարել

Ճգնաժամի հաղթահարման ժամանակահատվածը կախված է մարդու տեսակից կամ ճգնաժամային տարիքից. «Հասուն տարիքի ճգնաժամերի հաղթահարումն ավելի երկար է տեւում, քանի որ դրանք ավելի լուրջ ու գլոբալ խնդիրներ են լուծում: Որպես կանոն` հասուն տարիքի ճգնաժամերի հաղթահարումը հեշտ ձեռք չի բերվում»: 
• Ճգնաժամը հաղթահարելու համար կարեւոր են ներքին ռեսուրսները, նպատակներն ու ցանկությունները: Յուրաքանչյուրը հաղթահարման հենց իր ձեւը պիտի ընտրի, յուրաքանչյուրն իր ճանապարհն ունի: Մեկը մյուսի փոխարեն այդ ճանապարհը երբեք չի կարող հարթել:
• Մինչեւ դեռահասության ճգնաժամը խորհուրդներ պետք է տալ ծնողներին: Ստեղծեք այնպիսի պայմաններ, որ ոչ թե երեխայի մոտ ճգնաժամը չարտահայտվի, այլ հեշտ հաղթահարվի: Օրինակ` 1 կամ 3 տարեկան երեխաների հիմնական խնդիրն իրենց ինքնուրույնության հարցի լուծումն է: Այն ծնողները, որոնք գերխնամքի արդյունքում սահմանափակում են երեխային, 1 տարեկանը շատ լարված ու անհանգիստ է անցնում: Նույնը վերաբերում է 3 տարեկանին: 
• Դեռահասությունից հետո եկող յուրաքանչյուր տարիքային ճգնաժամ առերեսում է ինքդ քեզ հետ, ինքդ քեզ ճանաչելու շրջան է: Որքանով տվյալ անձը կկարողանա ավելի ազատ, անկեղծ ու բաց լինել ինքն իր հետ, թույլ տալ իրեն լսել իր ներքին ձայնը, քայլել իր ներքին ձայնին համընթաց, այդքան ավելի հեշտ կլինի հաղթահարումը: Իսկ երբ մենք փակում ենք մեր ներքին ձայնը, առաջնորդվում ենք ուրիշների ցանկություններով, պարտադրանքով, այնքան մեր ներսի բողոքը խանգարում է ճգնաժամի հաղթահարմանը: 
• Մի՛ վախեցեք ինքներդ ձեզանից, փորձե՛ք ավելի բաց լինել, փակ դռները բացելով` քայլեք ձեր ցանկություններին ընդառաջ, մի՛ վախեցեք դժվարությունները հաղթահարելուց:
• Եթե հասկանում եք, որ ինքնուրույն դրա հաղթահարումը ձեզ համար դժվար է, դիմեք հոգեբանի աջակցությանը:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ