Խնդիրը դադարում է զուտ արցախյան լինելուց

Խնդիրը դադարում է զուտ արցախյան լինելուց

Հայկական կողմի ջանքերը՝ Արցախը բանակցային սեղանի մոտ բերելու ուղղությամբ, ինչպես նաեւ Փաշինյանի հայտարարությունները, թե ինքը չի կարող բանակցել Արցախի փոխարեն, որովհետեւ արցախցիները չեն մասնակցում հայաստանյան համապետական ընտրություններին, նախապես ընկալվեցին որպես արցախյան կարգավորման գործընթացում հեղափոխական նոու-հաու, բայց, աստիճանաբար, իսկ համանախագահների վերջին աղմկահարույց հայտարարությունից հետո միանգամից հասկանալի դարձավ, որ այդ ամենի նպատակը բանակցությունների ձեւաչափը փոխելն է: Միջնորդներն իրենց հայտարարության մեջ ավելի բաց խոսեցին նաեւ ազատագրված տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու անհրաժեշտության մասին, ինչը նախապես ներկայացնում էին ավելի փափուկ ու նրբանկատ ձեւերով:

Ինչեւէ, Հայաստանին ժամանակ տրվեց մտածել մինչեւ Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպումը, որը տեղի է ունենալու մոտ ժամանակներս: Ալիեւը «վստահ է», որ հետ է ստանալու ազատագրված տարածքները: Դա նրան երաշխավորում են ՄԽ համանախագահները: Ալիեւի համար դա հիմա ժամանակի խնդիր է: Միջազգային հանրության աչքին հարցի կարգավորման բուն խոչընդոտը, պարզվում է, հայկական կողմն է, որ փորձում է «ձգձգել» կարգավորումը, բանակցությունների ձեւաչափի փոփոխությամբ առավելություն ստանալ «խաղաղասեր Ադրբեջանի» նկատմամբ: Այսօր ոչ ոք չի հիշում, որ Ադրբեջանն է պատերազմ սկսել Արցախի դեմ եւ պարտվել իր իսկ սանձազերծած պատերազմում:

Իսկ ի՞նչ ենք անում մենք` հայերս, երբ մեզ բառիս բուն իմաստով կանգնեցրել են հաղթած պատերազմի արդյունքում կապիտուլյացիայի ենթարկվելու պարտադրանքի առաջ, ինչը նոնսենս է մարդկության պատմության մեջ: Ակնհայտ է, որ Արցախում լրջագույն աշխարհաքաղաքական շահեր են բախվում, այլապես հարցը վաղուց էր լուծվել պատերազմում տարած վճռական հաղթանակով եւ որպես դրա հետեւանք` անկախության հանրաքվեով: Մենք` հայերս, հանիրավի չնկատելու ենք տալիս մեր տարածաշրջան աշխարհաքաղաքական նոր գործընթացների ներթափանցումը եւ անում ենք քայլեր, որոնք կա՛մ հակառակ են այդ գործընթացներին, կա՛մ նպաստում են դրանց արագացմանը: Թե՛ մեկը եւ թե՛ մյուսը մեր օգտին չէ: Մենք կարող ենք շատ ավելի լուրջ կորուստներով դուրս գալ 30 տարի ձգվող հակամարտությունից, եթե շարունակենք տուրք տալ Ժիրայր Սեֆիլյանի, Սամվել Բաբայանի եւ մյուսների արցախափրկիչ հրահրումներին: Ամենեւին չուրանալով այս մարդկանց ներդրումն Արցախյան ազատամարտում` հարկ է նշել, որ նրանց առաջ մղող ուժն արկածախնդրությունն է, ուրիշ` ոչինչ: Եթե նկատել եք, «Սասնա ծռերի» եւ Սամվել Բաբայանի նախաձեռնությունները հակասում են միմյանց, եթե չասենք, որ «Սասնա ծռերի» կազմակերպած` արցախցիներին ՀՀ քաղաքացի դարձնելու ստորագրահավաքն ունի մեկ նպատակ` թույլ չտալ, որ իրականանա Սամվել Բաբայանի ծրագիրը` Արցախի մանդատը տալ Ռուսաստանին: Ստացվում է` Արցախի հարցի շուրջ ներհայկական հակասություններ կան, ինչը, բնականաբար ձեռնտու է Ադրբեջանին եւ ադրբեջանամետ Մինսկի խմբին:

Նախ` Սամվել Բաբայանին հիշեցնեմ, որ մեր մանդատն ուրիշին տալու հետ կապված մի տխուր փորձ ունենք արդեն: Շուտով կլրանա ԱՄՆ-ին տված մեր մանդատի 100-ամյակը, եւ եթե մանդատը հարցը լուծելու լավագույն եղանակը լիներ, ապա մենք այսօր Վիլսոնի իրավարար վճռով գծված հայ-թուրքական սահման կունենայինք, բաց ծով` Տրապիզոն եւ Ռզա նավահանգիստներով: Ինչպես ասում են` անունը կա, ամանումը չկա, պարոն Բաբայան, եւ հաստատ այնպես չէ, որ եթե Արցախի մանդատը տանք Ռուսաստանին, Ռուսաստանը մեզ համար Քուռ գետով սահման կգծի:
Անկասկած, մերժելի է նաեւ «Սասնա ծռերի» նախաձեռնությունը, որի նպատակը, իրենց ասելով, Արցախը Ռուսաստանի ազդեցությանը չենթարկելն է: Սա էլ մի ուրիշ «հիվանդություն» է, որ նույնիսկ մանկական չես կարող որակել: Բանն այն է, որ մինչ օրս Արցախի ստատուս քվոն պահպանվում է, առանց չափազանցության, Ռուսաստանի ջանքերով, որովհետեւ Ռուսաստանն է ՄԽ-ում համանախագահող այն երկիրը, որի համար Արցախն Ադրբեջանի կազմում թողնելը հղի է բազմաթիվ տնտեսական եւ անգամ ազգային անվտանգության հետ կապված մարտահրավերներով: Սեֆիլյանը հիմա առաջարկում է Ռուսաստանին «վոն» անել եւ  հասնել ստատուս քվոյի փոփոխության` Արցախի Հանրապետության կարգավիճակն իջեցնելով Հայաստանի մարզի կարգավիճակի: Արկածախնդրությո՞ւն է: Իհարկե: Եվ առհասարակ, «Սասնա ծռերի» ո՞ր քայլն արկածախնդրություն չի եղել մինչ օրս` Հայաստանում, թե Արցախում: Պետք է միշտ հիշել` չարժե շատ շուռումուռ գալ վերմակի տակ, մանավանդ՝ երբ պառկած ես արջի կողքին:

Ժամանակին շատ խոսվեց Արցախի ստատուս քվոյի փոփոխության Լավրովի խորհրդավոր պլանի մասին: Ամենատարօրինակը հայկական կողմից հնչած գնահատականն էր` վերջ, Ռուսաստանը հանձնում է ազատագրված տարածքները: Ավելի ուշ՝ 2016-ին, ոչ պաշտոնապես, իհարկե, հայտարարեցինք, որ Ռուսաստանն է կազմակերպել ապրիլյան պատերազմը: Այսօր, երբ պարզվել է, որ կա ազատագրված տարածքները հանձնելու բոլթոնյան պլան, երբ իրողություն է փաստը, որ ապրիլյան պատերազմի 5-րդ օրը Բաքուն Մոսկվայից էր խաղաղություն խնդրում, Ժիրայր Սեֆիլյանը գնում է Արցախը Ռուսաստանից փրկելու: 

Հարց է առաջանում` լավ, ի՞նչ անենք․ հողերը խլում են, կարգավիճակ չեն տալիս, ստիպում են կապիտուլացվել: Պետք է փոխել հարցադրումը` իսկ ինչո՞ւ են ստիպում վերադարձնել ազատագրված տարածքները, ինչո՞ւ են մեզ կապիտուլացնում, ոտնահարում արցախցու ամենասուրբ իրավունքը` անկախությունը: Հարցն այսպես ձեւակերպելով կկարողանանք պարզել, որ գլխավոր հակամարտությունը ոչ թե հայ-ադրբեջանական է, այլ Արեւմուտք-արեւելյան, ավելի ստույգ` ռուս-ամերիկյան:

Մեզ համար արցախյան կարգավորման ամենադժվարին օրերը համընկել են Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ջերմացման փուլերի հետ: Այդ ջերմացումները կապված էին Ադրբեջանից արտահանվող գազի ողջ քանակությունը Ռուսաստանի կողմից գնելու եւ Նովոռոսիյսկով Եվրոպա մղելու ծրագրի հետ: Նույնիսկ պայմանագիր է կնքվել, բայց մնացել է անկատար` տխրահռչակ «ՆԱԲՈՒԿՕ»-ի ի հայտ գալով, որով ծրագրվում է ադրբեջանական գազը Վրաստանի տարածքով արտահանել Թուրքիա եւ Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանն ու, բնականաբար, Հայաստանը: Այս կապակցությամբ բազմաթիվ ճնշումներ են եղել Հայաստանի նկատմամբ, տրվել են խոստումներ, անգամ մեծ գումարներ են առաջարկել` Ռուսաստանից ու ազատագրված տարածքներից ձեռք քաշելու, ԼՂԻՄ տարածքով եւ Լաչինի միջանցքով բավարարվելու համար: Այսինքն` ճիշտ Ժիրայր Սեֆիլյանի ասածը: Այդքանից հետո էլ ո՞ւմ էր հետաքրքրելու` արցախցին ՀՀ քաղաքացի՞ է, թե՞ Ադրբեջանի: Կարելի է ասել` այս իրավիճակում մենք 30 տարի պահել ենք ստատուս քվոն, որովհետեւ ոչ մի երաշխիք չենք ունեցել, որ ազատագրված տարածքները հանձնելուց հետո Արեւմուտքը շարունակելու է մեզ հետ հաշվի նստել եւ կատարել իր խոստումները: Վերջում մեզ մնալու էր Ռուսաստանի հետ «թշնամանալն» ու էշ-նահատակ դառնալը, եթե այս գազային պատերազմում հաղթեր Ռուսաստանը:
«ՆԱԲՈՒԿՕ»-ի հետ կապված պատերազմը դեռ չի ավարտվել, ավելին, այն սկսվել է նոր թափով, թեեւ Արեւմուտքը ջախջախիչ պարտություն կրեց հյուսիսում` «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության հետ կապված:

Այդ գազատարով ռուսական գազն առանց միջնորդների կմղվի Եվրոպա` թուլացնելով «ՆԱԲՈՒԿՕ»-ի նշանակությունը: Այն կենսական նշանակություն կունենա Ռուսաստանի տնտեսության համար, որը ցավագին ցնցումների մեջ է ընկնում գազի մենաշնորհի կորստյան ցանկացած վտանգի դեպքում: Այո, Ռուսաստանը պատրաստ է պատերազմելու՝ այդ մենաշնորհը չկորցնելու համար, մինչդեռ Ադրբեջանը, որ իր ստեղծմամբ ու գոյությամբ ամբողջությամբ պարտական է Սովետական Միությանն ու մասնավորապես Լենինին, հայտնվել է Ռուսաստանին հարվածողների առաջին շարքերում: Եվ խնդիրը միայն ադրբեջանական գրեթե դատարկ գազահորերը չեն, այլ գազի այն քանակությունը, որ այդ երկիրը պատրաստվում է ներգրավել միջինասիական երկրներից եւ Ռուսաստանի քթի տակով տանել Արեւմուտք:

Այս ամենը հաշվի առնելուց հետո միայն պետք է հարց տալ` լավ, բա ի՞նչ անենք: Պետք է անել այն, ինչ մինչ այժմ ենք արել` բանակցել, բանակցել եւ կրկին բանակցել: Ղարաբաղի հարցը պետք է դառնա Կիպրոսի հարց, այսինքն` չլուծված հակամարտություն, հակամարտություն, որ չունի այլ լուծում, քան դե ֆակտո գոյություն ունեցող ստատուս քվոյի հետ համակերպվելը: Եվ պետք չէ նոր հեծանիվ հորինել: Ադրբեջանը չի համարձակվի պատերազմել, քանի դեռ իր գազային խնդիրները չի լուծել Ռուսաստանի հետ: Իսկ դա չի կարող լուծել, որովհետեւ Ադրբեջանի տերը ոչ թե Ալիեւն է, այլ «Բրիթիշ Փեթրոլիումը» եւ էներգակիրների  մյուս գիգանտները, որ զբաղված են Արեւելքի հարստությունների թալանով: Պատերազմ կարող է սկսվել միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանն ու Արեւմուտքը կորցնեն համաձայնության գալու վերջին հնարավորությունը:
Մեր կողմից արցախյան խնդրի հետ կապված ցանկացած ապուշ նախաձեռնություն  հղի է ոչ միայն ազատագրված տարածքները կորցնելու, այլեւ Արցախի ու Հայաստանի հարցը վերջնականապես փակելու վտանգով: