23 թեկնածու՝ մեկ տեղի համար

23 թեկնածու՝ մեկ տեղի համար

Երեկ ժամը 18-ին լրացավ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի թափուր անդամի տեղի համար անցկացվելիք մրցույթի վերջնաժամկետը, պարզվեց, որ դիմել է 23 մարդ, որոնցից երեքը՝ Վարդգես Ավետիսյանը, Լավրենտի Միրզոյանն ու Իրինա Բարսեղյանը, նաեւ Հանրային ռադիոյի տնօրենի դեռեւս չամփոփված մրցույթի մասնակիցներն են։ 23 հոգուց մեծ մասին, բացառությամբ մի քանի անդամների, հասարակությունը չի ճանաչում, իսկ թեկնածուներից մի մասին թերեւս միայն հին «տելեականները» կճանաչեն։

Ինչեւէ, առաջադրված թեկնածուներն են․ Լեւոն Դավթյան, հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյան, Հովհաննես Թովմասյան, լրագրող, սցենարիստ Արթուր Բախտամյան, Սամվել Գաբրիելյան, «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր Մեսրոպ Մովսեսյան, ռեժիսոր Արա Շիրինյան, Հանրային ռադիոյի մեկնաբան Վարդգես Ավետիսյան, Վահրամ Քոչարյան, Երեւանի նախկին փոխքաղաքապետ Արամ Սուքիասյան, ՀՌԱՀ իրավաբան Արմեն Մկրտչյան, Տիգրան Ռշտունի, «Լրաբեր» ծրագրի տնօրեն, Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի պետական կոմիտեի կոլեգիայի նախկին անդամ, «Արմենպրեսի» փոխտնօրեն Արայիկ Մանուկյան, ՀՌԱՀ նախագահ ու հեռուստապետկոմի նախկին նախագահ Տիգրան Հակոբյան, Իրինա Բարսեղյան՝ Թաթուլ Կրպեյանի այրին, Մովսես Գասպարյան, ԿԲ խոսնակ, սցենարիստ Հարություն Բերբերյան, լեզվաբան Լավրենտի Միրզոյան, ռեժիսոր Նունե Էլմասյան, լուծարված հանրային կարծիքի ուսումնասիրման ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, նախկին սոցապփոխնախարար Թամարա Գեւորգյան, ՀՌԱՀ նախկին նախագահ Գագիկ Բունիաթյան, հասարակական գործիչ, նախկին սոցապփոխնախարար Կարինե Հակոբյան, Վլադիմիր Հայրապետյան։ 

Վաղը մրցույթի կազմակերպման հանձնաժողովը ՀՌՀ-ի կողմից ստեղծված հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովին կներկայացնի փակ ծրարները, որոնք կբացվեն, եւ հարկ եղած դեպքում թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ Մենք մրցույթի աշխատակարգի, չափանիշների ու այլ հարցերի մասին զրուցել ենք նշված հանձնաժողովի անդամ, մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ։ Հիշեցնենք, որ մինչ այս նման հանձնաժողով երբեւէ չի եղել, եւ անդամներն առցանց ռեժիմով զրոյից մշակել են աշխատակարգ։ Նազենի Ղարիբյանին հարցրինք, թե հիմնական ինչ չափանիշներ են կարեւորվելու։ Նշեց՝ փորձ, մասնագիտական հմտություններ, հասարակական դաշտում ունեցած կշիռ, անունը։ «Իսկ ամենակարեւորը ներկայացվող տեսլականն է։ Հայեցակարգ՝ Հանրային հեռուստատեսության զարգացման, հետագա գործունեության, իր հորիզոնների։ Այդ տեսլականից շատ բան է կախված»,- ասում է Նազենի Ղարիբյանը։

Իրենց առաջին նիստին հանձնաժողովի անդամները քննարկում էին, թե հեղինակություն լինելն արդյոք սուբյեկտիվ գործոն չէ՞, որովհետեւ, ինչպես նշում էր հանձնաժողովի անդամ Սաթիկ Սեյրանյանը, հասարակության մի ստվար զանգվածի համար կարող է հեղինակություն լինել Արմենչիկը եւ ոչ հեղինակություն՝ Տիգրան Մանսուրյանը։ Արդյոք հանձնաժողովի անդամներն իրենց համար այս հարցը պարզել-որոշե՞լ են։ «Հարցն ավելի հեշտ է, որովհետեւ այն չի վերաբերում մշակութային, արվեստի գործունեությանը, այլ Հանրային հեռուստատեսությանը։ Այս կշիռը, ամեն դեպքում, պետք է պայմանավորված լինի հասարակական գործունեությամբ եւ հանրային գործունեությամբ»։ Մեկ հռետորական հարց Նազենի Ղարիբյանին․ ի՞նչ է անելու հանձնաժողովը, որ կոտրի այն կարծրատիպը, որ պայմանավորվածություններ չեն լինելու, կամ իրենց վերեւից չի ասվելու։

Ի պատասխան՝ Նազենի Ղարիբյանը կրկնեց Էդմոն Մարուքյանի հայտնի թեզը ուղտի մասին՝ այլ ձեւակերպմամբ․ «Ժողովրդավարական երկրներում ոչ թե մարդը պետք է ապացուցի, որ մեղավոր չէ, այլ մյուս կողմը, որ ինքը մեղավոր է»։ Նազենի Ղարիբյանը հավելում է․ «Մենք աշխատում ենք հստակ, մենք որեւէ կախվածություն չունենք, նորմալ հարաբերություններ ունենք հանձնաժողովի անդամների միջեւ, եւ եթե որեւէ մեկը գտնում է, որ ուղղորդված ենք, թող ապացուցի»։ Մրցութային հանձնաժողովը հայտերի ուսումնասիրման եւ խորհրդի նախագահի ընտրության վերջնական որոշումը կկայացնի մինչեւ ապրիլի 1-ը: