Եթե նախկիններն իշխանություն չունենալով կարողացել են դա անել, հալալ է իրենց

Եթե նախկիններն իշխանություն չունենալով կարողացել են դա անել, հալալ է իրենց

«Մեր հաղթանակները վաճառեցին. կապույտ եզրաշերտով սկուտեղի վրա մատուցեցին ադրբեջանցիներին ու նրանց կոշիկները լիզելով՝ անհոգ ֆռֆռում են»: Մայիսյան հաղթանակները կիսով չափ նվազեցնելու մեղադրանքը գործող իշխանությանն ուղղելով՝ ասում է «Տիգրան Մեծ» ռազմական վարժարանի հիմնադիր-տնօրեն, գնդապետ Կորյուն Ղումաշյանը:

Շուշիի մասին խոսելիս՝ երեք պատերազմ անցած հրամանատարը չի կարողանում զսպել հուզմունքը: «Լավ է, որ գոնե ֆահմեցին՝ Կոմանդոսին հետմահու ազգային հերոսի կոչում տվեցին: Չնայած դա մի քիչ սփոփում է ցավս՝ չի զսպում զայրույթս, երբ հիշում եմ, թե ոնց դավաճանեցին հայոց բերդաքաղաքը»:

Շատերի պես՝ Ղումաշյանն էլ է պնդում, որ Շուշին հանձնել են: «Դաժան է հիշել, թե ոնց Տեղ գյուղի ձորից կրակեցին Շուշիի ուղղությամբ, կասետները բացվեցին հենց քաղաքի վրա, ես այդ ժամանակ Շուշիում էի, աչքովս եմ տեսել»: 

Նա, զինվորների հետ, ոչ մի օր չի լքել դիրքերը: Թե ով եւ երբ է հասցրել դավաճանել ու զինվորներին փախուստ «պարտադրել», չի տեսել: Ինքն ու իր տղաները մինչեւ վերջ թեժ մարտերի մեջ են եղել՝ չիմանալով, որ պատերազմի ելքն արդեն որոշված է: «Թող իրենց պարտությունը զինվորի վրա չգցեն: Ես զինվորի ցավը տանեմ. մինչեւ վերջ կռվել է, մինչեւ վերջ հաղթանակի հույս է ունեցել: Իշխանությունը նախկիններին է մեղադրում, թե բա՝ դավաճանել են, փախուստ հրահրել: Եթե նախկիններն իշխանություն չունենալով կարողացել են այդքանն անել, ուրեմն հալալ է իրենց: Բա դու էլ ո՞վ ես, ո՞ւմ ես պետք»:

Գնդապետ Ղումաշյանը վերջերս ծանր վիրահատություն է տարել: Երեք պատերազմներում տարբեր վիրավորումներ ստանալուց եւ ողջ մնալուց հետո, երբ հայտնվել է վիրահատական սեղանին, հավատացել է, որ վիրահատությունը բարեհաջող է անցնելու: «Մտածում էի՝ չեմ կարող պարտված հեռանալ կյանքից. ողջ եմ մնալու, որ առաքելությունս մինչեւ վերջ կատարեմ: Էս պետության վրա հույս չեմ դնում, որովհետեւ պետություն՝ որպես այդպիսին, չունենք: Եթե մի պետություն պատերազմի օրերին զորքի համալրում չի անում, իսկ պատերազմից հետո ցրում է բանակը, որ Ալիեւին հաճոյանա, ես այդ պետության հետ հույսեր չեմ կապում: Հույսս իմ ու իմ նման հազարավոր տղերքի վրա եմ դրել, որ երկիրը դուրս բերենք էս ճգնաժամից:

Սրանք Ֆեյսբուքով երկիր են ղեկավարում, Ֆեյսբուքով պատերազմ արեցին, փորձելու են Ֆեյսբուքով նաեւ ընտրություն կազմակերպել: Այլեւս թույլ չենք տալու: Մենք արյուն չենք թափել, որ թողենք էս ամենը մարսեն»:

Հույս չկապելով գործող իշխանության հետ, որին մեղադրում է Ալիեւի կամակատարը լինելու մեջ, հրամանատարը չի հասկանում նաեւ այն գեներալներին, որոնք համախմբվել են Փաշինյանի շուրջը: Նրանց, այդ թվում՝ Գագիկ Մելքոնյանին, Սամվել Բաբայանին եւ այլոց, անվանում է «աբիժնիկներ»: «Խոսքս Սամոյին եմ ուղղում (նկատի ունի Սամվել Բաբայանին). երկիրն ի՞նչ մեղավոր է, որ դու Քոչարյանի ու Սերժի հետ խնդիրներ ունես…»։