Բուհերն իրոք շատ են, բայց Թատերական ինստիտուտը մի հատ է

Բուհերն իրոք շատ են, բայց Թատերական ինստիտուտը մի հատ է

Բուհերի օպտիմալացման թեման նորից շրջանառության մեջ մտավ, հատկապես այն բանից հետո, երբ նախօրեին ԱԺ-ում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց, որ «ինչպես մասնավոր բուհերն են մեր երկրում անբնական շատ, այնպես էլ պետական բուհերը»։ Նախօրեին, օրինակ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի մի խումբ ուսանողներ ինստիտուտի դիմաց նստացույց էին անում, քանի որ, շրջանառվող լուրերի համաձայն, բուհը միավորվելու է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ։  

Թատերականի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ լուրջ չեն այդ լուրերը, ամեն դեպքում՝ հույս ունի, որ լուրջ չեն․ «Անկեղծ ասած, չգիտեմ՝ լուրջ հիմք կա՞, թե՞ չկա, հիմա նախարարությունը ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում, միայն ասում են, որ այդ օպտիմալացման խնդիրը պետք է քննարկվի եւ ուսումնասիրվի։ Այս պարագայում չեմ կարող ասել՝ մտքներին ինչ կա․․․»։ Այդ դեպքում որտեղի՞ց եւ ինչո՞ւ են շրջանառվում այդ լուրերը, եթե լուրջ որեւէ բան չկա։ «Չգիտեմ․․․, ամեն դեպքում, չեմ զարմանում, որովհետեւ օրը մի լուր է շրջանառվում, ու չես իմանում՝ ճի՞շտ է, թե՞ սխալ»։

Գուցե պատճառն այն է, որ թե՛ ինքը, թե՛ Սլավոնական համալսարանի ռեկտորը հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում։ «Ինձ այսօր էլի հարցրեցին այդ մասին, ասելով՝ իշխանությունները մուռ են հանում քեզնից, որովհետեւ ընդդիմադիր ես․․․, բայց, նախ, ի՞նչ ընդդիմադիր, եւ ինչի՞ն եմ ընդդիմադիր, բազմաթիվ անգամ ասել եմ, որ դա ընդամենը արժանապատվության խնդիր է։ Երկրորդ․ եթե մուռ են հանում, թող առաջինը համալսարանից հանեն, առաջինը նա է դեմ դուրս եկել, բայց օրենքով հատուկ կարգավիճակ տվեցին ԵՊՀ-ին։ Ամեն դեպքում չեմ կարծում, որ նման էժան քայլեր արվեն»։

Դիտարկմանը, որ գուցե նմանօրինակ լուրերով հող են նախապատրաստում, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի 2-րդ ընթերցման ժամանակ նման փոփոխություններ արվեն, Լ․ Արզումանյանն ասաց․ «Չգիտեմ, համենայնդեպս, ռեկտորների խորհուրդ է հրավիրված ամսի 16-ին, երեւի նորից քննարկվելու է այդ օրենքը ու նաեւ այս հարցը»։

Եթե պատկերացնենք, որ պետությունը գնում է այդ քայլին եւ միավորում է այդ 2 բուհերը, դա ինչպե՞ս կանդրադառնա կրթության վրա։ «Դա ուղղակի կլինի խայտառակություն, չի կարելի նման բան անել»,- ասում է Արզումանյանն ու նկատում, որ միայն այդ լուրից ողջ թատերական եւ կինոաշխարհն ընդվզեց, ուստի չի կարծում, որ այն լրջորեն քննարկվի․ «Իհարկե, կպայքարեն բոլորն էլ, բայց չեմ կարծում, որ այդ մառազմն իրականացվի, նման անհեթեթություն լինի»։

Ռեկտորը նախօրեին խոսել է նաեւ անհանգիստ ուսանողների հետ, որոնց մի մասը երեկ նստացույց էր անում բուհում․ «Այսօր արդեն հանգիստ են, դաս են անում»։

Այն, որ ԱԺ-ում օրինագծի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Դումանյանն իր խոսքում ընդգծեց, որ թե՛ մասնավոր բուհերն են մեր երկրում անբնական շատ, թե՛ պետական, գուցե արդեն նման պրոցե՞ս է գնում՝ ելնելով այս տրամաբանությունից։ «Ես չգիտեմ, բայց այս հարցում անձամբ նախարարի հետ համաձայն եմ, բուհերն իրոք շատ են, բայց երբ ես ասում եմ՝ բուհերը շատ են, դա չի նշանակում՝ Թատերական ինստիտուտը։ Մենք ունենք մի Թատերական ինստիտուտ, մի Կոնսերվատորիա, մի Գեղարվեստի ակադեմիա, մի-մի մշակույթի փոքր բուհեր։ Իսկ, օրինակ, կա ահռելի տնտեսագիտության համալսարան եւ մի մեծ տնտեսագիտության ֆակուլտետ համալսարանում, դա շատ չէ՞»։

Այն դիտարկմանը, որ Մանկավարժական համալսարանում էլ կա կուլտուրայի ֆակուլտետ, որտեղ դասավանդում են ռեժիսուրա, բեմական խոսք, եւ հենց այդ տրամաբանությամբ էլ իշխանությունները կփորձեն միավորել այդ 2 բուհերը, ռեկտորն ասաց․ «Կարծում եմ՝ այդ կրկնությունները պետք է վերանայվեն, որ միայն մասնագիտական բուհեր լինեն, մի հատ ուսումնասիրեք, թե բուհերում քանի իրավաբանական ու տնտեսագիտական տեղ կա։ Պետք է վերանայել»։ Գուցե թատերականի ու մանկավարժականի դեպքում էլ վերանայեն ու միացնեն իրար։ «Ոչ, դա անհեթեթ է, այդ տարբերակը չի կարող լինել»,- ընդգծեց թատերականի ռեկտորը, ով ավելի ուշ ԵԹԿՊԻ ֆեյսբուքյան էջում փոքրիկ հայտարարությամբ հանդես եկավ՝ եւս մեկ անգամ նշելով, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միավորելու լուրը, որն «իրականում օդից կախված էր, որը եւ մտահոգության ու ընդվզման առիթ դարձավ բուհի ուսանողների շրջանակում, չի համապատասխանում իրականությանը»: