Միայն այլասերվածները կարող են իրենց մտքով նման գաղափար անցկացնել

Միայն այլասերվածները կարող են իրենց մտքով նման գաղափար անցկացնել

Աժ-ն դեմ քվեարկեց «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթին։

Պատգամավորների հիմնական մտահոգությունն օրինագծի այն դրույթի առնչությամբ էր, որ 14 տարեկան անձինք կկարողանան ինքնուրույն հանձնել ՄԻԱՎ-ի թեստ եւ իմանալ իրենց կարգավիճակը: Ոստիկանության գեներալ մայոր, վաստակավոր իրավաբան Գագիկ Համբարձումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծի նպատակն իրականում «զուգընկեր» տերմինն իրավական դաշտ մտցնելն է․ «Օրերս ԱԺ-ն հաստատեց հերթական նստաշրջանում քննարկվելիք օրինագծերի փաթեթը, օրակարգը հաստատվեց, եւ ծանոթանալով այդ հարցերի, օրինագծերի շրջանակին՝ իմ առաջին արձագանքը զայրույթն էր եւ գայթակղությունը՝ դա անվանել գործող իշխանության հերթական հիմարությունը, հերթական ապուշ քայլը, սակայն զայրույթն անցնելուց հետո, սառը գլխով վերլուծություն կատարելով՝ ես հանգեցի այն եզրակացությանը, որ դրանք հիմարություն չեն։ Առաջին պահին հիմարություն էի համարում, որովհետեւ օրինագծերի այդ կույտը որեւէ կապ չունի այսօր երկրի առաջ ծառացած այդ ահավոր խնդիրների լուծման հետ, բայց առավել սառը դատողությամբ հասկացա, որ նրանց խնդիրն է՝ երկիրը կործանել, ազգային արժեքները վերացնել։

Այն օրինագծերը, որ բերվել են Ազգային ժողով, ընդհանուր կործանող, ոչնչացնող գործողությունների ամբողջական շղթայի փոքր օղակներն են, որոնք իրենք իրականացնում են շատ մարտնչող համառությամբ եւ անզուսպ հետեւողականությամբ։ Որպեսզի դա մերկապարանոց չհնչի, անդրադառնամ հենց Ձեր նշած օրինագծին, բայց ոչ միայն դրան, քանի որ Ձեր նշած օրինագծի հետ կապ ունի մեկ այլ օրինագիծ։ Կանխարգելման մասին այդ օրենքի այդ ողջ անկապ ձեւակերպումների մեջ առանձնանում է ընդամենը մի բառ՝ «զուգընկեր» տերմինը, որպես ավանդական «ամուսիններ» հասկացության հետ համազոր տերմին։ Դա միասեռականների սեռական կապն է, այսինքն՝ վերաբերում է արվամոլներին եւ լեսբուհիներին, նրանց կապը հավասար հարթության մեջ են դնում օրինական ամուսինների կարգավիճակի հետ, եւ այնտեղ դա օգտագործել են այն կոնտեքստում, որ երբ վարակված անձը հայտնաբերվում է, եթե գործող օրենսդրությամբ պետք է տեղեկացնի իր ամուսնուն, ապա այս փոփոխությամբ՝ զուգընկերոջը։ Այդ արատավոր տերմինը մաս էր կազմում այն Ստամբուլյան կոնվենցիային, այն մերժված, հանրության ընդվզման արդյունքում օրակարգից հանված կոնվենցիային, որ իրենք չկարողացան անցկացնել։ Բայց քանի որ այս իշխանությունը գործակալներից եւ տարբեր ազգադավներից բաղկացած իշխանություն է, օտարերկրյա տերերից արդեն արժեքների քայքայման, ոչնչացման ուղղությամբ աշխատելու համար արդեն վճարները ստացել են եւ պետք է արդարացնեն այդ վճարները, փորձում են զարտուղի ճանապարհներով իրավական դաշտ ներմուծել նման տերմիններ, ինչը պարզապես խայտառակություն է։ Նույն ձեւով շրջանցելով ամեն ինչ՝ կարողացան անցկացնել Լանզարոտեի կոնվենցիան արտակարգ դրության պայմաններում, երբ արգելվում էին հանրահավաքները, բողոքի ցույցերը եւ այլն։ Սրանով շատ ավելի քողարկված, զարտուղի ճանապարհ են որդեգրել, եւ Ձեզ հավատացնում եմ, որ եթե սա դրանց հաջողվի, ապա հաջորդ նստաշրջանում, եթե, իհարկե, նրանք գոյատեւեն մինչեւ հաջորդ նստաշրջան, ապա փոփոխություն կկատարեն Ընտանեկան օրենսգրքում՝ արդեն այս «զուգընկերների» ամուսնության օրինական, իրավական տեսքով, իսկ վերջնակետն այն կլինի, որ այդ այլասերված միությանն իրավունք կվերապահեն երեխաների որդեգրման, այսինքն՝ հիմք կդնեն մանկապղծությանը, ինչը որեւէ կերպ չի կարելի թույլ տալ։ Այս օրինագիծն օգտագործելով՝ նրանք այս փաստն են բերում իրավական դաշտ»։

Իսկ ինչո՞ւ ապաքրեականացնել ՁԻԱՀ-ով վարակելը՝ հարցրինք Համբարձումյանին։ «Դա հաջորդ օրինագիծն է, որով նախատեսվում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում՝ մասնավորապես 123-րդ հոդվածում, որտեղ քրեական պատասխանատվություն է նախատեսված, երբ ՁԻԱՀ-ի վիրուսով մեկ ուրիշ անձի անզգուշությամբ կա դիտավորությամբ վարակելու գործողությունների համար։ Ներկայացնեմ այդ հոդվածը, այն ունի 3 մաս․ 1-ին մասով նախատեսվում է քրեական պատասխանատվություն, երբ որ ՁԻԱՀ-ով հիվանդ անձնավորությունն իր գործողություններով մեկ այլ անձի ակնհայտ վարակման վտանգի է ենթարկում, այսինքն՝ չի վարակում, բայց ենթարկում է ռեալ վտանգի՝ իմանալով, որ ինքը նման հիվանդությամբ հիվանդ է։ Գործող օրենսդրությամբ՝ դրա համար պատիժ է նախատեսվում․ տուգանք, 2 ամսով կալանք եւ առավելագույնը 1 տարի ազատազրկում։ 2-րդ մասը վերաբերում է նրան, որ երբ ՁԻԱՀ-ով հիվանդ անձնավորությունը հանցավոր ինքնավստահությամբ կամ դիտավորությամբ այդ հիվանդությամբ է վարակում մեկ այլ անձի, որի համար նախատեսվում է պատիժ՝ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։ Եվ կա հոդվածի ծանր, որակյալ մասը՝ 3-րդ մասը, որն առավել ծանր պատիժ է նախատեսում, եթե այդ հիվանդը, իմանալով իր հիվանդության մասին, դիտավորյալ կամ անզգուշությամբ վարակում է 2-ից ավելի անձի, հղի կնոջ կամ անչափահաս երեխայի, որի համար նախատեսվում է պատիժ 3-8 տարի ժամանակով։ Այս հոդվածն ընդունվել է 2003 թվականին, դեռ այն ժամանակ՝ քննարկումների ընթացքում, ես հարց բարձրացրի, որ այս վտանգավոր հանցատեսակի համար նախատեսված պատիժները համարժեք չեն եւ համադրելի չեն նմանատիպ այլ հանցագործությունների հետ, մասնավորապես՝ կյանքի եւ առողջության դեմ ուղղված այլ հանցագործությունների։

Օրինակ՝ մարդուն ծանր մարմնական վնասվածք պատճառելը, որը սպանությունից հետո ամենածանրն է, օրինակ՝ եթե մարդը ստանում է ձեռքի կամ ոտքի կոտրվածք, դա բուժելի է եւ հետագայում խոչընդոտ չէ նրա ՝ ապրելու, աշխատելու եւ ընդհանրապես գոյություն ունենալու համար, դրա համար, ըստ օրենսգրքի, նախատեսվում է մինչեւ 7 տարի ազատազրկում, իսկ դրա որակյալ, ծանր տեսակների համար՝ մինչեւ 10 տարի։ Հիմա պատկերացրեք, որ մեկը վարակվում է սպիդով, ապա նա զրկվում է իմունային համակարգից եւ որեւէ հիվանդության հետեւանքով նա անպայման մահանալու է, եւ շատ ավելի վատ հետեւանքը՝ սոցիալական ու բարոյական․ եթե որեւէ մեկը վարակվում է այդ հիվանդությամբ, ապա ոչ միայն նա ու իր կինը, այլեւ ողջ ընտանիքով հասարակության մեջ դառնում են իզգոյ, բոլորի կողմից վանված եւ մերժված, հասարակությունը փորձում է խուսափել նրանցից, ո՛չ շփվել, ո՛չ բարեւել։ Եվ նման ծանր արարքի համար, երբ գիտի, որ ինքը հիվանդ է ու դիտավորությամբ վարակում է մեկ ուրիշին, դրա համար նախատեսել էին ընդամենը 5 տարվա ազատազրկում, ես այն ժամանակ էլ համարել եմ շատ չարդարացված մեղմ։ Իսկ հիմա ի՞նչ են անում այն նոր, հանցավոր իշխանությունները, նրանք ապաքրեականացնում են ոչ միայն ուրիշին վարակելու ռեալ վտանգը, ապաքրեականացնում են անգույշ կամ հանցավոր ինքնավստահությամբ վարակելու գործողությունը եւս եւ դիտավորությամբ վարակելը՝ նման ծանր սոցիալական հետեւանքներ ունեցող արարքի պատիժը 5 տարի ազատազրկումից իջեցնում են 3 տարի։ Ինչ վերաբերում է ծանր դեպքերին՝ 2-ից ավելի մարդու վարակելը, հղի կանանց եւ անչափահասներին, ապա դրա պատիժը 8 տարուց իջեցնում են 7 տարի։ Ես սա կբնութագրեմ հետեւյալ կերպ․ այս փոփոխության հեղինակները, լինելով այլասերված․․․, այդ հիվանդության առաջին կրողներն ու տարածողները թմրամոլներն են եւ այլասերվածները, եւ, հետեւաբար, միայն այլասերվածները կարող են իրենց մտքով նման գաղափար անցկացնել՝ մեղմացնել եւ ապաքրեականացնել նման հանցագործությունը, որովհետեւ եթե մի արարքն ապաքրեականացվում կամ մեղմացվում է, ապա պետականորեն խրախուսվում է դրա տարածումը, իրականացումը։ Այ, սա է նրանց մեծագույն ցանկությունը»,- ասաց Համբարձումյանը։

Օրենքի նախագիծը չընդունվեց 45 կողմ, 46 դեմ եւ 10 ձեռնպահ ձայներով։