Արցախի բանակը գլխատելը Փաշինյանի առաջին քայլերից է եղել․ Վազգեն Մանուկյան

Արցախի բանակը գլխատելը Փաշինյանի առաջին քայլերից է եղել․ Վազգեն Մանուկյան

Կա այսպիսի խոսք՝ եթե դու խնդիր ես լուծում և անհաջողության ես հասնում, ապա ոչ թե խնդիրը փոխիր, այլ փոխիր քո մեթոդները։ Խնդիրը պետք է լուծել, բայց ոչ այս վիճակի մեջ։ Ոնց հավատացինք այդ քաղցր խոսքերին, ինչ կատարվեց Հայաստանի հետ։ Մենք թշնամացանք իրար հետ։ Այս մասին քիչ առաջ ազատության հարապարկում ընթացող հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց Հայրենիքի փրկության խորհրդի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Արցախի լավագույն հրամանատարները, որոնք փորձ ունեին, հեռացվեցին այդ բանակից։ Պատերազմի ժամանակ, երբ ես Ղարաբաղում էի, նրանք սպասում էին դռան մոտ, Նիկոլը ցուցակ էր գրել, թե ով իրավունք ունի մտնելու շտաբ։ Եվ այդ գեներալները իրավունք չունեին շտաբ մտնելու։ Վարկաբեկվում էր Հայաստանի բանակը։ Մենք կորցրեցինք մեր բոլոր դաշնակիցներին։ 
Ռուսաստանի պես հզոր դաշնակիցը կորցրեց վստահությունը մեր նկատմամբ, Չինաստանը երեսը շուռ տվեց, Իրանը մեզ չէր վստահում, և այդպես միայնակ գնացինք առաջ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի իրարամերժ հայտարարություններն ամեն օր մեզ մոտեցնում էին պատերազմի», - ասաց Վազգեն Մանուկյանը։ 

«Մենք կարող էինք կանխել, հաղթել, կամ շուտ վերջացնել պատերազմը՝ փոքր կորուստներով։ Այդ ամենը չեղավ։ Հիմա դրան ավելանում է մի երկրորդ խայտառակություն. աշխարհում ոչ մի ժողովուրդ չի կարողանում հասկանալ հայերին, որ այն առաջնորդը, որը հետևողականորեն ժողովրդին տարավ պարտության, մինչև հիմա ղեկի մոտ է։ Այդպիսի բան աշխարհում չի լինում», - պնդեց նա։