Ոմանք մեր քայլը չընկալեցին, է՛լ կապեցին Սորոսի, է՛լ ջհուդի, է՛լ չգիտեմ ում հետ

Ոմանք մեր քայլը չընկալեցին, է՛լ կապեցին Սորոսի, է՛լ ջհուդի, է՛լ չգիտեմ ում հետ

Հարցազրույց Արցախի հերոս, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ:

- Պարոն Բաբայան, մարտի 31-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Ձեր կուսակցությունը՝ «Միասնական հայրենիք»-ը, նախնական տվյալներով, 23,63 տոկոս ձայն է հավաքել։ Արդարացա՞ն Ձեր սպասումները, թե՞ ավելին էիք ակնկալում:

- Սպասում ենք, հաշվարկումների մեջ ենք, հնարավոր է փոփոխություններ լինեն, վերջում կասենք:

- ԿԸՀ նախագահն ասաց, որ վերջնական արդյունքները չնչին տարբերություն են տալու:

- Չնչին է, թե չնչին չէ, բայց կլինի ինչ-որ բան: Ամեն դեպքում, մենք ավելին էինք ակնկալում:

- Ո՞րն է պատճառը, որ չարդարացան Ձեր սպասելիքները:

- Իմաստ չունի այդ մասին բարձրաձայնեմ:

- Հնարավո՞ր է բողոքարկեք:

- Ամեն ինչ ներքին կարգով կփորձենք կարգավորել՝ առանց մեծ աղմուկ բարձրացնելու:

- Դուք նախագահի թեկնածուներից Մասիս Մայիլյանին էիք աջակցում, ապրիլի 14-ին երկրորդ փուլ է լինելու, նորից կաջակցե՞ք Մայիլյանին:

- Դեռ թող երկրորդ փուլի թեկնածուները հայտարարեն, տեսնենք՝ երկրորդ փուլ լինելո՞ւ է, թե՞ ոչ, նոր կխոսենք:

- Տեղեկություններ են շրջանառվում, որ Մայիլյանը կարծես մտադիր է հրաժարվել երկրորդ փուլից:

- Դե բա տեսնո՞ւմ եք, հարցի պատասխանն ունեք: Իմ կարծիքով, արդեն պիտի հայտարարած լիներ, որ չի ուզում մասնակցի երկրորդ փուլին, ինչքան ես գիտեմ: Բայց սպասենք, կհայտարարեն, էլի:

- Իսկ գիտե՞ք, թե ինչու չի ուզում մասնակցել:

- Եկեք սպասենք, տեսնենք ինչ են հայտարարում: 

- Ասում են՝ Մայիլյանի ձայներն իրականում Ձերն են, Ձեր շնորհիվ է այդքան ձայն հավաքել, իրեն աջակցող դաշինքը նույնիսկ չանցավ խորհրդարան:

- Դե որ էդքանը գիտեք, էլ ի՞նչ եք հարցնում: Ինչ վերաբերում է Մասիս Մայիլյանին, ինքը պետք է որոշում կայացնի, ես հայտարարել եմ իրեն աջակցություն՝ ելնելով մի շարք պատճառներից, որովհետեւ Արայիկ Հարությունյանն առանց մրցակցի էր մնացել, իսկ այդ պարագայում կկենտրոնանային պառլամենտի վրա, դրա համար էլ մենք այդ քայլն արել ենք, ինչը ոմանք լավ չեն ընկալել՝ է՛լ կապեցին Սորոսի, է՛լ ջհուդի, է՛լ չգիտեմ ում հետ:

- Ձե՛զ չէին կապում, այլ Մասիս Մայիլյանին, ում աջակցելու համար Հայաստանից սորոսականների խումբ էր գործուղվել Արցախ:

- Հասկանալի է, խնդիրը հետեւյալն է․ ամեն ինչի ռազմավարություն եւ տակտիկա կա, նեուժելի՞ մեկը չհասկացավ, թե ինչի համար էինք անում:

- Փաստորեն, Դուք Ձեր համար եք աջակցել:

- Չէ, հարեւանիս համար (ծիծաղում է):

- Կարո՞ղ ենք ասել, որ եթե Մայիլյանը մասնակցի երկրորդ փուլին, Դուք այլեւս նրան չեք աջակցի:

- Եթե չեմ սխալվում, ապրիլի 7-ին կհայտարարեն վերջնական արդյունքների մասին, սպասենք այդ օրվան, որից հետո կասենք՝ ե՛ւ ընտրությունների գնահատականը կտանք, ե՛ւ նաեւ կասենք մեր դիրքորոշումը՝ ում կաջակցենք կամ չենք աջակցի, թե ընդհանրապես ձեռնպահ կմնանք: Իսկ եթե լավ խելոք լինես, ձեռնպահ կմնաս, չէ՞:

- Հասկանալի է: Պարոն Բաբայան, ընտրությունների հաջորդ օրվանից մեզ լուրեր են հասնում, որ Ձեր դիրքորոշումը կարող է առանցքային լինել երկրորդ փուլի համար, այդ իսկ պատճառով էլ բանակցում են Ձեզ հետ կոալիցիոն կառավարման, բարձր պաշտոններ տալու շուրջ: Հնարավոր համարո՞ւմ եք, որ կոալիցիա ձեւավորեք խորհրդարանի մեծ թվով ձայն ստացած ուժի՝ Արայիկ Հարությունյանի ուժի հետ:

- Ես մինչեւ այս պահը որեւիցե մեկի հետ ո՛չ հանդիպել եմ, ո՛չ էլ քննարկում եմ ունեցել նման հարցերի շուրջ։ Երկրորդ․ մենք դեռ թվերը ճշտենք, հասկանանք, թե ով ինչքան ձայն ունի ու ինչպես է ստացել, նոր կանցնենք հաջորդ քայլին: Իշխանության թեւն իր կոալիցիան պետք է կազմի, ում հետ է կազմելու, ինչպես՝ մի փոքր համբերեք, պարզ կդառնա:

- Պարոն Բաբայան, այդուհանդերձ, ասում են, որ եթե Արայիկ Հարությունյանի հետ լեզու գտնեք, կոալիցիա կազմեք, միայն այդ դեպքում երկրորդ փուլ չի կայանա:

- Արայիկ Հարությունյանի հետ չեմ հանդիպել, նման խնդիրներ չենք քննարկել: Երկրորդը․ ես տեղյակ չեմ՝ ինչի մասին է, ես դեռ շնորհակալություն չեմ ասել մեր ժողովրդին, որովհետեւ մի հատ ստուգենք, հասկանանք՝ ինչ ենք մենք վերցրել, նոր մեր տեսակետը կհայտնենք:

- Տեսականորեն չեք բացառում կոալիցիան:

- Տեսականորեն ոչ մի բան… ես բազմիցս եմ հայտարարել, որ մենք գալիս ենք ծրագիր իրականացնելու, ուրիշ ոչ մի ամբիցիա չկա, եթե մեր պայմաններն ու իրենցը համընկնեն՝ ոնց աշխատել, ինչպես անել, կխոսենք:

- Պարոն Բաբայան, անընդհատ ասում եք՝ սպասենք վերջնական արդյունքներին, ինչ-որ բա՞ն եք պատրաստվում կամ ակնկալում եք, որ մի քանի տոկոսով կփոխվի՞ ձայների քանակը:

- Եթե կան խնդիրներ, դրա մասին կիմանաք, միգուցե 26 տոկոս էլ դառնա, 37 էլ։ Սպասենք:

- Եվրամիությունը եւ մի շարք երկրներ շտապեցին հայտարարել, որ չեն ճանաչում Արցախի ընտրությունների արդյունքները եւ պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը: Որոշ գնահատականներով, այս տարի նման հայտարարությունները կարծես ավելացել են, ի՞նչ կասեք այդ մասին:

- Մենք՝ հայերս, միշտ փորձում ենք ուրիշների կարծիքն իմանալ… Գիտեք, Ադրբեջանը դիմում է, իրենք էլ հայտարարում են, բայց մենք չպիտի եսիմինչ ուշադրություն դարձնենք նման հայտարարություններին, մենք երկիր ենք, ունենք ճանաչված երկիր՝ վերջ, մնացածը կախված է, թե ինչ զարգացում է ապրելու Արցախն ապագայում տնտեսական, քաղաքական եւ ռազմական ուղղություններով:

- Ադրբեջանը դիմում է, ողջունում է, Հայաստանի ԱԳՆ-ն՝ լռում, կարծում եք՝ ճի՞շտ մոտեցում է:

- Պետք չէ հակադարձել, մենք գործով պետք է ապացուցենք, որ ինքնուրույն ենք, որեւիցե անգամ Ադրբեջանի մաս չենք լինելու ու պատկերացում էլ չունենք, թե ինչի մասին է դա: