Վահագն Խաչատուրյանը խմբագրել է Արցախի նորագույն պատմությունը

Վահագն Խաչատուրյանը խմբագրել է Արցախի նորագույն պատմությունը

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն այս տարվա մարտի 3-ին Վահագն Խաչատուրյանին նշանակեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում: Նա այդ պաշտոնում փոխարինեց Արմեն Սարգսյանին, ով թեեւ իր պաշտոնավարման չորսուկես տարիներին աչքի չընկավ վառ արտահայտված քաղաքացիական դիրքորոշմամբ, բայց, միեւնույն ժամանակ, ամեն ինչ արեց գործող իշխանության հետ չնույնականանալու, նրա կողմից վարվող հակապետական եւ հակազգային քաղաքականությանը չաջակցելու համար: Փաշինյանի կողմից կապիտուլյացիայի ստորագրումից հետո Արմեն Սարգսյանը պահանջեց Փաշինյանի հրաժարականը: Մինչդեռ Վահագն Խաչատուրյանն իրեն պահում է Փաշինյանի աշխատակազմի կրտսեր մասնագետի պես՝ հլու-հնազանդ ծառայելով նրան:

Հանուն ճշմարտության պետք է ասել, որ, ի տարբերություն Փաշինյանի աշխատակազմի այլ ներկայացուցիչների, պաշտոնի բերումով, տարբեր առիթներով Վահագն Խաչատուրյանի անունից ինչ-որ հայտարարություններ ու ուղերձներ են հրապարակվում: Օրինակ, նախորդ օրը՝ 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցի օրը, Վահագն Խաչատուրյանի անունից մի ցավակցական ուղերձ հրապարակվեց: Ուղերձում Խաչատուրյանը ցավակցում է պատերազմի զոհերին, խոնարհվում զոհվածների հիշատակի առաջ, եւ առիթին հարիր այլ ստանդարտ մտքեր ու արտահայտություններ: Ուղերձում ոչ մի խոսք չկա ապագայի մասին, Արցախի ապագայի մասին, հանուն որի կռվեցին ու զոհվեցին մոտ հինգ հազար հայ զինվոր ու սպա: Բացարձակ ոչ մի խոսք անգամ այն մասին, որ նրանց պայքարը շարունակելու են կենդանի մնացածները: Ընդհակառակը՝ ուղերձում ասվում է, որ նրանք ընկան հանուն կյանքի, հանուն խաղաղության: Ըստ Վահագն Խաչատուրյանի, ստացվում է, որ այդ 5 հազար զոհվեցին, տասնյակ հազարից ավելին վիրավորվեցին ու հաշմանդամ դարձան, իսկ տասնյակներն արդեն երկու տարի ադրբեջանական գերության մեջ են, որ ինքը խաղաղ ապրի ու վայելի Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի աշխատակցի պաշտոնը:

Սա գուցե ինչ-որ առումով կարելի էր ներելի համարել, եթե Վահագն Խաչատուրյանը չկատարեր ավելի սահմռկեցուցիչ արարք, որը հարիր է միմիայն Փաշինյանի ենթակային: 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցի նախօրյակին ՀՀ նախագահի պաշտոնական էջի՝ Արցախին վերաբերող հատվածն ամբողջովին խմբագրվել է, ավելի ճիշտ՝ այդ հոդվածից հանվել է Արցախի նորագույն պատմությանը վերաբերող հատվածը:

Մինչեւ վերջերս նախագահի պաշտոնական էջում Արցախին վերաբերող հոդվածը վերնագրված էր՝ «Արցախի Հանրապետություն», այսօր պաշտոնական էջից անհետացել է Արցախի հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, ավելի ճիշտ՝ այն վերափոխվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմության: Արցախի պատմությունը Վահագն Խաչատուրյանի պաշտոնական էջում սկսվում է ուրարտական ժամանակաշրջանից եւ ավարտվում 1992-93 թվականներով. «Պատերազմի արդյունքում Ադրբեջանը զավթեց Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանն ամբողջությամբ եւ Մարտունի ու Մարտակերտի շրջանների արեւելյան հատվածները: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ անցան հարակից շրջաններ, որոնք անվտանգության բուֆերի դեր կատարեցին` արգելափակելով ադրբեջանական կողմից ԼՂ բնակավայրերի հետագա հրետակոծումը»: Ոչ մի խոսք հրադադարի համաձայնագրի կնքման, հետագա բանակցությունների, ապրիլյան քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասին: Արցախի հետագա ճակատագրի վերաբերյալ իր եւ իր ներկայացրած իշխանության ունեցած դիրքորոշման մասին:

Բարեբախտաբար, մեր ձեռքի տակ է նախագահականի կայքում տեղադրված ամբողջական հոդվածը, որտեղ այդ ամենը նկարագրված է մանրամասնորեն, եւ որից Փաշինյանն ու նրա ենթակա Խաչատուրյանը որոշել են հրաժարվել 44-օրյա պատերազմի նախօրեին: Մինչեւ վերջերս նախագահականի պաշտոնական կայքում տեղադրված հոդվածում կար այսպիսի ենթակետ` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը: Դրանում մասնավորապես ասված է. «Հայաստանը համոզված է, որ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացումն անհնար է առանց բանակցություններին հակամարտության կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության: Հայաստանը գտնում է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի հետեւյալ սկզբունքների վրա. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք պետք է հանդիսանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ պետք է ունենա հայկական կողմի իրավազորության տակ գտվող անխափան ցամաքային կապ, Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը պետք է միջազգայնորեն երաշխավորված լինի: Այս սկզբունքների ընդունումն ու պայմանագրային ամրագրումը հնարավորություն կընձեռեն՝ հասնել հիմնախնդրի համալիր կարգավորմանը: Լեռնային Ղարաբաղն ապագա չունի Ադրբեջանի կազմում, եւ ինչպիսին էլ լինի լուծումը, այն պետք է բխի հենց Ղարաբաղի ժողովրդի կամքից: Դա է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առանցքը: Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական եւ ո՛չ էլ բարոյական հիմքեր»:
Ահա այսպես. ընդամենը համակարգչի ստեղնաշարի մի հպումով հեռացվել է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Արցախի հարցի վերաբերյալ: Այն կարող էր փոխվել, խմբագրվել, բայց այդ դիրքորոշումն ընդհանրապես չկա: 

Այս ամեն ինչից դուրս նախագահականի պաշտոնական կայքում գտա մի փոքր, բայցեւ հուսադրող տեղեկություն. Վահագն Խաչատուրյանի կենսագրության մեջ էլ նշված չէ, որ նա 2022 թվականի մարտի 3-ին Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվել է ՀՀ նախագահի պաշտոնում: Ինչպես Արցախի պատմությունն է նրա էջում ավարտվում 1992-93 թվականներով, այնպես էլ նրա կենսագրությունն է ավարտվում բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում աշխատելով: Գուցե Վահագն Խաչատուրյանը հասկանում է, թե ինչպիսի նվաստացման է ենթարկվում իր վերադասի կողմից, եւ փորձում է այդկերպ հրաժարվել իր կյանքի ու կենսագրության ներկայիս նկարագրությունից:

Ավետիս Բաբաջանյան