«Հրապարակ». Վեկտորի փոփոխությամբ կբացահայտվեն հազարավոր պետական դավաճաններ, լյուստրացիա կլինի

«Հրապարակ». Վեկտորի փոփոխությամբ կբացահայտվեն հազարավոր պետական դավաճաններ, լյուստրացիա կլինի

Սեպտեմբերյան վերջին եռօրյա պատերազմից ու ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կրավորական պահվածքից հետո Հայաստանում նոր թափ են ստացել հակառուսական տրամադրությունները։ Նորից արտաքին վեկտորի փոփոխության կոչեր են հնչում։ Իհարկե, պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ի սկզբանե հակված էր Արեւմուտքին հարել, սակայն իրադարձությունները նրան, հատկապես պատերազմից հետո, վերադարձրին Ռուսաստանի «գիրկը», բայց այս անգամ կարծես ավելի արմատական են տրամադրված եւ անգամ այդ ուղղությամբ գործուն քայլեր են անում: Ակնհայտ է նաեւ Արեւմուտքի շահագրգռությունը։

Պրոցեսներն արագացել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հայաստանյան այցից հետո, որին հետեւեցին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների արեւմտյան այցելությունները։ Նյու Յորք մեկնեցին վարչապետն ու արտգործնախարարը՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընթացքում ունենալով մի շարք հանդիպումներ: Փաշինյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Դրանից առաջ ԱՄՆ-ում էր պաշտպանության նախարարը: Այս օրերին ԱՄՆ-ում է ԱԽՔ-ն: ԱՄՆ-ում սկսել են դիտարկել Հայաստանին պաշտպանության նպատակով զենքի վաճառքի հնարավորությունը։ Վերջին օրերին Փաշինյանը Ֆրանսիայում էր։ Չկա օր, որ արեւմտյան մի պաշտոնյա չարտահայտվի Արցախի կամ Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների թեմայով: 

Միեւնույն ժամանակ` Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպում էր երկրորդ էշելոնի չինովնիկների հետ, Նիկոլ Փաշինյանը, ով նրա այցի առաջին օրերին Հայաստանում էր, չընդունեց Զասին։ Եվ մեր տեղեկություններով, նա  նախատեսվածից շուտ է հեռացել Հայաստանից: Ապա հայտնի դարձավ, որ Հայաստանը չի մասնակցելու Ղազախստանում՝ ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին։ Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ն անցկացվող զորավարժություններին չմասնակցելու փաստը ՊՆ-ից բացատրել են այսպես․ «Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ զինված ուժերի առջեւ դրված խնդիրներից ելնելով, որոշում է կայացրել ձեռնպահ մնալ Ղազախստանի Հանրապետությունում՝ ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունից»: Մինչդեռ ակնհայտ է, որ քայլ առ քայլ Հայաստանը հեռանում է ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանից։
Արեւմուտքն էլ ճկուն կերպով փորձում է օգտվել ՌԴ-ի նեղ դրությունից եւ աջակցել Հայաստանին` ազատվելու ռուսական կախվածությունից։

Հայ կառուցողական կուսակցության առաջնորդ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, սակայն, կարծում է, որ գործող իշխանությունը չունի բավարար կամք՝ դուրս գալու Ռուսաստանի ազդեցության գոտուց։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Արեւմուտքն ակտիվ քայլեր է ձեռնարկում Հայաստանին աջակցելու հարցում, որոնք նաեւ Փաշինյանի կողմից դաշտ նետված քարոզչական փուչիկների դեմ են ուղղված, իսկ Փաշինյանն ու իր վարչախումբն իրականում չեն անում գործողություններ, որոնք էականորեն կվնասեն հայ-ռուսական հարաբերություններին։ «Նիկոլ Փաշինյանը չի կարող վարել արտաքին այնպիսի քաղաքականություն, որը կվտանգի Կրեմլի շահերը կամ կարող է հակասել դրան»,- ասում է Ղուկասյանն ու վստահեցնում, որ Փաշինյանը Զասին չի հանդիպել Նյու Յորք այցի պատճառով, իսկ «ինչ վերաբերում է զորավարժություններին չմասնակցելուն՝ սեպտեմբերի պատերազմին մենք կորցրել ենք 2 գումարտակ, նույնիսկ 1 վաշտ չունենք, որ ուղարկենք ՀԱՊԿ զորավարժություններին»։

Նա ասում է, որ Նիկոլ Փաշինյանն իր առջեւ քարոզչական խնդիր է դրել՝ «համոզել հայ ժողովրդին, որ մենք անզոր ենք, ի վիճակի չենք պաշտպանվել, թշնամին կարող է օկուպացնել Հայաստանը եւ ոչնչացնել, ուստի հարկավոր է համաձայնել ինչ-որ առաջարկների»։ Եվ դա Ռուսաստանի կազմում միութենական պետություն ստեղծելու առաջարկն է, որպեսզի «փրկվենք ոչնչացումից», իսկ Արեւմուտքը հակադարձում է զենք առաջարկելով, հայտարարելով, որ չի կարող հայերի ցեղասպանություն լինել ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում, չեք կարող Սյունիքը տրոհել միջանցքներով։

Հայաստանի եւ ԱՄՆ-ի ռազմական փոխգործակցությունը, ըստ Ղուկասյանի, նոր չէ, 10 տարվա պատմություն ունի, չի կարելի զենքի վաճառքի մասին լուրերն աշխարհացունց իրադարձություն համարել․ «Դեռեւս 2014-ին ես անձամբ ներգրավված եմ եղել Հայաստան-ԱՄՆ ռազմական ոլորտի ծրագրերից մեկում, հայտնի բիոլոգիկ կենտրոնների վերակառուցման ծրագրերում, որոնք իրականացվում էին ԱՄՆ պաշտպանության նախարարության միջոցով։ Բազմաթիվ այլ ծրագրեր էլ են եղել։ Բայց ՀՀ-ն չի կարող այսօր փոխել ԶՈՒ կառուցվածքը, խնդիրը միայն զենքը չէ, խնդիրը ռազմական դոկտրինն է, զորքերի կառուցվածքը եւ այլն։ Երբեք Հայաստանը խնդիր չի դրել զենք գնել ՆԱՏՕ-ից, ԱՄՆ-ից։ Ձեւական համագործակցության շրջանակներում, օրինակ, Ֆրանսիան էլ է Հայաստանին աջակցել, որ ձեռք բերի հակատանկային մի քանի կայան, բայց դա եղել է ոչ թե ռազմական նշանակության, այլ՝ քաղաքական համագործակցություն։ Այսինքն՝ մենք բավականին հեռու ենք մեր զինված ուժերի կառուցվածքն արմատապես փոխելու հարցում, մենք անգամ ի վիճակի չենք երկաթբետոնե պատնեշներ կառուցել Սյունիքում ու Գեղարքունիքում։ Սա է, չէ՞, մեր մակարդակը»։

Եթե Արեւմուտքը շահագրգռված է, ի՞նչն է խանգարում արտաքին քաղաքական վեկտորը փոխելուն։ Ղուկասյանը պատասխանեց․ «ՀՀ իշխանությունները սերտորեն համագործակցում են ՌԴ իշխանությունների հետ, ավելին` հլու-հնազանդ կատարում են այդ իշխանությունների պահանջները, Փաշինյանը հրապարակային քանիցս շնորհակալություն է հայտնել ՌԴ ղեկավարին՝ հարցեր լուծելու ճկունության համար։ Ակնհայտ է, չէ՞, փոխկապակցվածությունը, իսկ քաղաքականության մեջ այդքան էլ հեշտ չէ խզել կապերը։ Իհարկե, Արեւմուտքից գալիս են առաջարկներ, որ խզիր, բայց չմոռանանք, որ Հայաստանում հազարից ավելի ՌԴ գործակալներ կան՝ տարբեր շերտերից։ Նիկոլ Փաշինյանը հենց այնպես չի կարող որոշում կայացնել եւ գնալ դեպի ԱՄՆ, դրանից կբխեն ծանրագույն հետեւանքներ՝ հազարավոր մարդկանց համար, կբացահայտվեն պետական դավաճաններ, լյուստրացիա կլինի։ Դա Փաշինյանի համար մեծ խնդիր է, որովհետեւ ինքն էլ է այդ ցուցակում, ե՛ւ ինքը, ե՛ւ իր կուսակցության առնվազն 2/3-ը»։