«Հրապարակ». Նստել 2 աթոռի վրա՝ սիրաշահել Արեւմուտքին եւ կթել Ռուսաստանին, չի ստացվի

«Հրապարակ». Նստել 2 աթոռի վրա՝ սիրաշահել Արեւմուտքին եւ կթել Ռուսաստանին, չի ստացվի

Եթե դեռ 2 տարի առաջ Հայաստանն առնվազն 80 տոկոսով ՌԴ կողքին էր, այսօր արդեն անհույս ու մոլորված մեր երկիրն Արեւմուտքի հետ է հույսեր կապում։ Ի՞նչ անել՝ մնա՞լ ռուսների կողքին, թե՞ գնալ դեպի Արեւմուտք՝ չվախենալով ռուսների խանդից, իսկ հնարավոր չէ՞ չապավինել այլ երկրներին։ Այս հարցերն են տալիս ՀՀ քաղաքացիները, բայց պատասխան չեն ստանում իշխանություններից։ Զրուցել ենք Դոնի Ռոստովում բնակվող պատմաբան, «Դոնի Նախիջեւանի հայկական համայնք» կազմակերպության տնօրեն Սերգեյ Սայադովի հետ։ 

- Մենք ծանր պահեր ենք ապրում։ Ցանկանում ենք պատմաբանի խոսք լսել, ի՞նչ անել։ 

- Չեմ կարող ասել, բայց կարող եմ հայտնել իմ կարծիքը, քանի որ շատ ենք մտահոգված Հայաստանի Հանրապետության ճակատագրով։ Այն հիմա մի այնպիսի տուրբուլենտության շրջանում է, մի պատից մյուսն է խփում իրեն, ինչը ոչ մի լավ բանի չի բերելու։ Դա նպատակաուղղված քաղաքականության, ռազմավարության բացակայություն է։ Ռուսական լավ ասացվածք կա՝ գետանցման ժամանակ ձիերը չեն փոխում։ Մենք միմյանց հանդիմանելու շատ պատճառներ ունենք, բայց պետք է գլոբալ մտածել։ Մի՞թե Հայաստանում չեն հասկանում, որ Արեւմուտքի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի դեմ է։ Ինչպես ասում են՝ против кого дружить будем? Ինչի՞ եք հասնելու։ Հասկանալի է, որ ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ ԱՄՆ-ն Հայաստանի համար չեն պատերազմելու։ Սա մաքուր քաղաքականություն է, իսկ Հայաստանն ընդամենը կռվանի դեր է կատարում այս կամ այն կողմի ուժեղացման համար։ Հայաստանի առաջ գլոբալ խնդիր կա՝ բարձրացնել մարդկանց ռազմահայրենասիրական գիտակցությունը։ Օրինակ, Իսրայելում եթե  երիտասարդին ինչ-որ առողջական խնդրի պատճառով չեն տանում բանակ, նա կարող է ինքնասպանություն գործել, եւ սուիցիդները պիկի են հասնում հենց զորակոչի շրջանում։ Իսկ Հայաստանում անգամ պատերազմի ժամանակ մարդիկ ծառայությունից փողով խուսափում են։ Այս մոտեցմամբ բարդ է հասնել նրան, որ ինչ-որ մեկը քո փոխարեն գա, հարցեր լուծի։ 

- Հայաստանն ավանդաբար պրոռուսական երկիր է, հիմա տրամադրությունները փոխվել են։ Պատճառն այն է, որ երբ հարձակում եղավ մեր սահմաններին՝ Ջերմուկի, Սոթքի վրա, Ռուսաստանից օգնություն չստացանք։ 

- Որքան ես գիտեմ, ռեակցիա եղավ՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ դիվանագիտական։ Բայց այլ ռեակցիա էր սպասվում՝ որ «Իսկանդեր»-ները բարձրանան երկինք, ինչը, իհարկե, չեղավ։ Բայց, կներեք, եթե ուզում եք, որ Ռուսաստանը ձեզ օգնի, պետք է լինեք պրոռուսական երկիր։ Բայց դուք ուզում եք ընկերություն անել մինչեւ այն պահը, երբ ձեզ է պետք։ Գեոպոլիտիկ տեսանկյունից այս կոնֆլիկտը հեշտ է բացատրվում՝ այն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ Ռուսաստանն ունեցավ բարդություններ ուկրաինական օպերացիայի ժամանակ։ Ռուսաստանը չի կարող 2 ճակատով կռիվ բացել, ինչպես որ ցանկանում են որոշ կենտրոններ։ Երկրորդ՝ նույն ՀԱՊԿ-ն միատարր չէ, այնտեղ կան երկրներ, որոնք չեն ցանկանում մասնակցել Հայաստանի կողմից, բայց պետք է դիվանագիտական լուրջ աշխատանք տանել ՀԱՊԿ-ում։ Կա 2 ճանապարհ՝ կա՛մ եղիր ուժեղ եւ պաշտպանիր ինքդ քեզ, կա՛մ եղիր փոքր եղբայր։ Դու չես ուզում ուժեղի ընկերը լինել, բայց ուզում ես, որ նա գա ու ապտակի քո թշնամուն։ Ես լավ գիտեմ՝ Հայաստանում ռուսական համայնքին բավականաչափ օգնություն չի տրամադրվում։ Սա ոչ թե պետական քաղաքականության, այլ հարաբերությունների հարց է, ինչ-որ մարդիկ լավ չեն աշխատել, բայց դուք չեք կարող ասել, որ Ռուսաստանը բավականաչափ ուշադրություն չի դարձնում իր համայնքներին։ Պետք է աշխատել։ Ես, օրինակ, ստեղծում եմ նոր առցանց հանրագիտարան․ Ռուսական աշխարհը՝ Հայաստանում։ Այս նախագծով դիմեցի «Ռոսսոտրուդնիչեստվո»-ին, որը չաջակցեց, բայց դրա մեջ խորը կոնսպիրոլոգիական իմաստ չեմ տեսնում։ 

- Նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ պետք է համագործակցել Արեւմուտքի հետ, ՀԱՊԿ անդամությունը չի խանգարում Ադրբեջանին՝ Հայաստանի վրա հարձակվելիս։  

- Իրականում Ադրբեջանը պետք է դիտարկել ոչ թե առանձին, այլ Թուրքիայի հետ։ Իսկ Թուրքիան, մի կողմից, ՌԴ-ի դաշնակիցն է, մյուս կողմից՝ զենք է մատակարարում ՌԴ-ի դեմ։ Այս ամենը պլանավորված էր Թուրքիայի կողմից, ու այս իրավիճակի շահառուն Թուրքիան է։ Հիմնական քաղաքական հարցն Ուկրաինան է։ Կլուծվի այն՝ կլուծվեն բոլոր մյուս հարցերը։ Զարգացումներ դեռ կլինեն, բայց պետք է դիվանագիտական աշխատանք տանել։ Լսեք Ռուսաստանին։ Ռուսաստանն ասում է՝ վարեք հայամետ քաղաքականություն, եւ մենք ձեզ կաջակցենք, բայց դուք վարում եք հակահայկական քաղաքականություն եւ ուզում եք, որ մենք ձեզ օգնենք։ Գաղափարական ակցենտներ պետք է դնի Հայաստանը, բայց չի դնում։ Հայաստանը չունի միջազգային ԶԼՄ-ներ, չունի կենտրոններ, որոնք գաղափարախոսական աշխատանք կտանեն։ Միակ թերթը ՌԴ-ում «Նոյյան տապան»-ն է, որը համառուսական հայկական թերթ է, մասնավոր, որը, անկախ ամեն ինչից, չի դադարում իր գոյությունը։ Պետությունը կամ որեւէ մեկը Հայաստանում օգնե՞լ է այդ թերթին։ Չկան հարթակներ, որտեղ կարելի է ստանալ տեղեկատվություն, լսել փորձագետների։ Ինֆորմացիոն սեւ քառակուսի է ստեղծվել։ 

- Իսկ Հայաստանը պե՞տք է Ռուսաստանին։ Ես առաջ մտածում էի, որ Սյունիքը, մեր գեոպոլիտիկ դիրքը կարեւոր են, որ Հայաստանը ֆորպոստ է ՌԴ-ի համար։ Հիմա սկսել եմ չհասկանալ՝ ո՞րն է ռուսական շահը։  

- Ես էլ շատ բան չեմ հասկանում։ ՌԴ-ի պատկերացումն այդ տրանսպորտային միջանցքների մասին չգիտեմ, բայց ո՞վ է միջանցքների մասին խոսակցության գլխավոր շահառուն, հետաքրքրվածը։ Հարցերի մի ամբողջ կծիկ է այդտեղ՝ թվում է, Ռուսաստանը կցանկանար Վրաստանը շրջանցող ճանապարհով իր ապրանքներն արտահանել, մյուս կողմից՝ ի՞նչ կարգավիճակ է ունենալու այդ ճանապարհը, ի՞նչ դեր է ունենալու Իրանը։ Մի բան պարզ է, որ հետաքրքրությունների այդ կծիկում չկա հայկական շահը։ Դիվանագիտական աշխատանք է պետք կատարել։ Թուրքիան դարեր շարունակ պարտվել է պատերազմներում, բայց տարածքներ է շահել։ Սա դիվանագիտություն է՝ խաղալ վատ խաղաքարտերով ու հաղթել։ Եթե քեզ չեն հասկանում, պետք է այլ կերպ բացատրել, մեթոդները փոխել, ոչ թե մի կողմից մյուսը նետվել։ Վրաստանը դասական օրինակ է։ Փոխեց կողմնորոշումը դեպի Արեւմուտք, իսկ հիմա  քաղաքական օրակարգից դուրս է եւ արդեն չի կարողանում կողմնորոշվել, մնացել է արանքում, բայց գոնե այնքան իմաստուն է, որ չի քաշում քնած վագրի բեղերը։ 

- Հնարավո՞ր եք համարում սանկցիաներ ՌԴ-ի կողմից, եթե Հայաստանը գնա դեպի Արեւմուտք։ 

- Զուտ կենցաղային  մակարդակով կարող եմ ասել․ նստել 2 աթոռի վրա, սիրաշահել Արեւմուտքին եւ կթել Ռուսաստանին՝ չի ստացվի։ 

- Հայաստանցիներն ասում են՝ ինչո՞ւ մեզ Ռուսաստանը չի պաշտպանում, մեր սահմանները պաշտպանված չեն։ 

- Ես  քաղաքագետ չեմ, բայց կարող եմ ասել, թե ինչպես եմ տեսնում գլխավոր վեկտորները՝ ինձ համար ցավալի է, որ իմ հայրենիքը չի կարողանում կողմնորոշվել, մնալ մի կողմում։ Այս տուրբուլենտությունը, որում հայտնվել է Հայաստանը, կարող է տխուր հետեւանքներ ունենալ։

- Լուգանսկի եւ Դոնեցկի հանրաքվեն կարելի՞ է համարել նոր միութենական պետության սկիզբ։ 

- Կարծում եմ, երբ ստեղծվում են բեւեռներ, մարդիկ միավորվում են՝ այդ բեւեռացմանը հակադրվելու համար։