Ինչպես տարբերել «սխոդկան» ընկերական հավաքից

Ինչպես տարբերել «սխոդկան» ընկերական հավաքից

Քրեակատարողական հիմնարկներում «օրենքով գողերի» եւ գողականների հրահրմամբ տեղի ունեցած անհնազանդության ակցիայից հետո էլ իշխանությունը չի պատրաստվում նահանջել այս ենթամշակույթը կրողներին զսպող օրենքի նախագծից։ «Մենք մտահոգություններ չունենք, ինչպես դուք եք ասում, որ նրանք չեն հանդարտվի։ Եթե այս տրամաբանությամբ մտածեինք, ուրեմն Քրեական օրենսգրքում մի քանի հարյուրից ավելի հանցակազմեր կան, ու ամեն հոդվածով դատապարտվածները կարող են բողոքի ակցիա անել՝ պահանջելով հանել այդ հոդվածը, իրենց չդատապարտել»,- մեր լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է «Իմ քայլը» խմբակցության պաշտպանության, անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ, ըստ լուրերի, հենց այդ նախագիծն էր պատճառ դարձել, որ ՔԿՀ-ներում դատապարտյալները ոտքի կանգնեն, քանի որ օրենքի ընդունումը մահակ է դառնալու հանցաշխարհի ներկայացուցիչների գլխին։ Օրենքով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, կամ այն պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը՝ «սխոդկաներին» մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար։ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է համարվելու ոչ միայն «օրենքով գողը», այլ նաեւ քրեական հեղինակությունը։ «Օրենքով գողերի» համար նախատեսվում է պատիժ՝ 7-10 տարի ժամկետով։ Արմեն Խաչատրյանին մեր լրագրողը հարցրել է՝ ովքե՞ր են «օրենքով գողերն» ու գողականները, օրենքը չի տալիս նրանց ձեւակերպումը, եւ ինչպե՞ս պետք է հասկանալ՝ որեւէ հավաքույթ «սխոդկա՞» է, թե՞, ասենք, ընկերների հավաք․ «Օպերատիվ հետախուզական մարմինների գործողություններով պետք է այդ ամենը հիմնավորվի եւ դատաքննչական մարմինների գործունեությամբ։ Եթե կհիմնավորվի, որ խնջույքի նպատակը քրեական աշխարհում խնդիրները լուծելն է կամ կարգավորելը, կառավարելը, հետեւաբար, կառաջանան հանցակազմի տարրերը»։ Նախագիծն առաջիկայում կներկայացվի ԱԺ։