«Հրապարակ». Ինչո՞ւ չեն գրգռվում, երբ որոշ բան իմանում ենք թուրքերից կամ ադրբեջանցիներից

«Հրապարակ». Ինչո՞ւ չեն գրգռվում, երբ որոշ բան իմանում ենք թուրքերից կամ ադրբեջանցիներից

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի սուբյեկտայնության հաշվին այնքան է բավարարել արտաքին կենտրոնների պահանջները, որ այլեւս դժվար է ասել՝ նա Արեւմուտքի՞ սիրելի «տղան» է, թե՞ Ռուսաստանի։ Հարկ եղած դեպքում, երբ Փաշինյանի տեղը նեղանում է, եւ ներքաղաքական սրացումներ են սկսվում, երկու կենտրոններն էլ անթաքույց աջակցություն են հայտնում ՀՀ իշխանություններին։ Եվ ամեն ինչ անում են, որ չկորցնեն բոլոր առումներով իրենց բավարարող իշխանություններին, սատարեն նրան, օգնեն, որ հաղթահարի դժվարությունները։ 

Իհարկե, Ռուսաստանն ավելի դիվանագիտորեն է իր «զգացմունքները» ցուցադրում, ի տարբերություն ԱՄՆ եւ ԵՄ դեսպանների, որոնք դիմադրության շարժման օրերին ոստիկանական բարբարոսություններին ենթարկված ցուցարարներին էին հորդորում՝ չհրահրել, չսրել իրավիճակը։ Սակայն դրանից բովանդակությունը, մեծ հաշվով, չի փոխվում։ 

Դիցուք, հուլիսի 1-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել էր «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանին։ Պարզ է, որ  ռուսաստանյան օլիգարխ Կարապետյանն այն մարդն է, որ առանց Կրեմլի «դաբրոյի» չէր գնա նման քայլի։ Ավելին՝ գուցե հենց Կրեմլից են հանձնարարել, որ հանդիպի, նկարվի եւ դրանով իսկ ամրացնի Փաշինյանի դիրքերը։ Իսկ եթե մի քիչ հետ գնանք, ապա կտեսնենք, որ Փաշինյան-Կարապետյան հանդիպումները ճշգրիտ համընկնում են Հայաստանի ներքաղաքական վայրիվերումների հետ։ Ճիշտ է՝ նա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կողմնակիցներից էր, բայց շատ կարճ ժամանակ անց հրաժարվեց այդ դիրքորոշումից։ 2022-ի հուլիսմեկյան հանդիպումը տեղի ունեցավ այն օրը, երբ իշխանությունը պաշտոնազրկեց Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին, մյուս ընդդիմադիրներն էլ հրաժարական տվեցին իրենց պաշտոններից, եւ ավելի սրվեց հայաստանյան ներքաղաքական ճգնաժամը։

Փաշինյան-Կարապետյան մյուս հանդիպումը եղել է 2021 թվականի հունիսի 24-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից 4 օր անց, երբ, բոլորի համար անսպասելի, Փաշինյանի թիմը 50+ ձայն ստացավ, եւ մեկ տարի առաջ էլ այդ հանդիպումն ընկալվեց որպես աջակցություն ընտրություններին ու հատկապես դրանց արդյունքներին։ Իսկ եթե համադրում ենք 2018 թվականին մամուլի հրապարակումներն ու Սամվել Կարապետյանի գործողությունները, ապա տպավորություն է, որ Կարապետյանն ի սկզբանե է աջակցել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի Սերժ Սարգսյանը հեռացվի։ Դեռ չորս տարի առաջ ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ հայաստանյան հեղափոխության մեջ մեծ դեր են խաղացել հայազգի ռուսաստանցի գործարարները՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը եւ «Ավիլոն» խմբի համասեփականատեր Կամո Ավագումյանը։ Եվ իսկապես․ այն պահին, երբ ռուսաստանաբնակ մեծահարուստների հայաստանյան ընկերությունների աշխատակիցները փողոց դուրս եկան՝ ՀԷՑ-ի, Գազպրոմի, ՎՏԲ բանկի եւ մյուսների, ուժերի հավասարակշռությունը փոխվեց հօգուտ Նիկոլ Փաշինյանի։

Այն, որ Ռուսաստանը Փաշինյանին պահում է, դրա մասին են խոսում նաեւ այլ փաստեր։ Օրինակ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը պարբերաբար հայտարարություններ են անում։ Դրանց խորքում հայաստանյան ներքին գործերին միջամտելու մոլուցքն է, բայց նաեւ տպավորություն է, որ նրանք այստեղ դրության տեր են զգում եւ ամեն ինչ անում են, որ իշխանությունը նախ անսասան մնա, ապաեւ՝ ծառայի իրենց։ Նախօրեին ՌԴ դեսպանը հաղորդագրություն էր տարածել՝ կապված Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման հետ, որտեղ մասնավորապես ասված է․ դեսպանատան բացումը «խնդրահարույց չէր լինի, եթե տարակուսանք չառաջացներ այն փաստը, որ, համաձայն մամուլի հրապարակումներին, Կանադայի ԱԳ նախարարությունը դա բացահայտ կերպով ներկայացրել է որպես «ռուսական ազդեցությանը հակազդող քայլ»»։

Նկատենք, որ հայաստանյան ռուսամետ քաղաքական գործիչները հատկապես հետպատերազմյան շրջանում հաճախ են քննադատում ՀՀ իշխանություններին՝ հայտարարելով, որ նրանց հակառուսականությունն է հանգեցրել նման աղետի։ Իսկ ի՞նչ են մտածում վերջին օրերի գործընթացներից հետո։ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանը հիշեցնում է, որ տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանում, ռուսական քաղաքականությունը միագիծ չէ․ «Չմոռանանք ռուսական հայտնի արտահայտությունը, որ Կրեմլն ունի մի քանի գմբեթ, այսինքն՝ կենտրոնական որոշումն ընդունվում է մի կետից, սակայն որոշումը ձեւավորվում է այդ մի քանի գմբեթների կողմից։ Դա ՌԴ նախագահի աշխատակազմն է, Դուման է, հատուկ ծառայությունները, արտգործնախարարությունը, որոնք առաջին հայացքից կարելի է կարծել, որ իրար հակասող քայլեր կարող են անել, սակայն դա այդպես չէ»։

ՌԴ իշխանությունները, նրա խոսքով, առաջնորդվում են նախեւառաջ իրենց շահերով, այլ հարց է, որ Հայաստանի ներսում դրանք դիտարկում են իշխանություն-ընդդիմություն դաշտում։ «Երբ փորձում ենք որոշ հանդիպումներ մեկնաբանել հօգուտ իշխանության, մոռանում ենք մի բան, որ այդ մարդիկ ասում են՝ եղել է ընտրություն, ժողովուրդն իր կարծիքը հայտնել է։ Մեր ներքին տարաձայնությունները, կոնֆլիկտներն իրենց գլոբալ առումով հետաքրքիր չեն։ Բայց եթե ուշադիր լինենք, անգամ այս պարագայում ՌԴ-ն փորձում է բալանսավորել, եթե կրեմլյան ներկայացուցիչը հանդիպում է Փաշինյանի հետ, դա բնավ չի նշանակում, որ կտրում է կապը պայմանական ընդդիմության հետ։ Սա շատ ակնհայտ է»,- ասում է Աբովյանը։

Ընդդիմադիր գործիչը Հայաստանում ՌԴ դեսպանի հայտարարությունը չի համարում մեր ներքին կյանքին միջամտություն․ «Եթե այդպես ենք մեկնաբանում, ապա պետք է նախ անդրադառնանք Կանադայի արտգործնախարարի հայտարարությանը, որը նույնպես կարելի է որակել ՀՀ ներքին գործերին միջամտություն, եւ դեսպանն ընդամենը դրան արձագանքել է։ Ի՞նչ է նշանակում՝ Կանադայի արտգործնախարարը հայտարարում է, որ գալիս ենք սատարենք դեմոկրատիային, հետո Ուկրաինա է մեջբերում կամ տարատեսակ այլ բաներ։ Հիմա ո՞վ է ավելի շատ միջամտում»։ Աբովյանն ասում է՝ գործող իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքով մեր երկրի սուբյեկտայնությունը կտրուկ նվազել է, որի պատճառով էլ արտաքին խաղացողներն իրենց հայտարարություններն ու գործողություններն անում են՝ առանց հաշվի առնելու որոշակի նրբություններ․ «Մենք միշտ ուրիշներին ենք մեղադրում, որ տեսեք-տեսեք՝ ինչ հայտարարություններ են անում։ Բայց պետք է նախ մեր մեջ խնդիրը փնտրենք։ Պետք է, օրինակ, հասկանալ՝ ի՞նչն է բերել այն հանգրվանին, որ, ենթադրենք, ՌԴ-ն Հայաստանում հարցեր է լուծում Կանադայի հետ։ Իսկ որոշ շրջանակներ ինչի՞ չեն գրգռվում, որ որոշակի գործընթացների մասին մենք իմանում ենք թուրքերից կամ ադրբեջանցիներից։ Դա միջամտություն չէ՞»։