Քուա՛նշ, պարոն վարչապետ

Քուա՛նշ, պարոն վարչապետ

Հավանաբար շատերը կհիշեն, թե ինչպես մի քանի տարի առաջ, ավելի ստույգ՝ 2016 թվականին, երբ ԱԺ-ում քննարկվում էր ՀՀ գլխավոր դատախազության 2016 թվականի հաշվետվությունը, այն օրերի խորհրդարանի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մի ելույթով, որի համար նույնիսկ վերնագիր էր ընտրել՝ «Քուանշ, պարոն գլխավոր դատախազ»:
«Քուանշ» տերմինն օգտագործվում է «բլոտ» թղթախաղի մեջ՝ դիմացինի ասածը կասկածի տակ դնելու համար։ Ն․ Փաշինյանն այն օրերին, ուրեմն, քուանշում՝ կասկածի տակ էր դնում  գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ընդ որում՝ «չորս դրվագով» (Մարտի 1, Սասնա Ծռեր, Անդրիաս Ղուկասյան, Հաց բերող):

Արդ՝ ժամանակ է անցել, իշխանություն է փոխվել, ընդ որում՝ 360 աստիճանով (սա Նիկոլի ընտանեկան չափման «համակարգն» է), և այն օրերին քուանշվող նույն դատախազը նույն քուանշողի կողմից այսօր արդեն ընկալվում է որպես  արդարության և արդարադատության մարմնացում, օրինավորության էտալոն։

Բայց վերջին երկուսուկես տարվա ընթացքում, երբ պարզվեց, որ բլոտի մեր առաջատար մասնագետը, ավաղ, դիլետանտի մեկն է մնացյալ բոլոր ասպարեզներում՝ տնտեսություն, կրթություն, դիվանագիտություն, պատերազմ  և ընդհանուր վերցրած՝ պետություն, այդ ընթացքում հիրավի այնքան սուտ ու կեղծիք է թափել այս երկրի, այս պետության, այս ժողովրդի և Արցախի գլխին, որ նույն կերպ՝  չորս դրվագով կարող ենք իրեն էլ ասել՝ քուա՛նշ, պարոն վարչապետ։ 
Ներքոբերյալ քուանշների փունջը ես նվիրում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ թող դնի իր վարչապետական գրասեղանին։

Եվ այսպես՝ քուանշ, որ երկիրը ծաղկեցնելու, դրախտավայր դարձնելու փոխարեն՝ ինչպես խոստացել էիր, խամրեցրիր ու թշվառության մատնեցիր այն։ Մարդկանց հոգիներում սպանեցիր երկրի տեր լինելու զգացումը, և նրանց  հոգիներում էլ, ինչպես քո ավերած երկրում, խուճապ ու քաոս է։ 
Քուանշ, որ ապիկարությամբ ու ստով հիմնահատակ քանդեցիր պետությունը, խարխլեցիր նրա հիմքերը, նրա հաստատություն-կառույցները, և որ ժողովրդավարության բաստիոն դարձնելու մեծաբերան հայտարարությունների փոխարեն՝ Հայաստանի Հանրապետությունը դարձրիր չորս կողմից բզկտվող մի տարածք՝ մատնված անտերության ու անապահովության, դարձած հազար ու մի  հարամու, հազար շուն ու գելի բաժին։

Քուանշ, որ հպարտության սին հույսերով տոգորեցիր դյուրահավատ Հայաստանի քաղաքացուն, սակայն դարձրիր նրան աշխարհի ամենանվաստ երկրի բնակիչը, նրանից խլեցիր այլության և բացառիկության ինքնագիտակցումը, և այսօր էլ նա շարունակում է նվաստացած զգալ իրեն՝ հիմա էլ քեզ նման ապիկարությանը հանդուրժելու, քեզնից ազատվելու այս քաղաքական քստմնելի գողգոթայի պատճառով։ Դու միլիոնավոր մարդկանց կենսագրությունները «շարադրեցիր» նորովի․ դրանք այլևս հաղթանակածի և հավատով դեպի ապագա գնացող արժանապատիվ մարդկանց կենսագրություններ չեն, քանզի աղավաղված ու աղարտված են ամոթի և խայտառակության խարանով։

Եվ վերջապես՝ քուանշ, թե՝ Արցախը Հայաստան է և վերջ, թե՝ դու ես նրա անվտանգության երաշխավորը, և թե՝ դու նրա համար պատրաստ ես կյանքդ զոհել։ Դու նույնիսկ մի աթոռ չես կարողանում զոհել նրա համար, ուր մնաց՝ կյանքդ։ Ուրեմն՝ ավաղ ու քուանշ ասեմ այս դառնագին ստիդ էլ։ 

Քուանշ ասեմ քե՛զ, Նիկոլ։