Լավրովը համոզու՞մ է

Լավրովը համոզու՞մ է

ՌԴ արտգործնախարար Լավրովը Երեւանում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ձգտում են, որպեսզի Ղարաբաղյան կարգավորման փոխզիջումներն արտացոլեն շահերի իրական հավասարակշռությունը: «Տարածքային ամբողջականության, ինքնորոշման եւ վեճերի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքներն ամրագրված են կողմերի միջեւ քննարկվող փաստաղթերի բոլոր տարբերակներում: Եւ ամեն դեպքում վերջնական լուծումը պետք է հաշվի առնի բոլոր այդ սկզբունքները: Դրա հետ չի վիճում ոչ Երեւանը, ոչ Բաքուն: Դե իսկ շարունակությունն արդեն դիվանագիտության արվեստ է: Ցանկացած պայմանագիր, մանավանդ նման բարդ հարցով, փոխզիջում է: Եւ մենք որպես համանախագահներ ձգտում ենք, որպեսզի փոխզիջումը լիներ ազնիվ, արտացոլեր շահերի իրական եւ արդարացի հավասարակշռությունը»- ՌԻԱ-Նովոստիին հղելով՝ ՌԴ արտգործնախարարին մեջբերում է ադրբեջանական լրատվամիջոցը։

Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմը բացառիկ անաչառություն է դրսեւորել եւ բառացի փոխանցել նաեւ Լավրովի խոսքի՝ կարգավորման գործընթացում Լեռնային Ղարաբաղի վերջնական համաձայնության անհրաժեշտության մասին արված շեշտադրումները: Տպավորություն է, թե Բաքվում բավարարված են ՌԴ արտգործնախարարի դիվանագիտական ձեւակերպումների ընդհանուր տոնայնությունից: Գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը խիստ տագնապած է, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ»՝ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում վարչապետ Փաշինյանի հնչեցրած մոտեցումը կարող է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներից արժանանալ ըմբռնման, ինչը հիմնավորապես կփոխի կարգավորման մինչ այժմ գործող հայեցակարգը: Դատելով փոխզիջման մասին ՌԴ արտգործնախարարի արված ընդգծումներից, Լավրովը Երեւան է ժամանել, որպեսզի փորձի Հայաստանի նոր իշխանություններին «վերադարձնել նախկին  պայմանավորվածություններին»:

Այլ բան է, թե դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոնսոլիդացվա՞ծ, թե՞ միայն Ռուսաստանից եկող մոտեցում է: Հետաքրքիր կլինի նաեւ փորձել հասկանալ, թե փոխարենն ի՞նչ է Ռուսաստանն ակնկալում Ադրբեջանից: Որպեսզի Բաքուն համաձայնի բանակցություններին Արցախի մասնակցությա՞նը: Թե՞ հրաժարվի «խնդիրը կարող է լուծվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում» մոտեցումի՞ց: Լավրովն ասում է, որ կարգավորման երեք սկզբունքների հետ ոչ Երեւանն է վիճում, ոչ Բաքուն, իսկ հետագա զարգացումները բնութագրում որպես «դիվանագիտության արվեստ»:

Կարելի՞ է ասվածը հասկանալ այնպես, որ կարգավորման սկզբունքների շուրջ գրավոր համաձայնությունն է միջնորդների համար առաջնային, իսկ արդյունքում ով ինչ կստանա կամ կկորցնի՝ կախված կլինի «դիվանագիտության արվեստին» տիրապետելու նրա հմտությունից: Ըստ երեւույթին, ՌԴ արտգործնախարարը բավական ծանր առաքելություն է վերցրել՝ կողմերին համոզելու վերադառնալ ավելի վաղ քննարկված տարբերակներից մեկին, որտեղ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ամրագրում չկա, բայց առկա է այդ հարցով իրավական պարտադիր ուժ ունեցող հանրաքվե անցկացնելու մասին ձեւակերպում: Եթե այդպես է, ապա պետք է սպասել, որ մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, որ անոնսավորված է եկող ամսվա առաջին օրերին, Լավրովը կամ ռուսաստանցի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա կուղեւորվի Բաքու: Իսկ եթե՝ ոչ, ապա հնարավոր կլինի վստահաբար պնդել, որ Երեւանում Լավրովը ոչինչ համոզել չի կարողացել: