Քաղաքական գործունեությամբ երբևէ չեմ զբաղվել և չեմ զբաղվում

Քաղաքական գործունեությամբ երբևէ չեմ զբաղվել և չեմ զբաղվում

Օրերս հրապարակվեց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմը՝ 16 անդամից, որտեղ իրավաբան գիտնականներ են․ Անահիտ Մանասյան, Արթուր Ղամբարյան, Արմեն Մազմանյան, Արսեն Թավադյան, Լեւոն Գեւորգյան եւ Տիգրան Մարկոսյան։

Գրեթե բոլորը՝ հանրությանն անհայտ մարդիկ։ Կան ի պաշտոնե անդամներ եւ քաղհասարակության ներկայացուցիչներ։ Արդեն հայտնի է, որ բարեփոխումները վերաբերելու են Սահմանադրության «Դատական իշխանություն» գլխին՝ հատկապես Սահմանադրական դատարանին։ Մեզ հետ զրույցում իրավաբանական գիտությունների թեկնածու, հանձնաժողովի անդամ Արսեն Թավադյանը 2 շաբաթ ժամանակ խնդրեց՝ պատասխանելու, թե ինչ փոփոխություններ են ենթադրվում։ Նշեց, որ այդ մասին կարող է խոսել միայն հանձնաժողովի կազմով քննարկում ունենալուց հետո։

Մենք զրուցեցինք իրավաբանական գիտությունների թեկնածու Անահիտ Մանասյանի հետ․ հարցրինք, թե ինչ առանցքային փոփոխություններ են նախատեսվում Սահմանադրությունում, ուրվագծվա՞ծ են այն հիմնական ուղղությունները եւ դրույթները, որոնք փոփոխման կարիք ունեն։ «Այս պահին դժվար է որեւէ ամբողջական պատասխան ներկայացնել փոփոխման ենթակա սահմանադրական կարգավորումների մասին: Կարծում եմ՝ դրանք հստակորեն կուրվագծվեն սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի պահից եւ վերջնական տեսքով կարձանագրվեն բարեփոխումների հայեցակարգում»,- պատասխանեց Մանասյանը։  

- Նախատեսվող փոփոխությունները որքանո՞վ են վերաբերում ՍԴ-ին։ 

- Այդ առումով պատասխան կարելի է ներկայացնել սոսկ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային ուղղությունները մասնագիտական հանձնաժողովի կողմից ուրվագծելու պահից:

- Օրակարգում կա՞ ՍԴ-ն լուծարելու կամ վճռաբեկ դատարանին միացնելու եւ Գերագույն դատարան ստեղծելու հարց։ 

- Քանզի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները դեռեւս չեն մեկնարկել, չի եղել նաեւ հանձնաժողովի շրջանակներում որեւէ քննարկում, բնականաբար նաեւ՝ նշյալ հարցին առնչվող:

- Նկատի ունենալով, որ սահմանադրական փոփոխությունները հիմնավորում են դատական իշխանության հեղինակությունը բարձրացնելու հանգամանքով՝ ինչքանո՞վ այս գործընթացը կնպաստի հեղինակության բարձրացմանը՝ նկատի ունենալով, որ սահմանադրական փոփոխությունները պետությունից ռեսուրսներ են պահանջում։

- Իշխանության ճյուղերի հեղինակությանը սահմանադրական բարեփոխման ցանկացած գործընթաց կարող է նպաստել մի դեպքում՝ այդ գործընթացը պատշաճ, սահմանադրական զարգացումների հիմքում դրվող չափանիշների, սահմանադրական արժեքների պահպանմամբ կազմակերպելու եւ Սահմանադրության նկատմամբ այնպիսի հասարակական ընկալում ձեւավորելու պարագայում, որի պայմաններում այն կընկալվի որպես տվյալ սահմանադրական համակարգի սիմվոլ եւ ոչ ձեւական նշանակություն ունեցող փաստաթուղթ: Վստահ եմ, որ նաեւ նշված սահմանադրական բարեփոխման գործընթացի հաջողությունն է պայմանավորված լինելու այդ հանգամանքով:

-  Այս փոփոխությունները Հրայր Թովմասյանին եւ ՍԴ դատավորներին չեզոքացնելու եւս մեկ փորձ չէ՞, հնարավո՞ր է, որ ՍԴ-ն լուծարվի, եւ ՍԴ դատավորները դուրս մղվեն դատական համակարգից։ Միջազգային պայմանագրերում կա՞ն դրույթներ, որոնք նման դեպքերում ապահովագրում են ՍԴ դատավորներին։

- Դարձյալ նշեմ, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները դեռեւս չեն մեկնարկել: Սահմանադրական փոփոխությունների ուրվագծված ուղղությունների մասին խոսել հնարավոր կլինի դրանց մեկնարկից հետո: Ամեն դեպքում, պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից կարեւոր եմ համարում ոչ թե անձերի համ հատվածական իրավիճակների մասին խոսելը, այլ սահմանադրական արժեքներն ու չափանիշները քննարկելը: Իսկ դա հնարավոր է սոսկ խորը եւ բազմաշերտ վերլուծության պարագայում, ինչին այս փուլում մակերեսային անդրադարձն իմ կողմից պրոֆեսիոնալ չի լինի եւ անլուրջ ընկալում կստեղծի:

- Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել է, որ Արփինե Հովհաննիսյանին հանձնաժողովի կազմում չներառելը կապված է քաղաքական որոշման հետ։ Ձեզ հանձնաժողով են ներառել քաղաքակա՞ն որոշմամբ։

- Այսօր արդեն իսկ նշել եմ, որ մասնագիտական գործունեության տեսանկյունից մշտապես կարեւորել եմ պրոֆեսիոնալիզմը, անկախությունն ու անաչառությունը: Այդ է պատճառը, որ քաղաքական գործունեությամբ երբեւէ չեմ զբաղվել եւ չեմ զբաղվում: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում եւս իմ գործունեությունը զուտ որպես փորձագիտական եւ մասնագիտական եմ ընկալում: Դա առանցքային է սահմանադրական զարգացումների պատշաճ գործընթաց երաշխավորելու տեսանկյունից: Իսկ հանձնաժողովի կազմում ընդգրկվելիք թեկնածուների կազմում իմ ընտրության պատճառների մասին թերեւս լավագույն պատկերացում կարող է տալ կենսագրականիս ու սահմանադրական կայունության, սահմանադրական զարգացումների եւ, ընդհանուր առմամբ, սահմանադրական իրավունքի բնագավառում ունեցած մասնագիտական գործունեությանս ծանոթանալը: