Նախկին նախագահները պետք է երաշխիքներ տան

Նախկին նախագահները պետք է երաշխիքներ տան

Հասարակության մի զգալի հատված, տեսնելով ազգակործան պատուհասի՝ Հայաստանի ու Արցախի գլխին բերած աղետները, դեմ լինելով հանդերձ նրա վարած արտաքին եւ ներքին քաղաքականությանը, չի ուզում դուրս գալ փողոց՝ պահանջելու նրա հրաժարականը: Պատճառը «նախկինների» վերադարձի մտավախությունն է: «Նախկիններ» եզրույթն ասոցացվում է նախկին երկու նախագահների՝ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ: Թեեւ այսօր իշխանության մեջ բազում նախկիններ կան․ Անդրանիկ Քոչարյան, Վահագն Խաչատրյան, Սասուն Միքայելյան, ցանկը կարելի է երկար շարունակել: 

Իհարկե, նախկինների գործած մեղքերն ու սխալներն անհամեմատելի են Փաշինյանի մեղքերի ու սխալների հետ. նախկինների օրոք կայացած, ամուր պետություն ենք ունեցել՝ բոլոր պետական կառույցներով, բանակով, Հայաստանը եղել է օրակարգ թելադրող, նրա խոսքի հետ հաշվի են նստել թե՛ թշնամիները, թե՛ գերտերությունները: Նրանց օրոք իսկապես Արցախը Հայաստան էր: Սակայն փաստը մնում է փաստ, որ նրանք չկարողացան այնպիսի իմունիտետով օժտել երկիրը, որը դիմակայուն լիներ բոլոր մարտահրավերներին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի նման ղեկավարին: Չստեղծեցին այնպիսի երկիր, որի հասարակությունը չհիվանդանար «նիկոլախտով», որպեսզի քաղաքական մանիպուլյացիաները չվարակեին հասարակությանը, եւ մարդիկ կարողանային կարեւորն անկարեւորից տարբերել եւ անհայրենիք ու անսկզբունք ուժերի հետեւից չգնային: Մենք չստեղծեցինք այնպիսի բանակ, չզարգացրինք այնպիսի ռազմարդյունաբերություն, որ որեւէ երկիր չհամարձակվեր հարձակվել մեզ վրա: Վերջապես, Արցախի հարցն էլ չկարողացանք հիմնովին լուծել, այլ ոչ թե ստատուս քվոն պահելով զբաղվել՝ հույս ունենալով, որ այն այլեւս հնարավոր չի լինի փոխել։ Մենք զարգանալու ավելի մեծ հնարավորություններ ունեինք, քան Իսրայելն ու Սինգապուրը, մեր երկրի հանքային, բանական, մարդկային ռեսուրսն ավելի մեծ էր, եւ ԽՍՀՄ-ից էլ բավականին բան էինք ժառանգություն ստացել։ Եվ, վերջապես՝ մենք սփյուռք ունենք, որը շատ քիչ ժողովուրդներ ունեն եւ որը միշտ կանգնած է հայրենիքի կողքին: 

Հայաստանը բոլոր հնարավորություններն ուներ՝ դառնալու տարածաշրջանի ամենահզոր երկրներից մեկը, բայց… չդարձավ: Փոխարենը Հայաստանի նախկին բոլոր նախագահների մերձավորներն ու շրջապատի մարդիկ դարձան մեծահարուստներ: Ուստի, ինչ-որ չափով կարելի է հասկանալ այն մարդկանց, որոնց հաշվին հարստացել են այս մարդիկ, եւ որոնք չեն ուզում նախկինների վերադարձը: Եվ վերջապես, Նիկոլը, որպես անձ եւ որպես երեւույթ, նոր չի հայտնվել Հայաստանում, նրան «ծնել» եւ սնել են նախկինները, դարձրել քաղաքական գործոն, դերակատար… 
Նիկոլի հայտնվելն ու ձախողումը բոլորիս ձախողումն է, Արցախի կորուստը՝ բոլորիս մեղքը: Պարտվել են բոլորը եւ, առաջին հերթին՝ Հայաստանի բոլոր նախկին նախագահները։ Ու որպեսզի նրանք նպաստեն Փաշինյանի՝ իշխանությունից հեռացմանը, պետք է բաց հանդես գան, երաշխիքներ տան, որ նրա հեռանալուց հետո չեն գալու իշխանության ո՛չ իրենց, ո՛չ էլ իրենց որդիների կամ փեսաների դեմքով… Այդ ժամանակ ժողովուրդը կասի իր վճռական խոսքը։