Հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշն արյան ու ողբի մեջ տառապող, հայաթափված Արցախն է

Հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշն արյան ու ողբի մեջ տառապող, հայաթափված Արցախն է

Ռուսաստանը նմանվում է գնացքի հետեւից վազող ուղեւորի, որը գիտի, որ այլեւս չի հասնելու իրենից ավելի արագ ընթացող գնացքին, բայց հոգեբանորեն դեռ պատրաստ չէ համակերպվել գնացքում իր տեղը կորցնելու փաստի հետ: Ռուսները վերջապես սկսել են հասկանալ, որ կորցնում են Հայաստանի նկատմամբ ունեցած ազդեցությունը, որ իրենք վերջնականապես դուրս են մղվում Հարավային Կովկասից, ինչ-որ հապճեպ քայլեր են ձեռնարկում՝ իրենք էլ հասկանալով, որ դրանք քիչ արդյունավետ կարող են լինել:

Ռուսաստանը Հայաստան է ուղարկել ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւին, որ նա մեզ բացատրի, որ «ամերիկացիները միշտ հետապնդում են միայն իրենց շահերը, նրանց հետաքրքիր չեն Հայաստանն ու հայերը»։ Իսկ ի՞նչ շահեր են հետապնդում ռուսները, մի՞թե նրանց հետաքրքրում են Հայաստանը եւ հայերը: Ինչո՞ւ է Ռուսաստանը Հայաստան ուղարկել ՆԳ նախարարին, որի խնդիրը հայ-ռուսական հարաբերությունները փրկելն է, Հայաստանին համոզելը, որ Ռուսաստանից հրաժարվելն այնքան էլ ճիշտ ընտրություն չէ: Ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ դա աներ ՌԴ նախագահը, նա պետք է որ խոսեր իր հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ, ում ժամանակին պաշտպանում եւ արդարացնում էր: Կամ գուցե դա աներ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ նկատի ունենալով, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները խորն ու համակողմանի են ռազմական ոլորտում: Բայց ո՛չ Ռուսաստանի գերագույն գլխավոր հրամանատարը եւ ո՛չ էլ Պնախարարը դա չեն կարող անել, քանի որ նրանք հրաման չեն տվել ռուս խաղաղապահներին՝ պաշտպանելու հայ բնակչությանը, նրանց աչքի առաջ տեղի են ունեցել իրենց պաշտպանությանն ապավինած հարյուրավոր խաղաղ հայ մարդկանց սպանություն եւ գերեվարում: Ի՞նչ բարեկամության մասին խոսես մեկի հետ, ում թույլ ես տվել կոտորեն ու տեղահանեն: Հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշն արյան ու ողբի մեջ թաթախված Արցախն է, եւ դա մնալու է հայ ժողովրդի հիշողության մեջ: 

Իսկ գուցե Հայաստան գար եւ հայ-ռուսական բարեկամության դասեր տար արյան մեջ հայկական գեներ ունեցող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրո՞վը: Մի հիմնարկի ղեկավար, որն Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության տապալումից հետո հայտարարություն է տարածում այն մասին, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ բանակցությունների երկու փուլ է տեղի ունեցել Բաքվի եւ Ստեփանակերտի ներկայացուցիչների միջեւ, որի առաջնահերթ խնդիրներից են «ապառազմականացման, խաղաղ կյանքի վերականգնման եւ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման հարցերը»։ Արցախում մի քանի օրից այլեւս հայ բնակչություն չի մնա, իսկ Ռուսաստանի ԱԳՆ-ն դեռ խոսում է բնակչության իրավունքների կամ անվտանգության ապահովման մասին: Ռուսաստանն արդեն մի անգամ ստանձնել է Արցախի խաղաղ բնակչության անվտանգության ապահովման պատասխանատվությունը, եւ տեսանք, թե ինչով դա ավարտվեց: Ռուսաստանի եւ ռուս խաղաղապահների վստահությունն Արցախում եւ Հայաստանում զրո է եւ նույնիսկ դրանից էլ ցածր:

Դժվար է չհամաձայնել ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի՝ նախորդ օրը հնչեցված մեկնաբանության հետ. «Ռուսաստանի վրա չի կարելի հույս դնել՝ որպես միջազգային գործընկերոջ: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի հարգանքին միջազգային տարածքի եւ կամ, ներեցեք, այլ երկրների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ, ես կարծում եմ, որ մենք նրա գործողություններից տեսանք, որ դա սկզբունք չէ, որին նա հավատարիմ է մնում»: Միլլերն ասում է, որ եթե Ռուսաստանն Արցախում իր զինվորների չմիջամտելը հիմնավորում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով, որ եթե Ռուսաստանն այդքան հավատարիմ է այլ երկրների տարածքային ամբողջականության ճանաչման գաղափարին, ապա 2014 թվականին իրեն չէր միացնի Ղրիմը կամ 2022 թվականի փետրվարին զինված հարձակում չէր գործի Ուկրաինայի վրա՝ գրավելով եւ իրեն բռնակցելով Ուկրաինայի տարածքի մոտ 20 տոկոսը: 

Ռուսաստանը երեւի սկսել է հասկանալ, թե ինչ հսկայական կորուստ կրեց այդ պետությունը՝ Ադրբեջանի հետ գործարքի գնալով եւ Արցախի հայ բնակչությանն Ադրբեջանի հոշոտմանը հանձնելով: Այլեւս որեւէ մեկը չի կարող Ռուսաստանին ընդունել որպես լուրջ եւ հուսալի գործընկեր: Ռուսաստանը հիմա մի երկիր է, որը կարող է հանուն փողի եւ այլ շահի ծախել երեխաների եւ կանանց: Ընդամենը երկու տարի առաջ Ռուսաստանը եւ ռուսները ծաղրում էին ամերիկացիներին՝ ցուցադրելով Քաբուլի օդանավակայանում ամերիկյան օդանավից կախված շարքային աֆղանցիներին, ասելով՝ տեսեք, թե ամերիկացիներն ինչպես են վարվում իրենց հավատացած եւ իրենց հետ համագործակցած աֆղանցիների հետ, ամերիկացիները, օդանավ նստած, փախուստի են դիմում, իսկ աֆղանցիներին թողնում են զինված թալիբների դեմ միայնակ: Ռուս խաղաղապահներն ավելի վատ վարվեցին, քան ամերիկացիները, նրանք ուղղակի չմիջամտեցին հայ խաղաղ բնակչության կոտորածին՝ թույլ տալով, որ դա տեղի ունենա իրենց ներկայության եւ անգործության պայմաններում:

Ռուսաստանի անգործությունը եւ ծախվածությունը Արցախում ոչնչացնում է այդ երկրի հեղինակության վերջին փշրանքները: Ուզբեկստանը միշտ տարածքային հավակնություններ է ներկայացրել Ղրղզստանին: Ուզբեկները համարել են, որ Օշը եւ դրա հարակից տարածքները, որոնք թերակղզու նման մխրճված են Ուզբեկստանի տարածքում եւ ժամանակին բնակեցված են եղել բացառապես ուզբեկներով, եւ միայն Ղրղզստանի իշխանությունների ջանքերի շնորհիվ է էթնիկ կառուցվածքը փոխվել, պետք է միավորվեն Ուզբեկստանին: Ուզբեկստանը, որ Միջին Ասիայում ամենազարգացած եւ ամենաուժեղ ռազմական հնարավորություններն ունեցող երկիրն է, դրան չէր գնում միայն այն պատճառով, որ Ղրղզստանը ՀԱՊԿ անդամ է, եւ Ղրղզստանում է տեղակայված ռուսական 201 ռազմաբազան՝ որպես այդ երկրի տարածքային ամբողջականության երաշխավոր: Ուզբեկները խուսափում էին խնդիրներ ստեղծել եւ ռազմական բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ: Հիմա նրանք հասկացան, թե որքանով են Ռուսաստանի երաշխիքները լուրջ, եւ որքանով է նա կատարում իր պայմանագրային պարտավորությունները: Ղրղզները եւս հասկացել են, որ Ռուսաստանին ապավինելն առնվազն խելամիտ չէ, եւ անվտանգության այլ երաշխիքների փնտրտուքի մեջ են:

Ավետիս Բաբաջանյան