Վազգեն Մանուկյանը շատ լավ գիտի՝ ինչպես դա անել, թե ինչու չեն անում, չգիտեմ

Վազգեն Մանուկյանը շատ լավ գիտի՝ ինչպես դա անել, թե ինչու չեն անում, չգիտեմ

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին հարցրինք՝ արդյո՞ք ընդդիմությունը փողոցային պայքարի այս ալիքը կարողանում է արդյունավետ օգտագործել եւ անում է ամեն բան՝ իշխանափոխության հասնելու համար։ Եթե ոչ, ապա ի՞նչն են սխալ անում, եւ ի՞նչ պետք է անել՝ հաջողության հասնելու համար։

- Այս օրերին Դուք էլ եք լինում հանրահավաքներին, ի՞նչ է անում ժողովրդական շարժման ղեկավարումն իր վրա վերցրած ընդդիմությունը, ինչո՞ւ մարդկանց հոսքը չի ավելանում։

- Ուղղակի չի կարելի կրկնել նույն բանը, որը գիտես՝ հաստատ օգուտ չի բերում։ Կրկնում են այն, ինչ արել են, չկա միայն «Զարթնիր, լաո» երգը, մնացած ամեն բան տեղում է։

- Ի՞նչ փոփոխություն է պետք մտցնել շարժման օրակարգում, արդյոք որեւէ ձեւաչափ առաջարկե՞լ եք Դուք։

- Խորհուրդներ տվել եմ, բայց հրապարակավ այդ մասին չեմ խոսի։ Բոլորը երեք տարի է՝ սպասում են կրիտիկական զանգվածի։ Ո՞րն է այդ զանգվածը, եւ ի՞նչ պետք է անեն, որ այդ զանգվածը հավաքվի։ Եթե այս հարցերին պատասխանեն այն անձինք, ովքեր զբաղված են այս գործի ղեկավարմամբ, մնացածը ես կասեմ։

- Ազգային կոմիտե ստեղծվեց, այդ կոմիտեն երիտասարդությանը կարո՞ղ է տանել իր հետեւից։

- Յուրաքանչյուր բան կարող է արդյունավետ լինել, եթե դու այն հետեւողական ես անում, կիսատ չես թողնում։ Օրինակ, Վազգեն Մանուկյանը շատ լավ գիտի՝ ինչ է նշանակում ստեղծել կոմիտե, որը հետո պետք է ունենա ենթակոմիտեներ՝ կազմակերպություններում, արտադրություններում, բուհերում։ Արդյո՞ք նրանք այդ ցանցը ստեղծել են։ Երբ 1988-ին ստեղծվեց «Ղարաբաղ» կոմիտեն, ցանկացած ձեռնարկություն ուներ իր «Ղարաբաղ» կոմիտեն։ Վազգեն Մանուկյանը շատ լավ գիտի, թե ինչպես դա անի։ Թե ինչու չեն անում, չգիտեմ։

- Նկատե՞լ եք, որ վերջին օրերի հանրահավաքներին եւ բողոքի ակցիաներին մասնակցում են քաղաքացիներ, որոնք նախկինում չեն մասնակցել փողոցային պայքարին։

- Այս անգամվա էներգետիկան շատ ավելի լավն էր, քան երբեւէ, որովհետեւ կային երիտասարդներ։

- Այդ էներգետիկան երեկ է՞լ կար։

- 2 օր առաջ կար, երեկ չեմ եղել, չեմ նկատել։

- Ինչո՞ւ է ոստիկանությունը հիմնականում բերման ենթարկում երիտասարդությանը։

- Ոստիկանությունը միշտ է փորձել դա անել, բայց եթե նկատել եք՝ ոստիկանության ուժերը սահմանափակ են։ Ոստիկանությունը գործում է միայն այն դեպքում, երբ մարդկանց քանակը 20-50 հոգի է։ Դուք տեսե՞լ եք երեկոյան հանրահավաքների ժամանակ կարմիր բերետավոր, գոնե մեկ անգամ նկատե՞լ եք նրանց։

- Ընդդիմությունն ասում է՝ ցերեկը մարդիկ քիչ են, չենք կարողանում ոստիկանական պատը ճեղքել։

- Նորից եմ ասում՝ երբ շատ է լինում մարդկանց թիվը, կարմիր բերետավոր տեսնո՞ւմ եք հրապարակում։

- Հանրապետության հրապարակում կանգնած քաղաքացիները կասկածներ ունեն, որ ընդդիմությունը միտումնավոր պրոցեսը տանում է տապալման։ Դուք է՞լ եք այդպես մտածում։

- Չեմ կարող նման բան ասել, չեմ կարծում, որ միտումնավոր է, պարզապես ընդդիմության մեջ վաղուց ամբիցիաների խնդիր կա, եւ դա շարունակվում է։

- Քաղաքացիները լիդեր են ուզում տեսնել։

- Լիդեր հենց այնպես չի լինում, լիդերը պետք է ապացուցի, որ ինքը լիդեր է։ Փաշինյանին էլ ոչ ոք չէր տեսնում, անգամ 2018 թվականին չէին տեսնում, մինչեւ ընթացքում ապացուցեց, որ կարող է լիդեր լինել։ Չեմ կարծում, որ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն աշխատում էր Մատենադարանում, նրան որեւէ մեկը լիդեր էր տեսնում։

- Երբ հանրահավաքի կազմակերպիչները սկսում են ելույթ ունենալ, մարդիկ սկսում են հեռանալ հրապարակից, ինչո՞ւ։

- Ես էլ եմ հեռանում։

- Ելույթի փոխարեն ի՞նչ պետք է անեն։

- Գործողություններ՝ երբ մարդ կա, գործողությունը չեն անում 20 հոգով, անում են 20 հազարով։