Տարիքի պատճառով քաղաքացուն հեռացնում են աշխատանքից

Տարիքի պատճառով քաղաքացուն հեռացնում են աշխատանքից

«Հրապարակ» օրաթերթի խմբագրություն էր դիմել «Քար և սիլիկատներ» գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից Զիզա Բաբայանը։ Քաղաքացին նշում է, որ աշխատանքից հեռացվելու վտանգի տակ է․ խնդրում է հրապարակայնացնել իր խնդիրը։ Զիզա Բաբայանի խոսքով՝ նախկինում երբեք որևէ խնդիր չի եղել ընկերության ղեկավար կազմի հետ, և ամեն ինչ սկսվել է հենց այն ժամանակ, երբ արդեն նախկին ղեկավար Մելիքսեթյանը հեռացել է Ռուսաստան։

Քաղաքացին նշում է, որ վերոնշյալ գիտահետազոտական ինստիտուտի տնօրինության փոփոխությամբ պայմանավորված ընկել է կրճատման տակ։ Հարցին, թե ո՞րն է ի վերջո աշխատանքից հեռացման հստակ պատճառաբանությունը, ի՞նչ են ասում տնօրինությունից,   Զիզա Բաբայանը պատասխանում է, որ իրեն նոր տնօրինությունից ոչինչ հստակ չեն ասում․

«Ասում են՝ պիտի հեռանաս, որովհետև չես համապատասխանում մեր պահանջներին, չես կարողանում «ծավալ» ապահովել։ Ծավալ ասելով նկատի ունեն՝ իբր չեմ կարողանում առևտուր ապահովել, բայց ես իմ գործառույթների շրջանակում ինձնից կախված ամեն ինչ անում եմ»։

Զիզա Բաբայանը, դժգոհելով տնօրինությունից, հստակ անուններ է տալիս և սլաքներն ուղղում դեպի Յանա Պետրոսյանը, որը «Քար և սիլիկատներ» գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարն է։ Աշխատանքից հեռացվող Բաբայանն իր հետ «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն էր բերել մի բաց նամակ՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյաին։ Խնդրի առնչությամբ փորձեցինք կապ հաստատել «Քար և սիլիկատներ» գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Յանա Պետրոսյանի հետ։

Յանա Պետրոսյանը նշում է, Զինա Բաբայանին աշխատանքից հեռացնում են, քանի որ արդեն տարիքն առած կին է․

«Առանց այդ էլ մենք այդքան տարի պահել ենք իրեն, թույլ ենք տվել որպեսզի աշխատի, բայց այլևս որևէ հնարավորություն չկա։ Բացի նրանից, որ տարիքային խնդիր կա, Զիզա Բաբայանը ունի նաև առողջական խնդիրներ, ուստի ծանրաբեռնվածության տեսանկյունից ևս չի կարող աշխատել և ապահովել անհրաշեշտ արդյունք»։

Ստորև լուսանկարներով ներկայացնում ենք քաղաքացու բաց նամակը՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին։