Մենք առաջին տեղը գրավեցինք, ադրբեջանցիները` չորրորդ

Մենք առաջին տեղը գրավեցինք, ադրբեջանցիները` չորրորդ

Ինչպես արդեն տեղեկացանք` հուլիսի 3-ին փոքր երկրների «եվրոյի» բասկետբոլի մրցաշարում Հայաստանը հաղթեց՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Մրցաշարին մասնակցում էր նաև Ադրբեջանը, որը ջախջախիչ պարտություն է կրել: Մինչ մրցաշարը սկանդալային իրավիճակ կար՝ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը ԱՄՆ-ում հայտարարել էր, թե իրենց առջեւ խնդիր է դրված՝ անպայման հաղթել Ադրբեջանի ընտրանուն, ավելին՝ ասել էր, թեպետ իրենք են մրցաշարի ֆավորիտը, սակայն ավելի լավ է չհաղթեն բոլոր հանդիպումներում, բայց կարողանան առավելության հասնել կոնկրետ Ադրբեջանի նկատմամբ։ Այս հայտարարությունն Ադրբեջանում բուռն արձագանքի էր արժանացել։

Ադրբեջանի բասկետբոլի հավաքականի ներկայացուցիչ Ամիլ Գամզաևը հայտարարել էր, թե Ադրբեջանն իր գլխավոր հաղթանակն արդեն տոնել է եւ 44 օր շարունակ այնպես է պատասխանել, որ հայերը դժվար թե մոռանան դա։ «Ամենայն հավանականությամբ նրանք դա նաեւ սպորտ են տեղափոխել։ Նրանց հարթակում արժանի պատասխան կտանք»,- ասել էր նա։ Ապա սկսել էին սպառնալիքներ տեղալ մեր հավաքականի հասցեին, այնպես, որ մտավախություններ կային, թե ինչպես են մերոնք մեկնելու Մալթա, ինչ կարող է այնտեղ տեղի ունենալ եւ որքանով է մեր հավաքականի անվտանգությունն ապահովված։ Մալթայում էլ պարզվել էր, որ մեր եւ Ադրբեջանի հավաքականը տեղակայվել էին նույն հյուրանոցում, նույն հարկաբաժնում։

Այս մասին մենք զրուցել ենք Հայաստանի բասկեդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանի հետ:

- Մի փոքր պատմեք, թե ինչ տպավորություններ ունեք մրցաշարից: Մենք տեղեկացել էինք, որ հայերն ու ադրբեջանիցների նույն հյուրանոցային համալիրում են օրեր շարունակ գիշերել: Հետո տեղեկացանք, որ ադրբեջանցիները միտումնավոր պարտվել են նախորդ խաղում, որ հայերի հետ չխաղան։

- Իրենք ամեն հնարավոր բան արեցին, որ մեր հետ չխաղան և չխաղացին: Պարտվում էին միտումնավոր: Մենք առաջին տեղը գրավեցինք, իրենք` չորրորդ: Մեզ թվաց, թե հատուկ խուսափում էին խաղալ մեզ հետ: Նրանց թիմն էլ ուժեղ էր: Եզրափակիչ խաղում, երբ հնչեց Հայաստանի օրհներգը նրանք չկանգնեցին ոտքի, դա նկատեցին կազմակերպիչները: Հյուրանոցում նույն հարկում էինք ապրում, մեզ տեսնել չէին ուզում: Արտակարգ ոչինչ տեղի չի ունեցել:

- Մեզ պատմեցին, որ բասկետբոլի մրցաշարի կազմակերպիչը հայկական կողմից ներողություն է խնդրել: Ինչի՞ համար կոնկրետ:

- Նշեցին, որ անգամ նրանց հանդեպ (սպառնալիքներ հնչեցնողների) կլինեն պատժամիջոցներ, բայց մենք չենք դիմելու, որ պատժեն, իրենք ինչ կանեն, կանեն:

- Իսկ ինչո՞ւ չեք ցանկանում դիմել:

- Դե մենք սովոր ենք, ինչ դիմենք: Ապացուցեցինք, որ ուժեղ ենք, իրենց արածն էլ թուլության նշան է: Եթե իրենք հաղթեին, մենք հաստատ ոտքի կկանգնեինք, որովհետև սա սպորտ է, կան սպորտային օրենքներ, որոնց պետք է ենթարկվենք, անկախ բոլոր քաղաքական վիճակներից: Վերջին 30 տարվա ընթացքում մշտապես պատերազմ է, բայց սպորտը մնում է սպորտ: Մենք նրանց դեմ սպորտային խնդիր չունենք, նրանք էին դա ստեղծում: Մենք ուժով ապացուցեցինք և դարձանց չեմպիոն, իսկ իրենք ոչ մի բան չարեցին: