Շատ ավելի կարեւոր է, թե ով է ասում

Շատ ավելի կարեւոր է, թե ով է ասում

Ռեժիսոր Սամվել Սպիունին ապշել ու տարակուսել է, թե ինչու է հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը հրաժարական ներկայացրել Հանրային հեռուստաընկերության նախագահի խորհրդականի պաշտոնից։

«Ես ցավ եմ ապրում, որ Արա Շիրինյանն ու Տիգրան Պասկեւիչյանը մեր երազանքների, նպատակների հետ կապված տարաձայնություններ են ունեցել։ Ես գիտեմ իրենց գենետիկ կոդը եւ վստահ եմ, որ ցանկանում են  ծառայել հայ ժողովրդին»,- նշեց Սամվել Սպիունին։ 
Ռեժիսոր Սամվել Սպիունուն խնդրեցինք ներկայացնել, թե ինչ փոփոխություններ է ակնկալում Հանրային հեռուստաընկերությունում, որն ավանդաբար արտահայտել է  իշխանությունների շահերը՝ հաճախ արժանանալով քննադատության։ Ինչպե՞ս վարվել, որ Հանրային հեռուստաընկերությունը ծառայի իր առաքելությանը, սպասարկի հանրության շահերը։

«Հռոմեացի փիլիսոփան ասում է՝ ոչ միայն կարեւոր է, թե ինչ են ասում, այլ շատ ավելի կարեւոր է, թե ով է ասում։ Եվ ինձ համար շատ կարեւոր ուղեցույց է նաեւ այն խոսքը, թե ճաշակին ընկեր կա։ Ասում են՝ ճաշակին ընկեր չկա, ես ասում եմ՝ ճաշակին կա՛ ընկեր։ Շուրջ 70 տարի մենք խանութներում խոսել ենք, թե ինչու են  ճչացող հագուստներ  հագնում, ասել են, թե ճաշակին ընկեր չկա»,- ասաց ռեժիսորը։

Ինչ վերաբերում է Հանրային հեռուստաընկերությունում կատարվելիք փոփոխություններին, ապա ռեժիսորը նշում է, որ ոչ միայն ծրագրերը, այլեւ միջակ դերասանական ունակություններով հաղորդավարների  հրամցվող հաղորդումները չպետք է լինեն։ 

«Կոնցեպցիա պետք է լինի։ Եթե կոչվում է Հանրային հեռուստաընկերություն, եւ մեր հարկատուների հաշվին է գոյատեւում,  ապա դա չի նշանակում, որ ռաբիս տղաների  ու աղջիկների ցածրաճաշակ երաժշտություն պետք է լինի կամ հետադեմ գաղափարներ պետք է մատուցի։ Հ1-ը պետք է ծառայի երիտասարդ սերնդին կրթելուն, որպեսզի նա իմանա, թե ինչ կուլտուրայի կրող է»,- նշեց մեր զրուցակիցը։