Չիրականացվող խոստումները ընտրակաշառքի դրսևորում են

Չիրականացվող խոստումները ընտրակաշառքի դրսևորում են

Ցանկությունը առարկայական ու մեծ էր, որ գոնե այս անգամ՝ իշխանափոխությունից հետո, մարդկանց անկեղծ ոգևորության վրա իշխանությունը վերցրած քաղաքական ուժը կկատարի իր նախընտրական խոստումները: Ավելին՝ մեր բոլորի այս ցանկությունը արդար ու սպասված էր:
Ազգային ժողովի 2018 թվականի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում մտահոգություններ հայտնել ենք իրականությունից կտրված, սակայն լայն հանրության համար ականջահաճո, բնույթով՝ մոլորեցնող նախընտրական խոստումների վերաբերյալ: Խոսքս վերաբերում է քաղաքական ուժերի և գործիչների կողմից շարքային քաղաքացուն տրված այն խոստումներին, որոնք օր առաջ սպասված էին, հաճելի, ոգևորող, սակայն ոչ իրատեսական և ի վերջո՝ տվյալ պահին առավելագույն քվեներ բերող:

Արդյունքում՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, մեկը մյուսին հերթ չտալով, ոտքի վրա դառնում էին սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսության կրողներ:
Արձանագրել ենք նաև, որ իշանափոոությունից հետո առկա իրականությունը չի համապատասխանում նոր իշխանությունների կարգախոսերին և անսահման խոստումներին: Մտահոգվել ենք, որ իշխանության այսպիսի վարքագիծը պարզապես հանգեցնելու է խոսքի ու գործի էլ ավելի խզման, նոր հիասթափությունների…

Ցավոք, սպասվածից ավելի արագ են իրողություն դառնում այս մտահոգությունները: Արդեն տեսանելի են բացասական նոր դրսևորումներ, որոնք ստվերում ու անորոշ են դարձնում իշխանափոխությունից հետո ձևավորված՝ հանրության լայն հատվածի հավաքական ձգտումները կյանքի կոչելու ճանապարհը:  

Արդեն իսկ ի հայտ են գալիս տեսանելի ու թաքնված նոր մեթոդներ, որոնք հետևողականորեն գործադրում են օրվա իշխանությունները՝ ամեն գնով սեփական քաղաքական ուժի ձախողումներն արդարացնելու, սեփական մեղքն այս ու այն կողմ գցելու, վարկանիշի անկումը հնարավորինս կանխելու և իրենց խմբային նեղ շահից բխող նմանատիպ այլ նպատակներին հասնելու համար: Իսկ իրական ու համակարգային բարեփոխումների համար ժամանակ չի մնում և հետաձգվում են:
Պահի թելադրանքով, շատ դեպքերում էլ առանձին խոստումների իրականացման համար առաջարկվում են ոչ ամբողջական, իրարամերժ լուծումներ: Դրանք չունեն ակնկալվող արդյունքի հստակ թիրախավորում, ժամկետների որոշակիություն: Ինչ խոսք, ընտրողի առավելագույն քվեն ստացել են և ունեն լայն հնարավորություն՝ մանևրելու, խոստման կատարումը հետաձգելու, չիրականացման դեպքում արդարացումներ գտնելու համար:

Լայն իմաստով գործում է մոտավորապես այսպիսի բանաձև. «ընտրություններում ունեցել ենք ջախջախիչ հաղթանակ, և ուրեմն՝ մի օր բոլորի համար ամեն ինչ լավ է լինելու, որովհետև մեր քաղաքական ուժը բոլորից զորեղն է, ամենա ... է, ամենա ... է, իսկ մեր ձախողումը բոլորի ձախողումն է, քանի որ այդ դեպքում անխուսափելիորեն ամեն ինչ ծայրահեղ վատ է լինելու»:
Իհարկե, այս երևույթները որևէ կապ չունեն ժողովրդավարության հաստատման և ամրապնդման հետ և՝ ընդհակառակը:

Սա ուղղակի անսահման պոպուլիզմի դասական օրինակ է, իսկ դրանով ոգևորված քաղաքական ուժը կարող է «արդարանալ» նեղ կուսակցական և խմբային շահով՝ իրականում առանց հաշվի առնելու դրա բացասական ազդեցությունները հանրային համընդհանուր շահի տեսանկյունից:
Պարզ է, որ 30 տոկոսի հասնող աղքատության և 20 տոկոսից ավել գործազրկության պահպանվող մակարդակներ ունեցող մեր երկրում առաջնահերթ են շարունակում մնալ պետության ակտիվ մասնակցությամբ և չափելի պատասխանատվությամբ սոցիալական խնդիրների լուծումները: Ասենք օրինակ՝ կայուն զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի խթանումը, ցածր աշխատավարձ ունեցողների վաստակի առաջանցիկ աճի ապահովումը, կենսաթոշակների բարձրացումը՝ մինչև կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի չափը, աշխատողների և կենսաթոշակառուների շրջանում աղքատության վերացումը, տարածքային համաչափ զարգացումը, ներգաղթի ապահովումը և արտագաղթի կանխումը, ծնելիության աճը և այլն:
Միևնույն ժամանակ բացարձակապես պարզ չէ, թե օրվա իշխանության այս խոստումները ինչպես են իրականացվելու ասենք օրինակ՝
 • 2019 թվականի պետական բյուջեի եկամուտների ընդամենը 10 տոկոսով աճ նախատեսելու դեպքում, երբ տարբեր գնահատումներով ստվերային տնտեսությունը կազմում է շուրջ 50 տոկոս,
 • պրոգրեսիվ եկամտահարկի և «շատից շատ, քչից քիչ» սկզբունքի փոխարեն՝ եկամտահարկի համահարթեցման և անկախ եկամտի չափից մեկ միասնական դրույքաչափ սահմանելու, անուղղակի հարկային բեռն ավելացնելու և գնաճը խթանելու պարագայում,
 • կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքից շուրջ 15 տոկոսով ցածր նվազագույն աշխատավարձի չափը պահպանելու և հետագայում այդ չափի բարձրացման խոստումներ տալու պարագայում,
 • աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում հրատապ անհրաժեշտ բարեփոխումներն անհասկանալի պատճառաբանություններով անընդհատ հետաձգելով,
• առաջին անհրաժեշտության ապրանքների շարունակվող բարձր գնաճը չզպելով,
• կենսաթոշակային համակարգում պարտադիր կուտակային բաղադրիչը պահպանելով և այս ուղությամբ պետական բյուջեի անարդյունավետ ծախսերը հետևողական մեծացնելով,
• կենսաթոշակի համար նվազագույն չափը 25500 դրամ սահմանելով, երբ դրանից ցածր ստացող կենսաթոշակառուները կազմում են ընդհանուրի ընդամենը 14 տոկոսը և նրանց մի զգալի մասը աղքատ չեն, իսկ դրանից բարձր ստացողների մեջ էլ կան մեծ թվով աղքատ կենսաթոշակառուներ, որոնց կենսաթոշակը մնում է նույնը, ավելին՝ երբ կենսապահովման նվազագույն զամբյուղի ամսական արժեքը կազմում է շուրջ 63500 դրամ և ունի կայուն աճի միտում, 
• հանրային հատվածում աշխատատեղերի էական կրճատման, աշխատավարձերը չբարձրացնելու ճանապարհով,
• խնամի-ծանոթ-բարեկամ արմատավորված բացասական մոտեցումը լիովին արմատախիլ անելու, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բնականոն առաջընթացի և հոսունության կանխարգելման համար համակարգային լուծումներ ապահովելու փոխարեն՝ անհասկանալի մեխանիզմով պետական համակարգում պաշտոններ «նվիրելու» միջոցով,
• շրջակա միջավայրի պաշտպանությունը հանքարդյունաբերության օբյեկտիվ զարգացման և այս ճյուղում առկա կայուն զբաղվածության հնարավորություններին հակադրելու արդյունքում,
 • զբաղվածության պետական աջակցության ծրագրերին հատկացվող միջոցների որևէ աճ չնախատեսելով, իսկ եղած չնչին միջոցները (տարեկան 1,7 միլիարդ դրամ) նպատակին ծառայեցնելու փոխարեն՝ զբաղվածության ծրագրերի թերակատարումը 75 տոկոսի հասցնելով, 
• երկրորդ երեխայի համար տրվող մեկ անգամյա նպաստի չափը ընդամենը 100 հազար դրամով ավելացնելու արդյունքում ծնունդների թռիչքային աճին սպասելով, որն այդպես էլ չի արձանագրվում,
• արտագնա աշխատանքի մեկնողների այլ երկրներում ստացած վաստակը և նրանց դրամական փոխանցումները իրենց ընտանիքներին համատարած հարկելու մոտեցում որդեգրելով և այլն:
Ակնհայտ է նաև՝ շարքային քաղաքացին չէր վստահում նախկին իշխանություններին և բնականաբար չէր հավատում նրանց խոստումներին, որը լրացնելու համար լայնորեն կիրառվում էր ընտրակաշառքը, վարչական ռեսուրսը:
Իսկ իշխանափոխությունից հետո իշող քաղաքական ուժը՝ քաղաքացիների վստահությունը և իրենց իշանությունը պահպանելու, իրենց վարկանիշի սրընթաց անկումը ամեն գնով կանխարգելելու նպատակով, անկաշկանդ կիրառում է պոպուլիզմը, պետք եկած դեպքում՝ նաև վարչական ռեսուրսը: Սա նույնչափ վտանգավոր է, որքան ընտրակաշառքն էր ու սեփական կամքին հակառակ քվեարկությունը:

Հետևաբար. քաղաքական արդյունավետ համակարգի կայացման ու մեր երկրի կայուն և անվտանգ զարգացման տեսանկյունից շարունակում է բարձր մնալ իրական այն ռիսկը, երբ օրվա իշանությունն էլ ընտրողի տված քվեին վերաբերում է՝ «ջրի բերած, ջրի տարած» սկզբունքի ներքո:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող