Լիանա Կարապետյանն ազատ կարձակվի

Լիանա Կարապետյանն ազատ կարձակվի

Մեր տեղեկություններով՝ որդեգրումների գործով անցնող «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է եւ նրա նկատմամբ կիրառվել է գրավ` 6 միլիոն դրամի չափով։

Նման որոշում է կայացրել առաջին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Կարապետյանի պաշտպաններից Ալեքսան Խաչատրյանը՝ նշելով, որ կալանավորման հետ կապված իրենք բողոք ունեն նաեւ Վճռաբեկ դատարանում․ «Մենք նաեւ իրավունք ունենք ցանկացած պահի միջնորդություն ներկայացնել, այսօր քննարկվեց այդ միջնորդությունը եւ որոշվեց 6 միլիոն դրամ գրավ կիրառել։ Այս որոշումը տվյալ իրավիճակում դրական որոշում է, անձի ազատության սահմանափակման հարց կա։ Սակայն մեր համար ցանկալի իրավիճակ չէ, քանի որ հիմնավոր կասկած չկա»։

Նա նաեւ նշեց, որ որոշումը դատարանից դեռ չեն ստացել, ստանալուց հետո Կարապետյանի հարազատները կմուծեն գրավը։

Հիշեցնենք, որ «Մանկան տուն» ՊՈԱԿ–ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել  օտարերկրացիներին երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Նրանից բացի մեղադրանք է առաջադրվել ևս 4 անձի` «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. նոյեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, առևտրային կաշառք տալու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը: