«Սեմինարիզմը» եւ իրականությունը

«Սեմինարիզմը» եւ իրականությունը

Գրիգոր Էմին-Տերյանը մի հոդված է հեղինակել , որի հիմնական ասելիքն այն է, որ Վահան Տերյանի հեղինակած եւ բոլշեւիկյան կառավարության կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» դեկրետը կյանքի չի կոչվել, քանի որ դեմ է արտահայտվել Անաստաս Միկոյանը: Հոդվածում տեղ գտած մի շարք փաստական աղավաղումներին գիտակցաբար չենք անդրադառնում, միայն ընթերցողի ուշադրությունն ենք հրավիրում հետեւյալ անառարկելի իրողությունների վրա: «Թուրքահայաստանի մասին» դեկրետը բոլշեւիկյան կառավարությունը հրապարակել է 1917 դեկտեմբերի 29-ին: Այդ ժամանակ բոլշեւիկներն արդեն հայտարարել էին պատերազմից դուրս գալու մասին եւ Գերմանիայի եւ Օսմանյան Թուրքիայի հետ գաղտնի խորհրդատվությունների մեջ էին՝ սեպարատ հաշտություն կնքելու հարցում: Բուն բանակցություններն սկսվում են մի փոքր ուշ՝ Բրեստ Լիտովսկում: Դրանց, որպես բոլշեւիկյան պատվիրակության հայկական հարցով խորհրդատու, մասնակցել է նաեւ Տերյանը: Հանրահայտ իրողություն է, որ Բերստ Լիտովսկի պայմանագրով բոլշեւիկյան Ռուսաստանը ճանաչել է Օսմանյան Թուրքիայի բացարձակ իրավազորությունն այն տարածքների նկատմամբ, որը Թուրքահայաստանն էր կազմում եւ պարտավորվել անհապաղ զորքերը դուրս բերել նաեւ Կարսի մարզից: Այդ եւ այլ հարցերով Տերյանը վեճ ունեցե՞լ է բոլշեւիկյան իշխանությունների հետ՝ ենթադրությունների ոլորտից է, հաստատող կամ հերքող փաստեր, գոնե այս պահի դրությամբ, հրապարակված չեն:

Բացառություն է Տերյանի մի նամակից ժամանակին տպագրված հատվածը, որտեղ նա Տրոցկուն անվանում է «չար»: Նամակը, որտեղ Անաստաս Միկոյանը Լենինին հորդորում է չսատարել միացյալ Հայաստանի «իմպերիալիստական» ծրագրին, գրվել է 1919թ. դեկտեմբերի վերջին՝ «Թուրքահայաստանի մասին» դեկրետն ընդունելուց ուղիղ երկու տարի անց, երբ Բրեստ Լիտովսկի պայմանագրով այդ հարցն առարկայորեն փակված, բոլշեւիկյան կառավարության օրակարգից հանված էր: Ի՞նչ կարիք կա հանրային ատելություն հրահրել Անաստաս Միկոյանի դեմ: Ի՞նչ են տալիս մեր ժողովրդին «սեմինարիստական» մակարդակի այդ մտավարժանքները: Բառացիորեն՝ ոչինչ: Միայն կտրում են իրականությունից, զրկում նրան անցյալը սթափ գնահատելու կարողությունից, դատապարտում հավերժական տվայտանքների եւ նրա գիտակցության մեջ սերմանում վտանգավոր մտայնություն, որ «մեր դժբախտությունների պատճառը դավաճաններն են, ներքին թուրքը»: