Շարժվում ենք դեպի պետական կոռումպացված կապիտալիզմ

Շարժվում ենք դեպի պետական կոռումպացված կապիտալիզմ

Կարդացի վարչապետի մամուլի խոսնակի տարածած հայտարարությունը։ Ավելի շուտ, եթե անկեղծ լինեմ, ապա առնվազն չորս-հինգ անգամ կարդացել եմ, քանի որ չէի հավատում, որ իրավական բոբիկությունը կարող է այդքան ինքնավստահ ու հանդուգն լինել։ 

Ընդհանուր առմամբ խոսնակին չեմ ուզում մեղադրել, քանի որ պարզից էլ պարզ է, որ վարչապետը թելադրել է, իսկ նա էլ խելոք-խելոք գրել է։ Այլ տարբերակ չի էլ կարող լինել, քանի որ Նիկոլ Փաշինյանը թքած ունի բոլորի կարծիքների վրա և անում է այն ամենը, ինչ ճիշտ է համարում։ Նույնիսկ եթե մամուլի քարտուղարը նրան զգուշացներ, որ հայտարարությունը պետական ռեկետի և սեփականության անձեռնմխելիության ոտնահարման մասին է, ապա, միևնույն է, վարչապետը ուշադրություն չէր դարձնելու։ 

Ի դեպ ընդհանրապես էական չէ, թե խոսքն ում մասին է, Գագիկ Խաչատրյանի, Սամվել Ալեքսանյանի, թե Գագիկ Ծառուկյանի։ Այս պարագայում անիմաստ է թիրախավորել այս կամ այն գործարարին, քանի որ ուշադրության արժանին կառավարության քաղաքականությունն է, որն իր էությամբ հանցավոր է և անթույլատրելի։ 

Խոսնակի տարածած հայտարությունից պարզ է դառնում, որ պետական չինովնիկները  իրենց վրա են վերցրել իրավապահ կառույցների, քննչական մարմինների, դատարանների լիազորություններն ու կյանքի են կոչում  արդարադատության փաշինյանական փիլիսոփայությունը՝ երկրորդական պլան մղելով այնպիսի ֆունդամենտալ սկզբունքներ, ինչպիսին են՝ անմեղության կանխավարկածը, նախաքննությունը, դատարանի որոշումը, գույքի և սեփականության անձեռնմխելիությունը, բանկային գաղտնիքը և այսպես շարունակ։ 

Սա չափազանց վտանգավոր ճանապարհ է, որի վերջնական հանգրվանը շատ ավելի հանցավոր և անարդար է լինելու, քան՝ Սերժ Սարգսյանի համակարգն էր։ Ակնհայտորեն այս քաղաքականությունը հիմքեր է նախապատրաստում պետական կոռումպացված և վայրի կապիտալիզմի ձևավորման համար։ Իսկ պետական բյուրոկրատիայի կամայականությունները խորտակիչ հարված են հասցնելու մասնավոր սեփականության գաղափարին։ 

Ենթադրում եմ, որ անցումային արդարադատության այդպես էլ կյանքի չկոչված գաղափարը վերստին արդիական է դառնալու այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հեռանա կամ էլ հեռացվի իշխանությունից։ Ես չեմ վախեցնում, ընդամենը զգուշացնում եմ, որ այս կառավարության մի շարք գործողություններ առնվազն իրավական տեսանկյունից կասկածելի են թվում։