Նիկոլի թիմը. կիսապատմական ակնարկ

Նիկոլի թիմը. կիսապատմական ակնարկ

Վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացել են Փաշինյանի քաղաքական թիմի մասին խոսակցությունները: Ասում են՝ թիմը կատաղած է, վախեցած է, թեւերի է բաժանված... հիասթափված... Ասողներն էլ տարբեր տեղերից են՝ խորհրդարանականներ, քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, քայլածներ, ակամա հեղափոխականներ, իշխանության տրոլեյբուսից կախվածներ, քաղաքական դաշտի բաշիբոզուկներ եւ այլն: Այդ խառը հանրույթին միավորում է մեկ բան: Նրանք, գրեթե միաբերան, Փաշինյանի թիմի մասին պատմություններն ավարտում են «Նիկոլը դրանց ձեռը ք...ն ա ընկել» եզրակացությամբ, ինչից կարելի է ենթադրել, որ այդ խոսակցությունները սկիզբ են առնում նույն կենտրոնից: Ես մոտավորապես գլխի եմ ընկնում, թե ում է ամենաշատը ձեռնտու այդ արտահայտությունը, բայց մյուս կողմից էլ հասկանում եմ, որ ք…ի մեջ ենք բոլորս:

Ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը սիրում էր բիլինաներ պատմել, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական թիմ չունի: Այդկերպ փորձում էր ընդգծել եւ վսեմացնել իրեն՝ որպես քաղաքական թիմի առաջնորդի: Այս քաղաքական թիմը ՀԱԿ-ն էր, որ ծնունդ էր առել ՀՀՇ-ի փլատակների տակ հրաշքով ողջ մնացածներից ու մի քանի աստանդական գործիչներից, որոնց համատեղ քաղաքական ջանքի գագաթը դարձավ 2008 թ․ մարտի 1-ը: Փառավոր անհաջողության մատնվեց նաեւ քաղաքական թիմ ձեւավորելու Լեւոն Տեր-Պետրոսյանի երկրորդ փորձը, որը հետեւեց Սերժ Սարգսյանի հետ «մեծ երկխոսությանը», որի ընդհատումից իբր վրդովված եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջող Լեւոն Տեր-Պետրոսյանի «թիմը», սուսիկ-փուսիկ, 2012-ի հերթական ընտրություններով մտավ խորհրդարան՝ չմոռանալով իր հետ վերցնել նաեւ Նիկոլին: Այս «հաջողությունից» շատ չանցած՝ խոսակցություններ սկսեցին շրջանառվել, որ ՀԱԿ խմբակցությունում բոլորը չէ, որ գոհ են Լեւոն Տեր-Պետրոսյանից, եւ դրանցից մեկն էլ Նիկոլն է: Նույնիսկ ասում էին. «Լեւոնը ք...ն ա ընկել Նիկոլի ձեռը»: Բայց դե, Լեւոնը երկրի ղեկավար չէր, եւ շատ էլ մի արտառոց բան չկար նրանից նեղանալու կամ նրան չվստահելու մեջ: Ասեմ նաեւ, որ Նիկոլն էլ Լեւոնից հիասթափվել էր այն պատճառով, որ վերջինս, լինելով ինստիտուցիոնալ ընդդիմության առաջնորդ, իր քաղաքական թիմը գցել էր Գագիկ Ծառուկյանի հետեւից եւ մարշ ածելով՝ քայլում էր Երեւանի փողոցներով, թե բա գտնվել է հայկական Իվանիշվիլին: Հիշում եք, չէ՞. Լեւոն, Նիկոլ, Գագիկ, Րաֆֆի... «Հրաշալի եռյակից» միայն Գագիկ Ծառուկյանը «պլստաց», բայց այդ պատմությունն արդեն ավելի շատ Սերժի մասին է եւ առանձին հոդվածի թեմա:

Այսօր խոսում ենք քաղաքական թիմ ունեցող մի առաջնորդի մասին, որ ք..․ն է ընկել իր թիմի ձեռը եւ փորձում է այդ մասին հանրությանը (ժողջանին) «տեղյակ պահել» բոլորովին կողմնակի աղբյուրների կարկաչով: Վերեւում թվարկեցի այդ աղբյուրները՝ խորհրդարանականներ, ժամկետանց քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ, քայլածներ, ակամա հեղափոխականներ եւ այլն: Եվ այս իրարանցման մեջ Փաշինյանը հանկարծ հայտարարում է ներքին գործերի նախարարություն բացելու մասին: Առաջին հայացքից, կարծես, դա Փաշինյան-թիմ փոխհարաբերության հետ կապ չունեցող որոշում է, բայց արի ու տես, որ լավ էլ կապ ունի, մանավանդ եթե մեծ է թիմի հիասթափության մասին խոսելու ցանկությունը:

«Նիկոլ Փաշինյանը՝ որպես հեղափոխության եւ հետո նոր իշխանության քաղաքական առաջնորդ, ըստ էության զուրկ է քաղաքական կայուն եւ ամբողջական թիմից: Հեղափոխության հավաքական քաղաքական թիմը շարունակում է լինել այդպիսին՝ բազմաթիվ խմբերի հավաքական, որոնք հաճախ միմյանց հանդեպ ավելի իրարամերժ են, քան նախկին իշխանությունը նորի հանդեպ (մի հատ խաչ հանեք՝ Էդ. Ա․): Պարզապես այդ իրարամերժությունը դեռեւս արտահայտվում է լռելյայն: Դա բավականին բարդացնում է իշխանության ձեւավորման եւ ամբողջականացման գործը՝ ստիպելով Փաշինյանին գնալ փոխզիջումների, որոնց կարիքը չէր ունենա, եթե ունենար ամբողջական եւ կայացած քաղաքական հենարան»,- փորձելով գնահատել ՆԳՆ ստեղծելու Փաշինյանի ցանկությունը՝ 1in.am-ում գրում է Արամ Ամատունին՝ իշխանության տրոլեյբուսից կախված Արման Բաբաջանյանի ֆեյքը: Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են: Բաբաջանյանն ասում է, որ Նիկոլը, իր թիմի ձեռը ք..․ն ընկած, զիջումների է գնում՝ բարդացնելով ուժային կարեւոր օղակներից մեկի կառուցվածքը, որպեսզի թիմը կառավարելի լինի:
Սպասենք Նիկոլի թիմի արձագանքին, եթե, իհարկե, սխալվում են այն մարդիկ, որ ասում են՝ «ուր ա ընդե թի՞մ»...