Մարդիկ ասում էին՝ Հայկը թող վերադառնա, աչքալուսանք են տալիս․ Իզաբելլա Աբգարյան

Մարդիկ ասում էին՝ Հայկը թող վերադառնա, աչքալուսանք են տալիս․ Իզաբելլա Աբգարյան

 

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կմասնակցի սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին՝ գլխավորելով «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը։ Հայկ Մարությանի թիմի հետ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաեւ ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը։ Վերջինս «Հրապարակ» -ի հետ զրույցում ասաց, որ առաջարկը եղել է Մարությանի կողմից․

«Ես ինքս եղել եմ այն մարդը, որը վերջին մեկ տարին Մարությանին ասում էր, որ պետք է մասնակցի ընտրություններին, ասել եմ՝ դու պետք է գաս։ Ինքս էլ միշտ ասել եմ հարցազրույցներում, որ, եթե մասնակցեմ ընտրություններին, դա կլինի Հայկ Մարությանի հետ»։

Ցուցակը դեռեւս ամբողջությամբ կազմված չէ, Իզաբելլա Աբգարյանը դեռեւս անուններ չի հայտնում․

«Կան մարդիկ, որոնք դիմում են, ուզում են միանալ թիմին։ Հիմնական մեր սկզբունքը ոչ թե հայտնիությունն է, այլ մարդու անցյալը, որ լինի մարդ, որը աշխատել է, եւ ունի ցանկություն աշխատելու։ Կան շատ մարդիկ, որոնք անկուսակցական են»։

Նրա խոսքով՝ մաքուր ընտրությունների դեպքում Մարությանի ընտրվելու շանսերը մեծ են․ «Ես իմ բոլոր հաշվարկներում հենվել եմ մարդկանց կարծիքների վրա։ Ինձ անընդհատ ասում էին՝ խնդրում ենք, թող Հայկը վերադառնա, դուրս եկա խանութ այսօր, կանաչի ծախողներից սկսած ասում էին՝ մեր աչքը լույս լինի, այսինքն, եթե մաքուր ընտրություններ լինեն, ապա Հայկ Մարությանի շանսերը մեծ են»։