Ինչու՞ չօգտվել հնարավորությունից

Ինչու՞ չօգտվել հնարավորությունից

«Ժամանակ,» թերթը գրում է, որ Արցախում փոխզիջումային տարբերակ է քննարկվում՝ եթե գործող նախագահ Բակո Սահակյանը հրաժարական տա, Սամվել Բաբայանը խոստանում է չմասնակցել նախագահի ընտրություններին, բայց նրա ղեկավարած կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին:

 Զուգահեռաբար տարածվել է «Միացյալ Հայաստան» կուսակցության հայտարարությունը, որտեղ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին եւ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին կոչ է արվում դադարեցնել ,«բախտախնդրության տանող քարոզարշավը» եւ պահանջվում Բակո Սահակյանի հրաժարականը:

Մամուլի տարածած տեղեկությունը կապ ունի՞ «Միացյալ Հայաստան» կուսակցության հայտարարության հետ, Վահան Բադասյանը, որ այդ կառույցի հիմնադիրն ու առաջնորդն է, կողմերին «փոխզիջու՞մ» է առաջարկում կամ պատրաստվում է միջնո՞րդ հանդիսանալ՝ մնում է ենթադրությունների ոլորտում եւ էական չէ:

Կարեւորը՝ որ հնչում է գործող նախագահի հրաժարականի պահանջ, ինչի մասին 1in.am-ին տված վերջին հարցազրույցում բավական թափանցիկ ակնարկել էր հենց ՊԲ նախկին հրամանատարը: Բակո Սահակյանը Արցախի ներքին կայունության եւ հանրային համերաշխության երաշխավորն է 2007 թվականից ի վեր: Եւ այսօր չկա նրա հրաժարականի հանրային պահանջ: Փաստարկել սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը պաշտպանած մեկուկես տասնյակ հազար ստորագրություններով՝ նշանակում է նենգափոխել իրավիճակը: Մարդիկ ստորագրել են ոչ թե հանուն գործող նախագահի հրաժարականի, այլ՝ սահմանադրական փոփոխությունների, որոնք ՊԲ նախկին հրամանատարին հնարավորություն կտան մասնակցելու նախագահական ընտրապայքարին: Եւ հետագա գործընթացները պետք է մնան այդ տրամաբանության մեջ: Մանավանդ որ Բակո Սահակյանի հրաժարականը չի հանգուցալուծի իրավիճակը:

Ըստ գործող սահմանադրության՝ այդ դեպքում Ազգային ժողովը պետք է ոչ ուշ, քան 40 եւ ոչ շուտ քան 30 հետո նոր նախագահ ընտրի, ով կպաշտոնավարի մինչեւ խորհրդարանի լիազորությունների ավարտը: Այսինքն՝ մինչեւ 2020թ. մարտ-ապրիլ:  Որեւէ մեկը կասկածու՞մ է, որ ով վեց-յոթ ամսվա ժամկետով նախագահ ընտրվի, նա էլ կլինի ապագա մրցապայքարի ֆավորիտը: Նման ընտրությու՞ն են ցանկանում գործող նախագահի հրաժարականը պահանջողները: Բակո Սահակյանը մեծ արդյունավետությամբ կառավարում է իրավիճակը: Դա նախագահի բոլոր թեկնածուների համար հնարավորություն է, որպեսզի համախմբեն սեփական ռեսուրսները: Իրականությունը հարկ է ընդունել՝ ինչպես որ այն կա: Ով հանրային ավելի մեծ աջակցություն ունի, նա էլ տոն կտա նախագահական մրցապայքարին:Իսկ եթե որոշ խմբեր եւ անհատներ օբյեկտիվորեն դուրս են մնում դասավորվածությունից, Արցախի եւ նրա ժողովրդի համար ողբերգություն չէ: Նրանք պետք է իրենց նախապատրաստեն տեւական քաղաքական գործունեության՝ մինչեւ կունենան հանրային որոշակի աջակցություն:

2020թվականի ընտրություններով ամեն ինչ չի ավարտվում: Ընդհակառակը, սկսվում է քաղաքական նոր դարաշրջան: Տեղի է ունենում սերնդափոխություն: Իսկ դա նորահայտ ուժերի, խմբերի եւ անհատների համար ինքնադրսեւորման բաց հնարավորություն է: Ինչու՞ չօգտվել: