Վատ և լավ իշխանություն ու ընդդիմություն․ թեկնածուի պատասխանը առաջին դեմքի հարցին

 Վատ և լավ իշխանություն ու ընդդիմություն․ թեկնածուի պատասխանը առաջին դեմքի հարցին
Ալինա Օրդյան

«Մենք» դաշինքի ցուցակով Տավուշի մարզում առաջադրված թեկնածու, լրագրող Ալինա Օրդյանը պատգամավոր ընտրվելու պարագայում էլ է պատրաստվում զբաղվել լրագրությամբ, քանի որ շատ է սիրում իր մասնագիտությունը, իսկ օրենսդրությունը ստեղծագործական աշխատանքի մասով արգելք չի դնում։ Նրան հարցրինք, թե ինչպե՞ս է անցկացրել քարոզարշավը և ինչ տպավորություններ ունի «Քարոզարշավը, կարող եմ ասել, շատ լավ պայմաններում է անցնում, հիմնականում հանդուրժող, եթե չհաշվենք մի քանի ուժերի սուր արտահայտությունները։ Մեր կողմից և մեր հանդեպ, կարծում եմ, շատ նորմալ քարոզարշավ է անցնում։ Իմ քարոզարշավը ես հիմնականում անցկացնում եմ Տավուշի մարզում, որովհետև այնտեղ նաև ռեյտինգային ընտրակարգով եմ առաջադրված, թեև ժամանակ է եղել նաև Երևանի ընտրողների հետ շփվելու, քաղաքում միասին քայլելու։ Եթե նկատել եք՝ մեր քարոզարշավի ոճը հիմնականում մարդկանց հետ շփումներն են, որը, կարծում եմ, շատ արդյունավետ է, դուք՝ ինքներդ էլ գիտեք, որ դա նաև լրագրողական ոճին մի փոքր հոգեհարազատ ոճ է․ մենք էլ ենք, չէ՞, սիրում մարդկանց հետ շփվել, խնդիրներին ծանոթանալ։ Մեր ծրագրերը ներկայացնելով շրջել եմ, սահմանամերձ գյուղեր եմ գնացել»,- ասած Ալինա Օրդյանը։

Հարցրինք նաև, թե ինչպե՞ս է գնահատում իրենց դաշինքի առաջին դեմք Արամ Սարգսյանի ելույթը երեկ տեղի ունեցած մեծ բանավեճի ժամանակ․ «Շատ նորմալ և հավասարակշռված եմ գնահատում պարոն Սարգսյանի ելույթը, և մեր հիմնական դրույթները, որ մենք մեր ծրագրերում ներառում ենք, շատ կարճ և հակիրճ ներկայացվեցին, և ինչպես տեսաք, միայն պարոն Սարգսյանն էր, որ ժամանակի մեջ տեղավորվում էր»։

Ալինա Օրդյանին խնդրեցինք որպես լրագրող, այլ ոչ որպես թեկնածու պատասխանել Արամ Սարգսյանի հարցին, որը նաև ուղղեց Նիկոլ Փաշինյանին․Լավ ընդդիմությունը կարո՞ղ է դառնալ վատ իշխանություն և վատ ու մերժված իշխանությունը կարո՞ղ է դառնալ լավ ընդդիմություն․ «Ամեն ինչ հնարավոր է, լավ իշխանությունը կարող է դառնալ վատ ընդդիմություն, վատ ընդդիմությունը կարող է դառնալ լավ իշխանություն, այսինքն՝ դա կախված է կոնկրետ անձերից և ուժերից։ Բայց, ես չեմ կարծում, որ վատ իշխանությունը կարող է լավ ընդդիմություն դառնալ, իսկ վատ ընդդիմություն եթե եղել է, ապա չեմ կարծում, որ իշխանական հարցերում էլ հաջողի։ Այսինքն՝ եթե մարդ մի հարցում չի հաջողել, ապա չեմ կարծում, որ կստացվի»։