Սասուն Միքայելյանի հետ կապված պատմությունն առաջին անգամ լսում եմ Դավիթ Շահնազարյանից

Սասուն Միքայելյանի հետ կապված պատմությունն առաջին անգամ լսում եմ Դավիթ Շահնազարյանից

ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ, այժմ՝ ՀՀԿ-ի համասնական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանն, իր մամուլի ասուլիսներում եւ ելույթներում առանցքային դարձրեց Արցախի հիմնահարցը՝ գործող իշխանությանը մեղադրելով Արցախը ծախելու մեջ։ Օրերս նա անդրադարձավ նաեւ «Սասուն» ջոկատի հրամանատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Սասուն Միքայելյանին՝ նրան մեղադրելով Օմարի բարձունքը հանձնելու մեջ։

«Հարց տվեք Սասուն Միքայելյանին՝ թե 1994-ի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքները ինչպե՞ս զիջեցին հակառակորդին, ով էր այդ հրամանատարներից մեկը, եւ ում էր ուզում Վազգեն Սարգսյանը պատերազմի ժամանակով նախատեսված ամենախիստ պատժի ենթարկել՝ գնդակահարել, ու ովքե՞ր նրան համոզեցին, որ դա չանի: Թող այդ մանրամասները ինքը մի հատ պատմի, կարող է ասում է՝ ես տեղեկություններ չունեմ: Այստեղ երկրորդ հարցն էլ կա՝ ի՞նչ ստորաբաժանումներ էին, որոնք հետ վերադարձրեցին այդ դիրքերը: Այդ դիրքերը զիջելը չափազանց մեծ վտանգ էր ստեղծել մեզ համար, որովհետեւ բաց էր թշնամու ճանապարհը՝ մինչեւ Քարվաճառի խորքերը: Հունվարի 22-ից սկսվեց այդ դիրքերը հետ վերադարձնելու մարտական գործողությունները, որը իրականացնում էր Ասկերանի գունդը, նրան կցված էին մի քանի այլ ստորաբաժանումներ: Այդ գնդի հրամանատարը Վիտալի Բալասանյանն էր, այդ գնդի գումարտակներից մեկի հրամանատարը՝ Արշավիր Ղարամյանը»,- նշել էր Դավիթ Շահնազարյանը։ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, մեզ հետ զրույցում հիշում է, թե ինչպես են Օմարի բարձունքի կռվի ժամանակ ջոկատով անցել հակահարձակման, իրենց առաջադրանքները կատարել։ Օմարի բարձունքի երկրորդ գրավման ժամանակ Մանվել Եղիազարյանը գլխավոր շտաբում եղել է գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանի օգնականը եւ կարեւորագույն առաջադրանքներով սպա։ Նա այն ժամանակ նաեւ Գերագույն խորհրդի պատգամավոր էր։

«Օմարի երկրորդ գրավման ժամանակ մենք ջոկատով գնացել ենք, մեզ ներկայացված առաջադրանքը կատարել։ Կռիվը թեժ է եղել Օմարում, քիչ զոհեր չենք տվել։ Չեմ ուզում կրկնել թվերը, թե ինչքան զոհ է եղել մեր կողմից եւ ադրբեջանցիների կողմից։ Իսկ Սասուն Միքայելյանի մասին նման պատմություն ես չեմ լսել։ Քանի տարի է անցել, եւ շատ մարդիկ, շահարկելով Արցախի անունը, վտանգում են հայրենիքը։ Ես ուզում եմ ասել, որ ամեն մարդ իրավունք չունի խոսելու Արցախի մասին, մարդը պետք է ունենա համապատասխան արժանիքներ։ Իսկ երբ ամեն մարդ խոսում է Արցախի անունից, դա նշանակում է, որ մենք ջնջել ենք բոլոր արժեքները։ Ում մտքով ինչ անցնում է՝ խոսում է, բարձրաձայնում է, առանց իր խոսքերի համար պատասխան տալու։ Սասուն Միքայելյանի հետ կապված պատմությունը ես առաջին անգամ լսում եմ Դավիթ Շահնազարյանից»,- ասաց Արաբոյի Մանվելը։

Մեր դիտարկմանը, թե Դավիթ Շահնազարյանն իրավունք չունի՞ խոսելու Արցախի մասին, Արաբոյի Մանվելն արձագանքեց․ «Ես չեմ ուզում մարդկանց առանձնացնել, շատ մարդիկ են խոսում Արցախի մասին, որի իրավունքը չունեն։ Սասուն Միքայելյանը, որ հայտարարություն արեց, պետք է երկու բան ավելացներ դրան, թե այս հեղափոխությունն ինչով է առավել, պետք է պահպանվի այն, որ արցախյան պատերազմում տարած մեր հաղթանակների մասին կարողանանք բարձրաձայնել, մատնանշել, տալ իրական գնահատականը։ Դրանով է այս հեղափոխությունը կարեւոր։ Սասունն այդ մասին պետք է ասեր, եւ ամեն ինչ կընկներ իր տեղը։ Արցախյան ազատամարտն այնպես ենք արժեզրկել, որ այսօր ազատամարտիկը վախենում է ասել, որ ինքը մասնակցել է պատերազմին։ Ես ուզում եմ ասել՝ ցանկացել են կպչել Սասուն Միքայելյանին, կպչել են»։