Շատ հարցերում  համամիտ եմ եղել Վահե Գրիգորյանի մոտեցումներին

Շատ հարցերում  համամիտ եմ եղել Վահե Գրիգորյանի մոտեցումներին
Ալվինա Գյուլումյան

Ազգային ժողովն այսօր 99 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ  փաստաբան, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին ընտրեց ՍԴ դատավոր։ 

Ելույթներ ունեցան, Վահե Գրիգորյանին հարցեր ուղղեցին ինչպես կառավարող «Իմ քայլը» դաշինքի, այնպես էլ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։ Վահե Գրիգորյանն էլ իր ելույթում ներկայացրեց իր դիրքորոշումը դատավորներին պատասխանատվության ենթարկելլու մասին՝ նշելով, որ կտրականապես դեմ է ՄԻԵԴ-ի՝ խախտում ճանաչելու հիմքով անմիջապես պատասխանատվության ենթարկելու սկզբունքին, քանի որ դա սխալ ուղղությամբ է տանելու։ 

Միաժամանակ Վահե Գրիգորյանը նշել է․ «Նման խախտումներ կատարելու հարցում, մասնավորապես քաղբանտարկյալների գործերով, այս գործերով որեւէ դատավորի ներկայությունը դատական իշխանությունում, լրջորեն ստվերելու է դատական իշխանության նկատմամբ ժողովրդի վստահությունը: Այս մասին առաջինը պետք է մտահոգ լինեն ՀՀ դատավորները, այն մարդիկ, որոնք ազնվորեն ծառայել են իրենց երդմանը հավատարիմ մնալով, այնքանով, որքանով հնարավոր է եղել տվյալ քաղաքական իրավիճակում եւ նրանք բոլորը հիմա այդ բոլորի հետ կրում են նույն պատասխանատվությունը՝ հանրային անվստահության պատասխանատվությունը»։
2003-2014թթ․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, այժմ՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը նախ շնորհավորեց Վահե Գրիգորյանին՝ ակնկալելով, որ նրա հետ կլինի արդյունավետ համագործակցություն։ Այնուհետեւ անդրադառնալով Վահե Գրիգորյանի ընտրությանը, ՍԴ անդամը նշեց, որ Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր դատավոր ունենում է իր ներդրումը։ 

«Հուսով եմ, որ Վահե Գրիգորյանը թարմություն, նոր մտքեր, նոր գաղափարներ կբերի ՍԴ-ին։ Ցանկացած նոր դատավորի ընտրությունը թարմություն է բերում դատարանին։ Ի վերջո, տարուց ավելի մենք թափուր տեղ ունեինք ՍԴ-ում»,- նշեց մեր զրուցակիցը։
ԱԺ-ում ծավալվեց բանավեճ, Վահե Գրիգորյանին ԱԺ պատգամավորներն ուղղեցին տարաբնույթ հարցեր, արդյոք սպառի՞չ էր հարցերի այն ցանկը, որ տրվեց ՍԴ դատավորի թեկնածուին, թե՞ ցանկալի էր ընդլայնել հարցերի շրջանակը։ 

Ալվինա Գյուլումյանը ձեռնպահ է մնում որեւէ կարծիք հայտնելուց, քանի որ համարում է, որ իրենք գործընկերներ են, միասին պետք է աշխատեն։ 
Գյուլումյանին հիշեցրինք, որ երբ ինքը ՄԻԵԴ-ում դատավոր էր, Վահե Գրիգորյանը թե՛ Հյուսիսային պողոտայի տուժած բնակիչների, թե՛ մարտի 1-ի դեպքերից տուժածների գործերով հայցեր է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ ՀՀ-ի։ Կան հայցեր, որոնք բավարարվել են։ 

«Վահե Գրիգորյանն աշխատել է որպես իրավաբան, ներկայացրել է իր վստահորդների շահերը, հաճախ հաջողվել է։ Եթե Դուք կարդաք վճիռները, կտեսնեք, որ, որպես կանոն, ես կողմ եմ քվեարկել։ Այսինքն՝ դա նշանակում է, որ ես համաձայնել եմ Վահե Գրիգորյանի ներկայացրած փաստարկներին։ Բոլոր հարցերում չէ, բայց շատ հարցերում ես համամիտ եմ եղել Վահե Գրիգորյանի մոտեցումներին»,- նշեց Ալվինա Գյուլումյանը։