Բերտոլդ Բրեխտ. «Հեր Կոյների պատմությունները»

Բերտոլդ Բրեխտ. «Հեր Կոյների պատմությունները»

Արձակը՝ որպես բնույթ, այնքան էլ հոգեհարազատ չէր 20-րդ դարի գերմանացի ականավոր դրամատուրգ, «Էպիկական թատրոնի» տեսության հիմնադիր, բանաստեղծ Բերտոլդ Բրեխտի ստեղծագործական ներկապնակի համար: Այդուհանդերձ, մի քանի հատորով ի մի բերված այդ արձակը բրեխտյան աշխարհընկալումն ու փիլիսոփայությունը խորապես ըմբռնելու համար կարեւորագույն, իսկապես ուղենիշային դեր ունի: Նոթատետրեր, նամականի, բնութագրումներ, հոդվածներ, քաղաքական ելույթներ, ճառեր, քննադատական էսսեներ նկարիչների, գրողների հին չինական մտարվեստի վերաբերյալ, աշխատանքային օրագրեր, ինքնակենսագրական գրառումներ, պամֆլետներ, մի քանի ասք-պատմվածք, մեկ վեպ՝ «Երեքգրոշանոցը», եւ «Հեր Կոյների պատմությունները» ժողովածուն: Ահա այսքանը. մեծ հաշվով բավականին բեղուն ու ծանրակշիռ ժառանգություն: «Հեր Կոյների պատմությունները» գրքի վրա Բրեխտն աշխատել է շուրջ երեսուն տարի՝ սկսելով 1926 թվականին, ապա շարունակելով համալրել այն մինչեւ կյանքի մայրամուտը:

Բրեխտի մահից հետո գրողի հեղինակային արխիվում նաեւ նրա մտերիմների մոտ հայտնաբերվեցին նախկինում երբեւէ չհրապարակված ամբողջական մասեր, որոնք ընդգրկվեցին «Հեր Կոյների պատմությունների» մինչեւ 2008 թվականի վերահրատարակություններում: 
« - Իմացություններ կրողը չի համարձակվի մասնակցել եւ ոչ մի պայքարի, մանավանդ՝ բացահայտելով ճշմարտությունը: Նա չպետք է տա եւ հատկապես ընդունի պատվո ընծաներ: Լավ կլիներ ընդհանրապես աչքի չընկներ: Իմացություն կրողն ընդամենը մեկ առանձնաշնորհով է օժտված - իմացություններ կրելու - ասաց հեր Կոյները»: «-Ի՞նչի վրա եք աշխատում,- հարցրին հեր Կոյներին:- Գործերս շատ են,- ասաց նա,- ես նախապատրաստվում եմ նոր մոլորությունների»: «Հեր Կոյները աչքի չէր ընկնում մարդաճանաչողությամբ: Նա ասում էր:- Գիտելիքը մարդկանց անհրաժեշտ է, երբ խոսք է գնում հարստահարման մասին: Մտածել - նշանակում է փոխել: Եթե մտածում եմ ինչ-որ մարդու մասին, ուրեմն փոխում եմ նրան: Ինձ նույնիսկ թվում է՝ նա այնպիսին չէ, ինչպիսին որ կա - նա կար մինչեւ իմ միտքը»:

Ինչպես միշտ, Բրեխտին հատկորոշ գրական հնարավորությունների օգտագործմամբ՝ պատմական շրջափուլերի ու երեւույթների, քաղաքականության խաղարկումն ու խնդրականացումը «Հեր Կոյների պատմություններում» եւս միտված են փոխակերպվելու գործիքների, որոնք մերկացնում են կապիտալիզմի, հարստահարման ձեւակարգերը: Բրեխտը առակին է դիմում՝ հնարավորինս զերծ մնալով առակին բնորոշող գլխավոր հատկություններից՝ սյուժեից եւ բարոյախոսությունից: Կան թեմաներ, որոնցով ավելի շատ է տարված հեր Կոյները, եւ հենց դրանք են, սյուժեին փոխարինելով, թելում առանձին-առանձին վերնագրված պատմությունները: Իսկ բարոյախոսության փոխարեն Բրեխտը հեգնանքի ու հումորի երկխոսություն է առաջարկում: Հեր Կոյները չի բարոյախոսում, սակայն ինչ-որ կարեւոր ու, համարձակվենք ասել՝ վերջավոր բան, այնուհանդերձ, փոխանցում է եւ այնքան անուղղակի, որ բացարձակ կողմնային է թվում, այնինչ բուն ասելիքը հենց քեզ է ուղղված: