Լույս է տեսել Հրապարակ մշակութային հավելվածի նոր համարը

Լույս է տեսել Հրապարակ մշակութային հավելվածի նոր համարը

Սիրելի՛ ընթերցող․

Այսօր՝ դեկտեմբերի 6-ի «Հրապարակ» օրաթերթի համարում, կարող եք ընթերցել նաեւ Հրապարակ Մշակութային Հավելվածի 11-րդ համարը։

Համարում կարող եք կարդալ բանաստեղծ՝ Հուսիկ Արայի նոր շարքը՝ «Երեւան 2800» եւ գյումրեցի բանաստեղծ Գագիկ Սարոյանի՝ Գյումրիին նվիրված «Բալլադ խուճուճ եւ տնաշենի քաղաքի մասին» անտիպ գործը։ 

Կինոգետ, սցենարիստ Անուշ Բաբայանը դիտել եւ գրախոսել է այս տարի Հայաստանի կողմից «Օսկարի» ներկայացված Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմը՝ նվիրված 1988թ-ի ավերիչ երկրաշարժին․ «Ալեքսանդր Կոտտի ֆիլմը դիտելիս առաջին հերթին մտածում ես, թե որքան ճիշտ է ընտրված դիտանկյունը՝ աղետը եւ մարդկային բազմահազար ճակատագրերի վրա դրա անդրադարձը ցույց տվող։ Սովորական իրականության անդառնալի կորստի թեման կարմիր թելի պես անցնում է ամբողջ ֆիլմով՝ արտացոլվելով թե՛ գլխավոր, թե՛ երկրորդական հերոսների գործողություններում։ Ֆիլմի սկզբում եւեթ հեղինակները աղետի առաջին պահերը ցույց տալու համար որպես վայր ընտրում են ոչ թե դպրոցը, բնակելի շենքը, եկեղեցին կամ քաղաքն ամբողջությամբ, այլ լուսանկարչատունը»։ 

Գեղանկարիչ, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սեւադան 30 տարի անց թղթին է հանձնել 1988թ-ի դեկտեմբերի 7-ի իր հուշերը․ «Սահմռկեցուցիչ տեսարան էր դավաճան լուսնի բաց աչքի տակ: Մի տեղ կանգ առանք, որ հարցնենք «պողպատ արտել» տանող ճանապարհը: Հիմնահատակ եղած մի տան բակում մի ծերունի էր նստած, որի դեմ վառարան կար՝ առանց խողովակի: Մեքենայից իջանք, մոտեցանք, քաշվելով հարցրինք որպիսությունը: Նստած տեղից փայտ գցեց վառարանի մեջ ու դառնորեն ինչ-որ բան քրթմնջաց, ապա լռեց ու սկսեց երեխայի պես բարձրաձայն լաց լինել…»։

Հրապարակի աշխատակից, սրբագրիչ Արուս Մանուչարյանը տարիներ շարունակ «Հրապարակի» էջերում հանդես է եկել նաեւ գրական գործերով։ Այս անգամ նրա՝ «Մոզգը» պատմվածքի հերոսը իր դասընկերուհին է․ «Մի օր էլ գումի շուկայի մոտ տեսա Եվային։ Արեւածաղիկ էր ծախում։ Սառը բորդյուրին երկտակ ծալված, ավելի փոքրացած, բարուրը՝ էլի ծնկներին, աղջիկը՝ կողքին, նույն պաղ բետոնին։ Անչար, անպահանջ դեմքով… Հաջորդ օրը աղջկաս ամառային սայլակը վազացրեցի շուկա, որ գոնե ձեռքերը մի քիչ թեթեւանային, փոքրիկն էլ ապահով լիներ»։