Առա՞ջ եմ ընկել․ ինձ դատի տվեք

Առա՞ջ եմ ընկել․ ինձ դատի տվեք

Վարչապետի վերահսկողական ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը, որն «Իմ քայլը» դաշինքի ցուցակում 55-րդ համարն է, աջից ու ձախից մեղադրանքներ է ստանում «առաջ ընկնելու», քարոզարշավը ժամանակից շուտ սկսելու համար: Լուրեր կան, թե նա հանդիպում է գյուղապետերի, հեղինակավոր մարդկանց, դպրոցների տնօրենների հետ, մի խոսքով՝ վարչական ռեսուրսն է գործի դրել ու իր պաշտոնը ծառայեցնում է սեփական եւ ՔՊ-ի քարոզին: Մենք երեկ գրել էինք այս մասին, բայց Հայկ Սարգսյանի հետ խոսել չէր հաջողվել:

- Գավառում խոսում են, որ Դուք ակտիվ հանդիպումներ եք ունենում:

- Ես էլ եմ նման ինֆորմացիա ստանում: Ասում են՝ գյուղապետերին, քաղաքապետերին տեռորի եմ ենթարկում, սպառնում եմ, «արա»-ով եմ խոսում բոլորի հետ, մտնում ասում եմ՝ ձեր գյուղի սաղ ձեները կտաք ինձ, թե չէ ստուգող է մտնելու, ասում եմ՝ ես Նիկոլի բարեկամն եմ, սաղդ ինձ պիտի ձեն տաք:

- Բառացի չեն ասել, որ այդպես եք ասում:

- Ուրեմն ինձ խղճացել են:

- Պաշտոնյաների հետ չե՞ք հանդիպել:

- Ես որեւէ կուլիսային հանդիպում չեմ ունենում: Հիմա արձակուրդ եմ, գյուղերով շրջում եմ: Ասենք, գյուղապետն իջնում ա, ասում ա՝ եկեք մտնենք գյուղապետարան, ասում եմ՝ չէ, շնորհակալ եմ, եկեք գյուղով քայլենք: Քայլում ենք, մի 20-30 գյուղացի ա դուրս գալիս, խոսում ենք գյուղի խնդիրներից: Գոնե մի 4-5 մարդ ներկա է լինում գյուղապետերի հետ իմ խոսակցություններին: Չի եղել դեպք, որ ես գյուղապետի հետ առանձնանամ, բոլոր խոսակցությունները տեղի են ունենում գյուղամիջում, հրապարակային են:

- Իսկ դպրոցներ գնացե՞լ եք:

- Ոչ, դպրոց չեմ հաճախել: Գրադարան եմ գնացել: Ասում էին՝ մենք անտեսված ենք, Երեւանից գալիս են, մեզ մոտ չեն մտնում, մեզ բանի տեղ չեն դնում, դու էլ վարչապետի ենթակա կառույցի ղեկավար ես, կգա՞ս մասնակցես մեր միջոցառմանը: Գնացել եմ, մարդիկ ոգեւորվել են: Բայց դա դպրոցի գրադարան չէր, եւ մոտակայքում ոչ մի դպրոց չկար:

- Ավագանու անդամ Դաշտոյանը Ձեր նկարներն է դնում իր պատին, ամբողջ օրը Ձեր PR-ն է անում:

- Նա հասարակական աշխատող է, աշխատավարձ չի ստանում: Ինձ համակրում է, բարեկամական կապ ունենք, օգնում է, ի՞նչ կա դրա մեջ: Հիմա եթե ես վարչապետի ելույթները պատիս դնեմ, ասելու են՝ վարչական ռեսո՞ւրս է օգտագործում:

- Հասկանում եմ՝ Ձեզ պետք է, որ մարդիկ Ձեզ ճանաչեն:

- Ես շատ եմ եկել այստեղ, ուղղակի չեմ լուսաբանել: Ես Ճամբարակից եմ, իմ հարազատ մարզն է: 100 անգամ այցելել եմ ծերանոց, մարդկանց տարել եմ Սեւանի ափ՝ երգիչ-երգչուհիներով, մանկատան երեխեքին եմ եկել տեսել: Գավառում հիվանդ երեխաների տուն-ինտերնատ կա … Բայց այդ մասին ոչինչ երբեք չեմ հրապարակել:

- Հիմա, գիտեք, ՀՀԿ-ականները մեղադրում են Փաշինյանին վարչական ռեսուրսն օգտագործելու մեջ, այնպես որ՝ պատրաստ եղեք, կան այդպիսի կարծիքներ:

- Լավ են անում: Վարչական ռեսուրսն այն է, որ օպերվարչությունը մտնում էր, քրեական գլխավոր վարչությունը մտնում էր, ու ով որ ուզում էր աջակցել կամ տարածք էր տալիս մեզ, մտնում ավիրում էին, մեզ տարածքներից դուրս էին շպրտում: Մեր համախոհների օբյեկտները «վեցի» տնտեսականը մտնում փակում էր: Հարկայինի օպերվարչությունը մեր համախոհների հետեւից ընկած՝ սաղի վրա գրելով ման էր գալիս: Դա էր վարչական ռեսուրսը: Մարդկանց հանում էին գործից իրենց ձայն չտալու համար՝ քեռու տղուն, մորքուրի աղջկան: Բա ի՞նչ կանեն, կասեն: Հիմա լսե՞լ եք, որ մի հատ ոստիկան, մի հատ հարկայինի աշխատող, մարզպետարանի աշխատող, դատավոր, դատախազ, քննիչ, օպեր մեկին մի բան ասի: Հակառակը, ժողով ենք անում, ասում ենք՝ հանկարծ մեկին մի բան չասեք, անգամ ՖԲ-ով չգրեք:

- Այսինքն՝ ժամանակից շուտ չե՞ք քարոզարշավ սկսել:

- Մենք 10 տարի է՝ սկսել ենք մեր քարոզարշավը; Վարչապետը 20 տարի է՝ իր քարոզարշավն է անում: Ո՞ր պահից է հաշվառվում:

- Նոյեմբերի 26-ից:

- Իսկ 2 ամիս առաջ, 5 ամիս առաջ գործունեություն չծավալե՞ր:

- Քարոզարշավի մասին է խոսքը:

- Մենք եթե մարդկանց 5 տարի չհանդիպենք, չտեսնենք, մենակ այդ 10-15 օրը գնանք նրանց մոտ, մարդիկ կասեն՝ ձե՞ռք եք առնում:

- Բանն այն է, որ Ձեզ ընկալում են որպես իշխանություն, որը լծակներ ունի, ռեսուրսներ:

- Բայց մենք չենք ասում՝ մեզ ընտրեք, մենք քարոզ չենք անում, մենք քաղաքական գործիչներ ենք ու մարդկանց պետք է հանդիպենք, անընդհատ, 5 տարի, 20 տարի: Ես Մուկուչյանին զանգել եմ, ճշտող հարց եմ տվել: Ասել եմ՝ ո՞ր պահից սկսած մարդկանց հետ կարելի է հանդիպել կամ պաստառներ կպցնել: Նա ասել է՝ քարոզարշավ կարելի է անել միշտ: Չի կարելի անել 2 օր՝ ընտրության օրը եւ լռության օրը: Քաղաքական ուժերը նրա համար են, որ իրենց գործունեության ընթացքում անընդհատ իրենց PR-ով զբաղվեն, շփվեն մարդկանց հետ, ծանոթանան։ Դա է քաղաքական գործունեությունը: Ինձ որ մեղադրում են, ասում են՝ դու առաջ ես ընկել, ասում եմ՝ դատի տվեք ինձ, ինչո՞վ եմ առաջ ընկել: Որ գնացել եմ, գյուղի ժողովրդին հանդիպե՞լ եմ: