ՀՀԿ-ն կարող է կիրառել նախկին ընդդիմության տեխնոլոգիան

ՀՀԿ-ն կարող է կիրառել նախկին ընդդիմության տեխնոլոգիան

Առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, նրանց շանսերի, ապագա կառավարության մասին այսօր մամուլի ասուլիսում գնահատականներով հանդես եկան քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ու Գերագույն խորհրդի եւ ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ եթե անգամ երեք ամիս հետո տեղի ունենային ընտրությունները, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը շատ չէր փոխվելու։

«Խնդիրն այն է, որ նախորդ իշխանության օրոք սոցիալական հենարանն այլ էր, այդ պատճառով խորհրդարանում հայտնվում էին բիզնեսմեններ, խոշոր բիզնեսմեններ, քրեական աշխարհի հետ կապված մարդիկ, գեներալներ։ Այսօրվա իշխանության սոցիալական հենարանը փոխված է, նրանք այն մարդիկ են, ովքեր ներգրավված են հեղափոխության մեջ։ Եվ հիմա այս իշխանության համար փրկություն է, որ հիմա են անցկացվում ընտրությունները, քանի որ նրանք, ովքեր գործադիր իշխանության մեջ տեղ չունեն, հայտնվելու են խորհրդարանում։ Նիկոլ Փաշինյանը հատուցելու է իր պարտքը նրանց։ Կարծում եմ, որ գործադիրում հայտնված անձանց որոշ մասը հայտնվելու է խորհրդարանում, նաեւ աշխարհաքաղաքական պարտավորություններից ելնելով»,- նշեց Վիգեն Հակոբյանը։

Ըստ նրա՝ բացի «Իմ քայլ»-ից խորհրդարանում հայտնվելու շանս ունի նաեւ «Բարգավաճ Հայաստանը», ՀՀԿ-ն, եթե աշխատի կոնսոլիդացված։ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ կա մի X տոկոս, որը ռադիկալ դեմ է Նիկոլ Փաշինյանին եւ ուզում է գտնել այն քաղաքական ուժին, որը չի կոտրվի կես ճանապարհին եւ այս իշխանությանը դեմ կլինի նաեւ այս խորհրդարանում։ Նա հիշեցրեց, թե ինչպես էր տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ ինքը միակ ընդդիմադիր ուժն է եւ դրա համար քարկոծվում էր։ Հիմա, ըստ նրա, այդ նույն քաղաքական տեխնոլոգիան կարող է կիրառել ՀՀԿ-ն։ Քաղտեխնոլոգը նկատում է, որ «Մենք» դաշինքի ստեղծումից հետո բարդացել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության վիճակը, քանի որ նրանք նույն ընտրազանգվածի՝ լիբերալ, արեւմտյան արժեհամակարգ ունեցող ընտրազանգվածի վրա են ազդում։ Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր»-ին, ապա նրա ընտրազանգվածը ռադիկալ զանգվածն է։ ՀՅԴ-ի համար է իրավիճակը բարդ։ Նրա համար կարող էին շանսեր լինել նոր Ընտրական օրենսգրքով։