Ճշմարտության պահը
1949 թվականին հրապարակված անգլիացի վիպասան Ջորջ Օրուելի «1984» վեպում բազմաթիվ են անհեթեթ դատողությունները: Դրանցից մեկին՝ «Պատերազմը խաղաղություն է», անդրադարձել եմ ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում: Արևմտյան քաղաքական գործիչների կարծիքով այդ պատերազմին վերջ տալուև համար պետք է անդադար զինել Ուկրաինային: Եվ եթե հաշվի ենք առնում սպառազինության առումով Ռուսաստանի հսկայական պաշարները, ապա ստանում ենք պատերազմի անընդհատ շարունակում: Դրա արդյունքում էլ ստանում ենք հենց օրուելյան դատողությունը:
Ցավալի է, սակայն նույն երևույթն այլ համատեքստով առկա է նաև մեզանում: 2020 թ.-ի հուլիսյան դիրքային մարտի առնչությամբ մեկ ամիս անց Սարդարապատում հայկական բանակին դիֆերամբներ կարդացող Փաշինյանը 44-օրյա պատերազմի պարտությունից հետո բռնեց պարտադրված խաղաղության ուղին: Ինչը հանգեցնում է ոչ թե հենց խաղաղության, այլ անընդհատ պատերազմների: Եվ արդյունքում ստացվում էր, որ «խաղաղության դարաշրջանի մեկնարկը» տվող Փաշինյանն անընդհատ ավեր ու զոհ էր բերում մեր երկիր: Հատկապես որ անցած երկու տարում համարյա ոչինչ չարվեց պետության սահմաններն ու անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ: Ինչը գոնե կնվազեցներ մեր մարդկային ու տարածքային կորուստները:
Իսկ որ ինքը պետք է պատերազմներ բերեր՝ դա ավելի քան բնական երևույթ է՝ որքան էլ տհաճ հնչի մեզ համար: Բնական է, որովհետև ադրբեջանաթուրքական ագրեսիվ միջավայրում պարտվելուց հետո խաղաղություն ցանկացողը պետք է ստանար հենց պատերազմներ: Որովհետև այդ միջավայրում դա դիտվում է որպես թուլության արտահայտություն, և թշնամին փորձում է քամել առավելագույնը: Մեր խնդիրը բարդանում է այն հանգամանքով, որ երկիրը ղեկավարում է այնպիսի մեկը, որն անսասան է մեր ժողովրդի պատմության իր չիմացության հարցում: Եթե իմանար, ապա մի փոքր կմտածեր նախքան պարտված վիճակում խաղաղություն քարոզելը: Դա՝ մեկ, և երկու՝ անսասան է նաև իր սխալները որպես ճշմարտացիություն ընկալելու և ներկայացնելու հարցում: Հիմարի տեղ դնելով իրեն հավատացող զանգվածին:
Մեր խնդիրը կրկնակի բարդանում է նաև այն հանգամանքով, որ այդ անձը ժողովրդավարության անվան ներքո Հայաստանում հաստատել է բռնատիրական կարգեր: Ապահովելով սեփական անձի և ընտանիքի անվտանգությունը՝ խեղճացրել է բոլոր այն պետական կառույցների ղեկավարությանը, որ կարող էին երկիրն ազատել նրանից: Ինչում մեղքի իրենց բաժինն ունեն նաև նախկինները: Նախկինների վրա անընդհատ քրեական գործեր կարելով՝ մտքում ենթադրաբար շնորհակալ է նրանց իր իշխանությունն ամրապնդող սահմանադրական կարգավորումների համար: Երկրի տնտեսությունը զարգացնելու և անվտանգությունն ապահովելու փոխարեն պետական բյուջեն վատնում է գյուղական ճանապարհների վերանորոգման և լուսավորության անցկացման վրա: Էլ չեմ խոսում ամանորյա տոնակատարության մասին:
Կարծիքներ