«Ա1»-ը զավակս է, ժամանակն է՝ պապայից մի քիչ հեռանա, պապան էլ գնա իր ծննդավայր՝ Հանրային, զբաղվի իր հիմնական աշխատանքով

«Ա1»-ը զավակս է, ժամանակն է՝ պապայից մի քիչ հեռանա, պապան էլ գնա իր ծննդավայր՝ Հանրային, զբաղվի իր հիմնական աշխատանքով

«Հրապարակ» -ի հարցազրույցը «Ա1 պլյուս»-ի հիմնադիր նախագահ, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի թափուր անդամի մրցույթին մասնակցելու մտադրություն ունեցող Մեսրոպ Մովսիսյանի հետ

- Պարոն Մովիսիյան, հաստատել էիք, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի թափուր անդամի մրցույթին մասնակցելու եք։ Նախ, հեղափոխությունից հետո Հանրայինը  Ձեզ դո՞ւր է գալիս

-Չէի ասի, որ ամենավատ ծրագրերն ունեցող հեռուստաընկերությունն է, սակայն անձամբ մտածում եմ, որ Հանրային հեռուստաընկերությանը մի քիչ պակասում է հանրության հետ կապը և Հանրայինը պետք է հիմնված լինի հանրության ու հանրության պահանջների կատարման վրա։ Սա մի քիչ պակասում է և սա հարկավոր է շտկել, որպեսզի հանրության հետ կապն ավելի սերտ լինի։

-Կներկայացնե՞ք Ձեր ծրագիրը մի քիչ ավելի մասնագիտական ու մի քիչ ավելի սպեցիֆիկ ուղղություններով։

-Չեմ կարող շատ չակերտներ բացել, քանի որ ծրագիրը լիովին պատրաստ չէ, այն, ինչ հիմա գրում եմ։ Եվ երևի թե  մինչև մրցույթը չակերտներ բացելն էլ սխալ կլինի։ Ի վերջո, մրցույթի եմ գնալու և նախօրոք մտքեր, գաղափարներ չբացենք, չասենք՝ ինչո՞վ ենք գնում, ինչ բագաժ ունենք մեզ հետ։ Ասեմ, որ սա իմ համար շատ հետաքրքիր աշխատանք է, որովհետև,ե ս հայկական  հեռուստատեսությունը  համարում եմ իմ ծննդավայրը, այնտեղ աշխատել եմ 1969 թվականից՝ սկսելով ռեժիսորի օգնականից, անցել եմ բոլոր աստիճաններով, ճանաչում եմ, գիտեմ։ Համոզված եմ, որ շատ բան չի փոխվել, հեռուստատեսությունը՝ մշակված, արդեն մոտ 80 տարի աշխատում է, և նոր հեծանիվ հնարելու կարիք էլ չկա։ Նոր հաղորդումներ կարելի է հնարել, բայց հեռուսատեսային  նոր ստրուկտուրաներ հնարելը երևի թե սխալ է, որովհետև սա կա, մշակված է ամբողջ աշխարհում։ Քանի որ կա այդ ցանկությունը և կա էներգիա, ինչո՞ւ չէ, որ։

-Ձեր առաջադրումը մի քիչ խորհրդանշական է, երբ հայտ եք ներկայացնում  փոխարինելու  Ձեր  «թույլիկ» ծրագրերը հաղթած Ռուբեն Ջաղինյանին։ Ինչ ե՞ք կարծում, այստեղ կա՞ այսպես ասած՝ արդարության վերականգնման ինչ-որ խնդիր, նպատակ՝ հետհեղափոխական Հայաստանի տրամաբանության մեջ։

-Ես դա, իհարկե, չէի որակի՝ արդարության վերականգնման խնդիր, որովհետև  «Ա1պլյուս»-ի խնդիրն ուրիշ է, Հանրայինինը՝ ուրիշ։Ես՝ որպես քաղաքացի, ընտրություն կատարեցի նրանում, ինչ ունեմ։ Ես ունեմ ծննդավայր և ունեմ ՝ զավակ։  «Ա1 պլյուս»-ն իմ զավակն է,արդեն հասունացել է, ինքնուրույն գործելու հնարավորություն ունի, և, երևի, ժամանակն է, որ պապայից մի քիչ հեռանա, իսկ պապան գնա իր ծննդավայրն ու զբաղվի իր հիմնական աշխատանքով։

-Վերջին շրջանում հաճախ կոչեր են հնչում, որ իշխանությունները  հաճախությունների նոր մրցույթներ անցկացնեն, վերանայեն հեռուստատեսային դաշտում ստեղծված վիճակը։ Ձեր կարծիքով՝ նման մրցույթներ պե՞տք է հայտարարվեն և եթե, այո, ապա դրանց  «Ա1 պլյուս»-ը պե՞տք է մասնակցի։

-Դա կախված է գալիք տարվա հաջողություններից․ եթե այն, ինչ պլանավորել ենք այս տարվա համար, իրականացնենք և հաջողենք, անպայման մասնակցելու ենք։ Արդյունքի մասին  դեռ չենք մտածում, որովհետև դա էլ է մրցույթ, ոնց կստացվի, ցույց կտա ժամանակը։Բայց մտադրությունը կա և դրան պատրաստվում ենք։ Եվ դրա համար ուժ ենք հավաքում, հիմա ավելորդ էներգիա չենք վատնում, պատրաստվում ենք լիցքավորվել և ավելի հզոր տեսքով ներկայանալ մրցույթի, որ, առհասարակ, որևէ խոսակցություն «թույլիկ» ծրագրերի վերաբերյալ չլինի։ Տեսնենք,ոնց կստացվի։

-Հեղափոխությունից հետո, ճակատագրի հեգնանքնով, Հանրայինից դժգոհում են հենց հանրապետականները, նշելով, որ իրենց քիչ է եթեր է տրվում։ Տպաորություն է, որ նախկինից ոչ պակաս։ Այստեղ ինչ-որ բան պատրաստվո՞ւմ եք անել։

-Չէի  ասի, որ Հանրային հեռուստատեսությունը ամբողոջովին պաշտպանում է ղեկավարությանը, նրանց վարած քաղաքականությունը կամ ամբողջովին նրանց է նվիրված։ Կարող է՝ ինչ-որ թերություններ կան, բայց համոզված եմ, որ Հանրայինը պետք է միայն մեկ բան պաշտպանի՝ հանրության շահերը։ Եվ միայն, այսպես ասած՝ 1 տաբուի, մեկ օրենքի պետք է ենթարկվի և դա հանրության պահանջն է։ Իսկ ղեկավարությունը թող զբաղվի իր գործով՝ հիմնվելով հանրության կարծիքի վրա։

-Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի մրցույթին  մասնակցելու և ընտրվելու պարագայում, ենթադրում եմ, որ  հրաժարական եք տալու  «Ա1»-ի ղեկավարի պաշտոնից։ Ո՞ւմ եք թողնելու «Ա1»-ը, ո՞վ է այն ղեկավարելու։

-«Ա1»-ը ղեկավարներ շատ ունի։ Այստեղ ես հիմա կատարում եմ միայն գաղափարական  ուղղվածության աշխատանք․ հիմնական ֆիզիկական աշխատանքն ու ամենածանր գործը արվում է ինքնըստինքյան, որովհետև մեխանիզմն աշխատում է, աշխատում է վաղուցվանից և այն կշարունակի աշխատել։ Ասյտեղ աշխատում է նաև իմ կինը, իմ որդին և մենք ունենք լավ ղեկավար-պրոդյուսեր, որոնք կշարունակեն աշխատել, այնպես, ինչպես աշխատել են։