Ճիշտ ես ասում, թա՛սդ բեր

Ճիշտ ես ասում, թա՛սդ բեր

- Տեսնես վարչապետն ինչո՞ւ է Ձենով Օհանի պես գոռում Թումանյանի 150-ամյակի առիթով: Թումանյանը կգերադասեր, որ նա հանդարտ, խաղաղ ու բարի տոնով խոսեր, առանց մատ թափ տալու, ձեռքի մտրակող շարժումի,- ասում է իր գլխում գիտնականի աղքատությունը հաղթահարած ու լազերային հետազոտություններից Աստված գիտի, թե որ ոլորտը հայտնված ամուսինս: Նա տանել չի կարողանում ճառերը, հատկապես ձայնի ողջ դիապազոնով, ճիչ-աղաղակով արտաբերվող ճառերը:

Բայց ես ասում եմ՝ կեցցես, բրավո: Երկրիդ ղեկավարը նորից բացառիկ օրինակելի վարքագիծ դրսեւորեց ու խորին խոնարհումով գետնից վերցրեց աղբը, եւ դա այնքա՜ն խորհրդանշական ու այնքա՜ն իմաստուն քայլ էր թումանյանական տոնակատարության պահին: Վստահ եմ՝ վաղը աշխարհի բոլոր առաջատար լրատվամիջոցները կհրապարակեն նկարը, տեսանյութը՝ «no comment» տեսաշարերում: Իսկ Թումանյանի հանգույն իրեն տիեզերքի տերը զգացող Հայաստանի քաղաքացին հպարտությունից լաց կլինի:

- Ով ասես, սխալ կարող է լինել, բայց մեր վարչապետը ճիշտ է,- պատասխանում եմ ես,- բա ինչպե՞ս արթնացնի ինքնավստահությունը հուսալքվածների մեջ, քայլելու կարողությունը՝ անկյալների մեջ, մտածելու կարողությունը՝ բթացածների ու շշմածների մեջ, հարստանալու ու բարեկեցիկ ապրելու բնական մղումը՝ աղքատ գլուխների մեջ, ոտքի կանգնելու հավատը՝ անդամալույծների մեջ, արժանապատվությունը՝ ենթագիտակցության մեջ, մի խոսքով, Երկիր Նաիրին՝ Մազութի Համոյի գլխի մեջ:

Սասունցի Դավթի դուխով մեր վարչապետը արթնացումի հրովարտակ տարածեց, վեր կենալու ու քայլելու խորին փիլիսոփայական հրովարտակը՝ Թումանյանի պատվիրաններով իմաստնացած: Տրանսֆորմացված գլուխներով ոտքի ելած, խելագարված ամբոխները պիտի ընթանան դեպի լուսապսակ առավոտները: Պարզապես հրաշալի է:

Լոռվա սարուձորը թնդաց, Դեբեդը փրփրեց, ու երկինքը դղրդաց:

Ափսոս, հազար ափսոս, որ Նիկոլ Փաշինյանը չի եղել մեր նորանկախ երկրի առաջին ղեկավարը: Հիմա կունենայինք ուրիշ Հայաստան՝ շեն, հարուստ ու երջանիկ Հայաստան: 
Ափսոս, հազար ափսոս, որ վարչապետի խանդավառ, իմաստուն կոչը խլացավ անմշակ, ստերջ դաշտերի ու անպտուղ այգիների ամայության մեջ, խեղդվեց կողպված, դատարկ տների մորմոքի մեջ: 

Զավակները վաղուց վեր են կացել ու ո՛չ թե քայլել, այլ չվել են հյուսիս ու հարավ, աջ ու ահյակ, Դուք դարձի կոչ արեք, պարոն վարչապետ, ու արեք դիմավորելու քայլ:
Ձեր խանդավառ վիճակագրության մեջ մի տող էլ ավելացրեք. քանի՞ կողպված տուն կա էս օրհնյալ երկրում, էս Թումանյանի երկրում, քանի՞ զավակներից դատարկված տուն, որտեղ միայն հիվանդ ու կարոտախտով տառապող ծերունիներ են կուչ եկած: Մի՞թե Ձեր կոչը նրանց է ուղղված: 
Հաշվեք, հաշվեք, պարոն վարչապետ, թվաբանական պրոգրեսիայի ինչ գործակցով են նվազում ամուսնությունները, ծնունդները, աշակերտների թիվը նույն  Լոռվա մարզում: Հաշվեք, թե գլխում աղքատությունը հաղթահարելու անզոր ճիգերը քանի նոր կպչուն մտքեր կծնեն օտար ափերում բախտ որոնելու մասին, քանի ճամպրուկային միտք կգեներացվի: Կառավարության ծրագրի ո՞ր ենթատեքստում, ո՞ր տողատակում, ո՞ր փակագծում է թաքնված, օտար երկրներում իրենց գլուխների աղքատությունը հաղթահարած երկրի զավակների հայրենադարձության Ձեր տեսլականը, որ խանդավառությամբ հռչակեցիք, զարմանահրաշ ապրիլին:
Լոռիում ապրող մայրս ամեն աշուն նայում է այգու ծառերին ու հիշում է Պարույր Սեւակի տողերը.

Հավաքող չկա, նույնիսկ գող չկա:

Կարծում եք «Իմ քայլի» ֆլեշմոբը տպավորի՞չ էր: Այսօր ամբողջ հայությունն էր Թումանյան արտասանում, բայց ամենատպավորիչը խելքումիտքը իրար խառնած, աչքերը ջուր առած ծնողների չարտասանած քառյակն էր.

Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր.

Անդարձ ու հին ճամփաներ,

Ովքե՞ր անցան ձեզանով,

Ո՞ւր գընացին, ճամփաներ։

Քրիստոսը բժշկելուց հետո միայն ասաց՝ վեր կաց ու քայլիր, ափսոս, Դուք մոռացաք Թումանյանի գլխավոր պատգամը՝ «Գործն է անմահ»: Նախ գործեք, բժշկեք, ձեռք մեկնեք, ճամփա ցույց տվեք ու հետո պատգամեք՝  դղրդացնելով երկինք ու երկիր:

ՀԳ. Ու վերջում Թումանյանի վերջին խոսքը, վերջին պատգամը․ «Ղոչաղ կացեք»:
«Ղոչաղ կացեք», պարոն վարչապետ: 

Էվելինա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ