Վլադիմիր Գասպարյանն անհանգստանալու առիթ չունի

Վլադիմիր Գասպարյանն անհանգստանալու առիթ չունի

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անունը մի քանի անգամ շոշափվեց տարբեր քրեական դեպքերի հետ կապված, սակայն դատախազությանը մոտ շրջանակը տեղեկություն է փոխանցում, որ նախկին ոստիկանապետը հաջողացրել է նոր իշխանավորների սիրտը շահել: Նրա նկատմամբ ակնհայտ մեղմ վերաբերմունք կա: Նրան «մաքրում» են: Քրեական գործեր նրա դեմ չեն հարուցվում, մեղադրանքներ չեն առաջադրվում, անգամ հարցաքննության չեն կանչում: 
Քննչական գործողություններ գրեթե չեն իրականացվում, օրինակ, հանցաշխարհում հայտնի հեղինակություն Կանեւսկոյի՝ Արտյոմ Հարությունյանի կեղծ անձնագրի գործով: «Մանր-մունր գործողություններ են անում, նորություն չկա»,- հայտնեց նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը: Անցյալ տարվա հունիսին ոստիկանները մտել էին գողականների տները եւ զենք, զինամթերք, թմրամիջոցներ հայտնաբերել: Կանեւսկոյի բնակարանից հանել էին հրացան, փամփուշտներ, մի քանի օրից էլ ԱԱԾ-ն մտել էր Հալաբյան փողոցում գտնվող նրա գրասենյակը եւ խուզարկությամբ հայտնաբերել նրա լուսանկարով եւ այլ անուն-ազգանունով կեղծ անձնագիր, որը, ըստ գործի նյութերի, նրան տրվել էր Էջմիածնի անձնագրային բաժնում: Հարությունյանին ձերբակալեցին հուլիսի 1-ին, հետագայում բաց թողեցին 20 մլն գրավի դիմաց:

Պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար (Քրօր․ 308-րդ հոդվածով) մեղադրանք առաջադրվեց Վաղարշապատի անձնագրային վարչության նախկին պետ Պերճ Խաչատրյանին: Գասպարյանի տեղակալ Անուբախ Համբարյանն ու անձնագրերի վարչության պետ Բիչախչյանը հայտարարեցին, որ իրենք զեկուցել են վերադասին, եւ նրա հանձնարարությամբ է տրամադրվել անձնագիրը, և միևնույն է, գործով միակ մեղադրյալը մնաց Վաղարշապատի անձնագրայինի պետ Պերճ Խաչատրյանը: Տեղեկություն կա, որ Վլադիմիր Գասպարյանն այս գործով ընդամենը բացատրություն է տվել, կարողացել է համոզել մեր ԱԱԾ քննիչներին, որ ինքն ի խորոց սրտի ատում է «գողականներին», հետեւապես, չէր կարող կապ ունենալ այս գործի հետ, եւ եթե Կանեւսկոյը կեղծ անձնագիր է ստացել, ապա դա եղել է երկրի նախագահի անմիջական գիտությամբ եւ հրահանգով: 

ԱԱԾ մամուլի կենտրոնից խոստացան շուտափույթ կարգով տեղեկություն տրամադրել այս գործի մասին, որը ստանալուն պես կհաղորդենք: Նախկին ոստիկանապետն անսպասելի հաջողություն ունեցավ նաեւ 3 մլն դոլարանոց առանձնատունը 200 հազար դոլարով ձեռք բերելուն առնչվող քրեական գործով: Ըստ դատախազության, այս գործով եւս Վլադիմիր Գասպարյանը դատավարական կարգավիճակ չունի, թեեւ նախաքննությունը շարունակվում է: Փաստորեն, կես տարում Գասպարյանը ոչ մի անգամ չի հարցաքննվել գոնե որպես վկա: Այս գործով էլ է, որը քննում է ՀՔԾ-ն, լիարժեք գաղտնիություն պահվում, թեեւ հայտնի է, որ ինչ-որ մարդիկ հարցաքննվել են: 
Անցյալ տարեվերջին Քննչական կոմիտեն հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքով:

ՔԿ-ն տվյալներ էր ձեռք բերել, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ոստիկանության նախկին պետը խոստացել է օգնել Երեւան-Աբովյան երթուղին իրականացնող «Քինգ դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջը, որը մրցակցության մեջ էր Գագիկ Ծառուկյանի «բարեգործական ավտոբուսների» հետ, եթե նա ԱԺ ընտրություններում աջակցի Հանրապետական կուսակցությանը: Քննչական կոմիտեն տվյալներ էր ձեռք բերել, որ Վլադիմիր Գասպարյանը խոստացել էր իր ենթակաների՝ ոստիկանության աշխատակիցների միջոցով խոչընդոտել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի վարորդներին եւ չգրանցել «Քինգ դելյուքսի» վարորդների թույլ տված ՃՈ խախտումները: Հիշեցնենք, որ  հետագա տարիներին «Քինգ դելյուքս» եւ «Տրանս կոմֆորտ» ընկերությունները բարեգործական ավտոբուսների պատճառով զրկվեցին Աբովյան-Երեւան, Չարենցավան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ ուղեւոր տեղափոխելու եւ գումար վաստակելու հնարավորությունից ու սնանկացան: Իսկ 2015 թվականից նույն երթուղիները սկսեց սպասարկել ԲՀԿ նախագահի «Մուլտի ավտոտրանս» ՍՊԸ-ն: Այս գործի քննությունը միառժամանակ իրականացվում էր Քննչական կոմիտեում, հետագայում այն ամբողջությամբ տեղափոխվեց ՀՔԾ՝ մեզ հայտնեց ՔԿ խոսնակ Նաիրա Հարությունյանը:

Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը կոմիտեի հաղորդած տեղեկությունները դրանց տարածման օրը՝ դեկտեմբերի 18-ին, անվանեց սուտ ու զրպարտություն: Իսկ մեզ հետ կարճ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ իր պաշտպանյալը մեր թվարկած գործերից որեւէ մեկով դատավարական ոչ մի կարգավիճակ չունի: «Վլադիմիր Գասպարյանը պաշտպանության կարիք չունի, ես ընդամենը նրա փաստաբանն եմ, մեկ-մեկ խորհուրդներ եմ տալիս»,- ճշտում մտցրեց Աթանեսյանը: Նա նաեւ հայտնեց. «Գործերի նախաքննության ընթացքի վերաբերյալ կարող եք հետաքրքրվել նախաքննության մարմիններից: Պարոն Գասպարյանը, առհասարակ, անհանգստանալու որեւէ առիթ չունի»: Նախաքննության մարմիններն այնքան էլ հակված չէին մեր հետաքրքրությունը բավարարելու: ՀՔԾ-ից ընդամենը տեղեկացանք, որ «Քինգ դելյուքսի» եւ առանձնատան գործերով նախաքննությունը շարունակվում է: ՀՔԾ աղբյուրը հայտնեց, որ առանձնատան գործով սպասվում է, որ Վլադիմիր Գասպարյանին պետք է հարցաքննեն, իսկ ՔԿ աղբյուրը հայտնեց, որ նա հարցաքննվել է Քննչական կոմիտեում: