«Անվտանգության արդի հիմնախնդիրները» միջհանրապետական գիտաժողով Եվրոպական համալսարանում

«Անվտանգության արդի հիմնախնդիրները» միջհանրապետական գիտաժողով Եվրոպական համալսարանում

Այսօր՝ մարտի 26-ին Եվրոպական համալսարանի նախաձեռնությամբ կայացավ «Անվտանգության արդի հիմնախնդիրները» խորագրով գիտաժողով, որը մի հարկի տակ էր համախմբել գիտական և ակադեմիական հանրույթի շուրջ հարյուր մասնակիցների: Գիտաժողովի նպատակն էր քննարկել և վերհանել անվտանգային համակարգի բազմաշերտ խնդիրներ և դրանց տալ գիտական եզրահանգումներ և մեկնաբանություններ:
Գիտաժողովի բացման խոսքով հանդես եկավ ԵՀ ռեկտոր Հեղինե Բիշարյանը, ով  ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ընդգծեց, որ Եվրոպական համալսարանը ունենալով բարձր գիտական և հետազոտական ներուժ, տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավված պրակտիկ մասնագետներ, փորձելու է այս գիտաժողովի շրջանակներում տնտեսության առաջնային խնդիր համարվող անվտանգության հիմնահարցին տալ գիտական գնահատականներ և մոտեցումներ:

«Նախնական շրջանում, երբ պլանավորում էինք գիտաժողովը և նախագծում ուղղությունները, պարզ դարձավ, որ մեր երկիրը գտնվում է այնպիսի բախտորոշ իրավիճակում, անվտանգության խնդիր կան երկրի բոլոր ոլորտներում սկսած տնտեսությունից, քաղաքականությունից, առողջապահությունից, կրթությունից, մշակույթից, քաղաքաշինությունից և ճարտարապետությունից, վերջացրած տեղեկատվական, սոցիալ մեդիա անվտանգությունից»-նշեց ԵՀ ռեկտորը, ինչպես նաև անդրադարձավ նշված ոլորտներում առկա անվտանգային արդի խնդիրներին:

«Կարծում ենք, որ գիտնականներն ու հետազոտողները այսօր իրավունք չունեն լռելու և անմասն մնալու և այս գիտաժողովը կծառայի որպես գործուն հարթակ երկրի կարևոր ոլորտներում խնդիրների վերհանման և գիտական մոտեցմամբ և հետազոտական հենքով լուծումների առաջադրման համար»-ԵՀ ռեկտոր՝ Հեղինե Բիշարյան:
Հաջորդիվ ողջույնի խոսք հղեց Եվրոպական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Գոռ Մանասյանը, ով ամփոփ ներկայացրեց գիտաժողովի ծրագիրը՝ նշելով, որ այն բաղկացած է հինգ սեկցիաներից, որոնք ընդգրկում են քաղաքական, տնտեսական, սոցիալ-հոգեբանական, մշակութային և բնապահպանական, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության թեմատիկ ոլորտները: 

Պլենար նիստի ընթացքում բանախոսեցին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Դանիելյան Վահեն, «Սննդամթերքի անվտանգության հիմնախնդիրները» թեմայով, Երևանի քաղաքապետարանի Տուրիզմի բաժնի պետ Օրբելյան Գևորգը՝ «Մշակութային անվտանգությունը Արցախյան պատերազմի համատեքստում» թեմայով,  ԵՀ Միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս, պ.գ.թ., դոցենտ Կարապետյան Ռոմանը՝ «Տարածաշրջանային անվտանգության նոր մարտահրավերները արցախյան երկրորդ պատերազմից հետո» թեմայով:

Պլենար նիստի ավարտին ելույթով հանդես եկան Գիտաժողովի կազմկոմիտեի անդամներ տնտ. դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Վահանյանը և տնտ. դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:
Պարոն Գ. Վահանյանը բարձր գնահատելով բուհի նախաձեռնությունը՝ ներկաների  ուշադրությունը հրավիրեց հայկական ինքնության վերագնահատման հարցերին՝ ադրբեջանական պրոպագանդայի համատեքստում՝ որպես ազգային անվտանգության և ինքնության պահպանման հիմնահարց, մասնավորապես խոսելով վերջին շրջանում հայտնաբերված հայական որմնանկարների վրա առկա հազարամյակներ առաջ արված գրային համակարգի մասին, որը Թորգոմյան և Ասքանազյան ազգի գոյության վառ վկայությունն է:

Պարոն Թ. Մանասերյանը ևս շեշտադրեց ազգային ինքնության կարևորությունը՝ նշելով, որ նյութական մշակութային ժառանգությունից ոչ պակաս կարևոր է նաև ոչ նյութական մշակույթի արժևորման խնդիրը: Միաժամանակ պրոֆեսորը փաստեց, որ նման քննարկումների արդյունքում Եվրոպական Համալսարանը հանդես է գալիս ոչ միայն պարզապես բուհ, այլև որպես ուղեղային կենտրոն:

Մասնակիցները բարձր գնահատեցին բուհի նախաձեռնողականությունը երկրի համար դժվար ժամանակներում համակարգային մոտեցում ցուցաբերելուն այնպիսի կարևոր հարցի շուրջ, ինչպիսին անվտանգությունն է: 
Նշենք, որ գրեթե 20 տարի առաջ Հայաստանի կառավարությունը եվրոպական երկրների մի շարք հեղինակավոր բուհերի հետ համատեղ հիմնադրեց Եվրոպական համալսարանը, որը այսօր հավակնում է դառնալ Հայաստանյան առաջատար բուհերից մեկը:

Եվրոպական համալսարանի կոմունիկացիաների դեպարտամենտ