Հայհոյանքների ցանկն էլ, երևի, Մեղրիի քաղաքապետն էր տրամադրել

Հայհոյանքների ցանկն էլ, երևի, Մեղրիի քաղաքապետն էր տրամադրել

Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ, անցնում է անթիվ-անհամար հայհոյանքների ու բողոքի ակցիաների ներքո։ Սյունեցիներն իրենց բառամթերքի ողջ ուժով վերաբերմունք են արտահայտում մի մարդու հանդեպ, ում մեղադրում են դավաճանության, Արցախը թուրքին հանձնելու, Սյունիքի անվտանգությունը խաթարելու եւ Ադրբեջանին միջանցք տալու պատրաստակամության համար։ Նրան հատկապես բուռն են դիմավորել Մեղրիում և Ագարակում։ Այս քաղաքների բնակիչներն ամենավերջին սեռական հայհոյանքներով էին արձագանքում Փաշինյանի ողջույններին, այն աստիճան, որ նա կեսից նստեց մեքենան ու փախավ։ Այս ամենին մենք հետեւեցինք ուղիղ եթերով եւ հասկացանք, որ սա սյունեցիների կողմից ինքնաբուխ էր՝ իրենց սրտի խոսքը, իրենց վրդովմունքը արտահայտելու առիթ։ Բայց, արի ու տես, որ Հայաստանում կան լրատվական կայքեր, որոնք սյունեցիների այս ինքնաբուխ դրսևորումների մեջ ՀՀԿ-ականների եւ Սյունիքի համայնքապետերի մեղքի բաժինն են տեսնում։ Ոչինչ, որ իրենց նշած համայնքապետը, այս դեպքում՝ Մեղրիի, նախկին ՀՀԿ-ական է, կարեւորը ՀՀԿ-ի անունը շոշափելն է։ Օրինակ՝ ակնհայտ պրոիշխանական ուղղվածության մի նորաբաց կայք՝ civic.am անունով, այսպիսի հոդված է հրապարակում․ «Ագարակում սադրանքների մասնակիցներին ու վարչապետին հայհոյողներին բերել է նախկին ՀՀԿ-ական, Մեղրիի գործող քաղաքապետը» եւ այս անհայտ կայքի հրապարակումը տարածում է Փաշինյանի «Հայկական Ժամանակը»՝ Armtimes.com-ը։ 

Ըստ նշված կայքի տեղեկությունների՝ սադրանքների կամակերպիչը Մեղրիի քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական, այժմ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Մխիթար Զաքարյանն է։ «Հենց նա է իր խմբին բերել վարչապետի դեմ, թեև փորձում է ներկայանալ որպես հանդարտեցնող»,-գրել են հոդվածում։

Իհարկե, ցանկացած լրատվամիջոց ինքն է որոշում՝ ինչ հոդված գրի, ինչ վերլուծություն անի, և այստեղ խնդիրը հոդվածը չէ, այլ այն, որ իշխանությունները, փաստորեն, լրատվամիջոցներով փորձում են ցույց տալ, թե իբր Նիկոլ Փաշինյանը Սյունիքում բարձր վստահություն ունի, և եթե չլիներ նախկին ՀՀԿ-ական քաղաքապետը, որևէ սյունեցու մտքով չէր անցնի նրա դեմ ակցիա անել, հայհոյել, նրան թուրք ու դավաճան անվանել։ Այսինքն՝ իշխանությունը սյունեցիներին թերագնահատում է, կարծում է, որ սյունեցին թասիբ, արժանապատվություն, սեփական խելք ու գիտակցություն չունի, որ որոշի՝ ում ինչպես դիմավորի, ինչպես վերաբերվի իրերին ու երևույթներին, նաև հերոսներին ու դավաճաններին։ Փաստորեն, ըստ իշխանական տրամաբանության, այդ հայհոյանքներն էլ էր Մեղրիի՝ նախկին ՀՀԿ-ական քաղաքապետը հուշել սյունեցիներին։ Հավանաբար, առավոտ վաղ հայհոյանքների ու վիրավորանքների ցանկ էր տրամադրել Մեղրիի բնակիչներին, որ նրան կասեք թուրքի շուն, դավաճան։ Երեւի ենթադրում են, որ նախկին ՀՀԿ-ական քաղաքապետն իր նախկին կուսակցությունից՝ ՀՀԿ-ից, դեռ գիշերը ճշտել է իր անելիքները, հայհոյանքների համապատասխան ցանկ ստացել, ապա այն համաձայնեցրել իր նոր կուսակցության՝ «Վերածնվող Հայաստանի» ղեկավարության հետ, հետո դրանք բաժանել սյունեցիներին, որ նախշեն Նիկոլ Փաշինյանին։ Խելքի աշեցեք։